Լիլիթ Մակունցին մշակույթի նախարարությունում գրեթե բոյկոտել են. ումի՞ց նա կազատվի և ի՞նչ ծրագրեր է կազմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ ներկայիս կառավարության կազմը նոր էր ձեւավորվում, եւ պարզ դարձավ, որ մշակույթի նախարար է նշանակվել Լիլիթ Մակունցը, մեծամասնությունն իր արձագանքներում նշեց, որ պարզապես չի ճանաչում նրան։ Առհասարակ, նորաթուխ նախարարի՝ այդ պաշտոնում հայտնվելու եւ ներկայիս աշխատելաոճի մասին տեղեկություններ քիչ կան։ Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթին հասել են որոշ ուշագրավ մանրամասներ։Պարզվում է՝ նախապես որոշված է եղել մշակույթի նախարարի պորտֆելը հանձնել Դաշնակցությանը, սակայն ՀՅԴ-ն հրաժարվել է այն ընդունել։ Դրանից հետո արդեն առաջարկ է արվել Ծառուկյան դաշինքին։ Եվ պատահական չէր, որ տվյալ ժամանակահատվածում որպես մշակույթի նախարարի հնարավոր թեկնածու շրջանառվում էր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի անունը։ Այս խմբակցությունը, սակայն, վերջին պահին հրաժարվել է պորտֆելից՝ Նիկոլ Փաշինյանի թիմին դնելով փակուղային իրավիճակում։

Թիմը այլ ելք չի ունեցել, քան հապշտապ որոշում կայացնելը։ Արդյունքում մշակույթի նախարարն ընտրվել է մեկ օրում։ Ընդ որում` նախապատվությունը տրվել է Լիլիթ Մակունցին, քանի որ նա անհայտ էր հանրության լայն զանգվածներին, եւ նրա նշանակման պարագայում մշակութային դաշտը ճամբարների չէր բաժանվի։ Մեզ հաջողվեց նաեւ պարզել, որ մշակույթի նախարարությունում Մակունցին ընդունել են բավական սառը, գրեթե բոյկոտել են նրա մուտքը համակարգ։ Նույնիսկ կրքերը հանդարտեցնելու նպատակով կողմնակի միջամտություններ են եղել։

«Ժողովուրդ»-ին տեղեկություններ են հասել նաեւ մշակույթի նախարարությունում սպասվելիք կադրային փոփոխությունների մասին։ Օրեր առաջ անդրադառնալով այն հարցին, թե սպասվում է արդյոք տեղակալների փոփոխություն, եւ ում թեկնածությունը նա կառաջարկի այդ պաշտոններում` նախարարը պատասխանել է, որ այս փուլում չի ցանկանում քննարկել այդ հարցը եւ որ կան անձիք, որոնք առնչվում են թե՛ մշակույթի ոլորտին, եւ թե՛ քաղաքական որոշակի սկզբունքայնություն ու դիրքորոշում ունեն, պատրաստակամ են ազնիվ կերպով աշխատել։ Մեզ հայտնի դարձավ, որ Մակունցն առաջին հերթին ցանկանում է ազատվել մշակույթի նախարարի տեղակալներ Արեւ Սամուելյանից եւ Արթուր Պողոսյանից։ Իսկ ահա փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանի ճակատագիրը կախված է օդից։ Նրա առնչությամբ որոշում չի կայացվել։ Չի բացառվում, որ Տեր-Վարդանյանը մնա համակարգում, սակայն այլ կարգավիճակով։

Շատ է քննարկվում կառավարության նոր կազմի անդամների երիտասարդ եւ անփորձ լինելու հանգամանքը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Մակունցը պատրաստվում է նախարարության կազմում ընդունել երիտասարդ, բայց փորձառու անդամների, անվանի, որոշակի հեղինակություն ունեցող դեմքերի։ Շրջանառվում է, օրինակ, գրականագետ, ԵՊՀ դոցենտ, «Զանգակ» հրատարակչության գրական ծրագրերի համակարգող Հայկ Համբարձումյանի անունը։ Թե ինչ պաշտոն նրան կառաջարկվի, հայտնի չէ։

Մենք տեղեկացանք նաեւ Մակունցի գործնական մի քանի պլաններից։ Դրանցից մեկը վերաբերում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ճակատագրին։ Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը պատրաստվում էր Ազգային կինոկենտրոնի բազայի վրա ստեղծել նոր կառույց։ Հենց նրա օրոք էր, որ կինոկենտրոնի տնօրեն նշանակվեց Շուշանիկ Միրզախանյանը, իսկ գեղարվեստական ղեկավար` ֆիլմ- հանձնակատար Արսեն Բաղդասարյանը։ «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ առաջիկայում սպասվում է կինոկենտրոնի տնօրենի փոփոխություն։

Մեզ հայտնի է սպասվելիք եւս մեկ փոփոխություն, այս անգամ՝ գրականության ոլորտին առնչվող։ «Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնում են, որ առաջիկայում պետպատվեր հասկացությունն առհասարակ հանվելու է։ Գրողներին այդ ֆորմատում պետական աջակցություն չի տրամադրվելու։ Նրանք ստիպված կլինեն իրենք հոգալ իրենց ծախսերը։

«Ժողովուրդ» օրաթերթը նշյալ թեմաների շուրջ փորձեց պարզաբանումներ ստանալ Լիլիթ Մակունցի մամուլի խոսնակ Անի Սմբատյանից։ Նախարարը մասնակցում էր նիստի, հետո պատրաստվում էր մեկնել Վրաստան, այդ պատճառով չհաջողվեց նախարարի մեկնաբանությունները ստանալ, սակայն խոսնակը հայտնեց տեղեկություն, որին ինքն է տիրապետում։ Նրա տեղեկացմամբ` փոխնախարար Արթուր Պողոսյանը հրաժարականի դիմում է գրել։

Անի Անտոնյան




Լրահոս