ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այն հաղթանակը, որ ժողովուրդն արձանագրեց Երևանում նաև ձերն է․ Նիկոլ Փաշինյանը՝ Թբիլիսիի հայ համայնքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Խոջիվանք» պանթեոն, որտեղ ծաղիկներ է դրել Հովհաննես Թումանյանի, Րաֆֆու և Գաբրիել Սունդուկյանի շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին: Այնուհետև վարչապետն ուղևորվել է Թբիլիսիի Ս. Գևորգ եկեղեցի, որտեղ վարչապետին դիմավորել են Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Վրաստանի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Նիկոլ Փաշինյանը եկեղեցու բակում ծաղիկներ է դրել Սայաթ Նովայի շիրիմին և կատարել մոմավառություն: Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը մատուցել է փառաբանական աղոթք և վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարությանը մաղթել ուժ ու կորով:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել վիրահայերին ջերմ ընդունելության համար և նշել, որ ուրախ է նրանց տեսնել բարձր տրամադրությամբ: «Այն հաղթանակը, որ ժողովուրդն արձանագրեց Երևանում նաև ձերն է, դուք այդ հաղթանակի լիարժեք կրողն ու շահառուն եք, որովհետև այն տեղի է ունեցել ձեր հայրենիքում: Մենք զգացել ենք ձեր աջակցությունը և զորակցությունը, ձեր հղած բարի ցանկությունները հասել են տեղ՝ Հանրապետության հրապարակ, և այսօր այն համազգային ոգևորությունը, որ տիրում է հայ ժողովրդի շրջանում, այն կերտել է ձեզնից յուրաքանչյուրն իր մտքով, իր ցանկությամբ, իր կամքով, իր սիրո և համերաշխության զգացումով: Հեղափոխությունը, որ տեղի է ունեցել Երևանում՝ մենք անվանում ենք սիրո և համերաշխության հեղափոխություն, և ես այսօր այստեղ եմ եկել սիրո և համերաշխության ուղերձով: Ուզում եմ ասել ձեզ, որ սիրում եմ բոլորիդ, բոլորիդ միասին և յուրաքանչյուրիդ առանձին»։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս