Մարդկային ուղեղը հնարավորություն ունի ինֆորմացիան ստանալու տեսողության, լսողության և շոշափելիքի միջոցով: Սակայն ինֆորմացիայի գերակշիռ մասը՝ շուրջ 80%-ը, մենք ստանում ենք տեսողության շնորհիվ: Պետք է մանկուց հոգ տանել աչքերի մասին, քանի որ աչքերն ապահովում են ճիշտ կողմնորոշումը, կենցաղային և աշխատանքային առաջադրանքների արագ և որակյալ կատարումը, նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերումը:
20-րդ դարի վտանգը
Ներկայիս կյանքը և աշխատանքն անհնար է պատկերացնել առանց համակարգչի և հեռուստացույցի: Գալով գրասենյակ` մենք միացնում ենք համակարգիչը և անցկացնում դրա առջև ամենաքիչը 8 ժամ: Ծանրաբեռնված աշխատանքից վերադառնալով տուն` հարմարավետ նստում ենք բազմոցին և նայում սիրելի հեռուստահաղորդումը կամ նորից միացնում համակարգիչը: Ոչ ոք չի բացառում այդ հայտնագործությունների անհրաժեշտությունը և օգտակարությունը, չէ՞ որ դրանք են աշխատանքը դարձրել դյուրին և հարմար: Սակայն մոտ տարածությունից էկրանի դիմաց երկար նստելը վատ է անդրադառնում տեսողության վրա:
Համակարգչով աշխատելիս՝ հայացքը ֆիքսում ենք որոշակի օբյեկտի վրա և այլևս այլ ուղղության վրա չենք կենտրոնացնում: Ուշադիր հետևելով էկրանին, մենք հազվադեպ ենք թարթում, որը չորացնում է աչքի լորձաթաղանթը: Ցավոք սրտի, տեսողության մեջ փոփոխություններն ուշ են իրենց զգացնել տալիս, և մենք դիմում ենք ակնաբույժին այն ժամանակ, երբ աչքերում զգում ենք չորություն, տեսողության վատացում, գլխացավ:
Դեռ փոքրուց մեզ ասել են. «Հեռուստացույցին այդքան մոտ մի՛ նստիր»: Այս խորհուրդը շատ օգտակար է: Աչքերի և համակարգչի միջև հեռավորությունը պետք է լինի 70սմ-ից ոչ պակաս: Հեռուստացույցի և դիտողի միջև հեռավորությունը պետք է լինի մեկ մետրից ոչ քիչ, և ավելի լավ է հեռուստացույց դիտել նստած, այլ ոչ պառկած վիճակում: Հեռավորության պահպանման և նստած դիրքի շնորհիվ՝ աչքի մկանները շատ չեն լարվում: Ժամանակ առ ժամանակ պետք է աչքերը հեռացնել էկրանից և նայել հեռու:
Եթե ցանկանում եք աչքերը հանգստացնել, ապա ամուր փակեք աչքերը, ապա լայն բացեք: Այս վարժությունը կրկնեք մի քանի անգամ: Մյուս խորհուրդն է՝ հաջորդաբար նայել վերև և ներքև: Այս վարժություններն օգտակար են աչքերի մկանների և նյարդերի համար և կանխում են մի շարք աչքի հիվանդությունների առաջ գալը: Երբ աչքերը հոգնում են, ապա բացեք պատուհանը և թույլ տվեք, որ թթվածինը սնուցի ձեր աչքերը:
Երբեք մի տրորեք աչքերը, քանի որ մանրէների մուտքն աչքի լորձաթաղանթ կարող է լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ: Եթե աչքերը բորբոքված են, ապա լվացեք թեյի կամ երիցուկի թուրմով: Հետևեք այս պարզ խորհուրդներին, և թող որ ձեր աչքերը միշտ լավ տեսնեն: