Գյուղապե՞տ, թե՞ գողական. աղմկահարույց կրակոցների մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 27-ին կրակոցներ էին հնչել Արագածոտնի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոն էր տեղափոխվել 4 քաղաքացի` Կարբի գուղի բնակիչներ 59-ամյա Վրեժ Խուրշուդյանը, որը ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի օգնական Մամիկոն Խուշուդյանի հորեղբայրն է, 34-ամյա Հենրիկ Գրիգորյանը եւ 33-ամյա Արթուր Բաղդասարյանը, որը Կարբի գյուղապետ Կարո Բաղդասարյանի եղբայրն է, եւ 29-ամյա Արգամ Պողոսյանը: Ըստ համայնքում տարածված տեղեկությունների` միջադեպը տեղի է ունեցել, երբ քրեական տարրերը, գյուղում հայտնի Զուբ մականվամբ մեկը փորձել են համայնքի ղեկավար Կարո Բաղդասարյանի թիմին հասկացնել, որ նրանք չեն գյուղում կանոններ թելադրողը: Ասել են, թե համայնքի գյուղապետի թիմը քրեական տարրերի հետ հարց ու պատասխան է ունեցել:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 112-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 7 պարկուճ, արնանման հետքեր:

«Ժողովուրդ» օրաթերթ զրուցեց Կարբի համայնքի ղեկավար Կարո Բաղդասարյանի հետ հասկանալու համար, թե նա հիմա գյուղապետ է, թե գողական: Վերջինս ասաց, որ նման բան չկա, եւ ինքը որեւէ խնդիր չունի որեւէ մեկի հետ եւ համայնքի ղեկավարի գործառույթներն է իրականացնում. «Եղբայրս վիավորվել է, հիվանդանոցում է, վիրավորվածներից մեկն էլ իմ աշխատակիցն է:

Ես Ձեզ ազնվությամբ ասում եմ, որ եղբայրս պատահական է հայտնվել դեպքի վայրում, կապ չի ունեցել այս ամենի հետ: Իմ հետ կապված ինչ-որ քրեական աշխարհ, հարց լուծող, նման բացարձակ խնդիրներ գյուղի մեջ չկա»:

Մեր այն հարցին` իսկ ինչպես ստացվեց, որ այդպես պատահական իր եղբայրը հայտնվեց կրակոցների կիզակետում, ի պատասխան` Կարո Բաղդասարյանը հայտնեց, որ եղբայրը լսել է, որ հավաքված մարդիկ կան, զանգել, ասել են, ինքը եկել է դեպքի վայր, ու միանգամից կրակոցները սկսել են. «Իրեն ուղղակի զանգել, ասել են, որ կարող է իր մտերիմներից մարդիկ լինեն, տղերք կան հավաքված, ինքը գնացել է ու այդպես եղել: Մեր գյուղում մեկը մյուսի հետ կապված են, ազգակից են, խնամի են եւ այլն»:

Անդրադառնալով այն հարցին, որ Զուբ անունով քրեական հեղինակության հետ նա կապ ունի` գյուղապետ Բաղդասարյանն ասաց, որ ինքը առհասարակ` որպես համայնքի ղեկավար, բոլորի հետ բարեկամական կապ ունի, իսկ կոնկրետ Զուբ անունով քրեական տարրի հետ խնդիրներ չի ունեցել :
Ինչեւէ, Բաղդասարյանի վստահեցմամբ վախենալու բան չունի, եւ քննությունը կպարզի, որ կրակոցների թիրախում հայտնված իր աշխատակիցն ու եղբայր կապ չունեն կատարվածի հետ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս