Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները հանդիպել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 30-ին պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին:

Ողջունելով հյուրին և շնորհավորելով արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Վրաստանի արտգործնախարարը նշեց, որ ուրախ է Թբիլիսիում հանդիպել բարեկամ Հայաստանի իր գործընկերոջը: Խորհրդանշական համարելով, որ ՀՀ վարչապետի առաջին պաշտոնական այցելությունը տեղի է ունենում հենց Վրաստան՝ Միխեիլ Ջանելիձեն համոզմունք հայտնեց, որ այն նոր լիցք կհաղորդի հարևան երկրների միջև բարիդրացիական հարաբերություների զարգացմանը:

Իր հերթին ՀՀ ԱԳ նախարարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ պաշտոնավարման ընթացքում ձեռնարկելու է բոլոր հնարավոր քայլերը հայ-վրացական հարաբերությունների առավել զարգացման ուղղությամբ: Նախարար Մնացականյանը նշեց, որ առկա է համագործակցության խորացման և ընդլայնման համար երկկողմ պատրաստակամություն` հիմնված փոխադարձ ըմբռնման և հարգանքի վրա:

Նախարարները երկուստեք հաստատեցին համատեղ ջանքերով երկու երկրների միջև կապերի առավել խորացման և ամրապնդման պատրաստակամությունը՝ կարևորելով արտաքին քաղաքական գերատեսչությունների արդյունավետ համագործակցության, ԱԳՆ-ների միջև ոլորտային ուղղություններով պարբերական խորհրդակցությունների անցկացման և նախարարների պարբերական հանդիպումների դերն այս ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում տեղի ունեցավ հայ-վրացական օրակարգային հարցերի լայն շրջանակի վերաբերյալ: Արտգործնախարարների ուշադրության կենտրոնում էին քաղաքական երկխոսության ընդլայնմանը, առևտրատնտեսական կապերի խորացմանը, միջազգային հարթակներում փոխգործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայմանն առնչվող հարցերը:

Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին վիրահայությանը հուզող հարցերի շուրջ, անդրադարձան տարածաշրջանային ու միջազգային հրատապ մի շարք խնդիրների:

ԱԳ նախարարը վրացի իր գործընկերջը ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:




Լրահոս