ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան:
Այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ կդնի հուշակոթողին և հարգանքի տուրք կմատուցի:
Այցի շրջանակներում վարչապետը կհանդիպի Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և կայցելի Հովհաննես Թումանյանի տուն գիտական, մշակութային կենտրոն:
Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում ներկա կգտնի Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակին նվիրված միջոցառումներին՝ հոբելյանին նվիրված հուշատախտակի բացման արարողությանը և կազմակերպված ընդունելությանը: Նախատեսվում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցերը Ջավախք, Նինոցմինդա ու Ախալքալաք և հանդիպումներն այնտեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ»:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Վարչապետի որոշմամբ և իմ համաձայնությամբ ընդգրկվել եմ հայկական պատվիրակության կազմում, որը մեկնում է Թբիլիսի, մասնակցելու մայիսի 30-31 վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցին Վրաստան։ Ինչպես բազմիցս նշել եմ, պատրաստ եմ տարիների ընթացքում կուտակած գիտելիքներով և փորձով ծառայել Հայաստանի Հանրապետությանը, մեր ժողովրդին, մեր միասնական ազգային և պետական շահերին։ Արտերկրում խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում համատեղ աշխատանքը երբեք չի կաշկանդելու ինձ ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իմ քաղաքական տեսակետները հայտնելուց»: