ՀՀԿ վերնախավն ափսոսում է, բայց արդեն ուշ է. Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀԿ-ն հայտնվել է իր իսկ փորած փոսում: ԱԺ ՀՀԿ խմբակցությունից սկսվել է արտահոսքը: Արդեն երկու պատգամավոր՝ Շիրակ Թորոսյանն ու Արթուր Գեւորգյանը, հայտարարել են ՀՀԿ խմբակցությունը լքելու մասին: Առաջիկայում նման հայտարարությամբ հանդես կգա մի քանի այլ պատգամավոր եւս:

Ու հիմա ՀՀԿ-ն չունի օրենսդրական որեւէ լծակ կանխելու համար տեղի ունեցողը, ստիպելու պատգամավորներին, որ խմբակցությունից հեռանալու դեպքում վայր դնեն մանդատները: Ավելին` երբ ժամանակին ԲՀԿ-ն պահանջում էր ԱԺ կանոնակարգ օրենքում նման դրույթ ամրագրել, ՀՀԿ-ականները կատաղի դիմադրություն ցուցաբերեցին: Ընդհակառակը, խմբակցությունից հեռացած պատգամավորների համար ազատ գործունեության երաշխիքներ սահմանվեցին ոչ միայն օրենսդրությամբ, այլեւ ԱԺ կանոնակարգ օրենքով:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` ՀՀԿ վերնախավն այս օրերին ափսոսում է, որ չի գնացել այդ քայլին. մասնավոր զրույցներում նրանք պարբերաբար այդ մասին են խոսում:

Այն ժամանակ ՀՀԿ-ականների մտքով չէր անցնում, որ Սերժ Սարգսյանն օրերից մի օր հրաժարական կտա, իրենք կհեռանան իշխանությունից: Ընդհակառակը, ՀՀԿ-ում համոզված էին, որ դեռ 20-30, միգուցե 40-50 տարի իրենք են լինելու իշխանության ղեկին, իրենք են թելադրելու խաղի կանոնները: Իսկ օրենսդրությամբ խմբակցությունից հեռացած պատգամավորներին գործունեության ազատ երաշխիքներ տալով` իրենք կփորձեին վերահսկողության լծակներ ունենալ խորհրդարանական մյուս խմբակցությունների վրա. իրենց մարդկանց ներդնելով տարբեր խմբակցություններում` միշտ հնարավորություն են ունեցել պատեհ պահի «պայթեցնելու ականները», խմբակցություններից դուրս բերելու իրենց մարդկանց` այդպես «զինաթափելով» ընդդիմախոսներին: Եւ այդ մեթոդը կիրառվել է տարիներ շարունակ՝ ՕԵԿ-ի, ԲՀԿ-ի դեպքում, երբ վերջիններս հեռացան իշխանությունից: Բայց հիմա, փաստորեն, ՀՀԿ-ի համար ամեն ինչ ուշ է. ՀՀԿ գնացքը վաղուց է գնացել:

Ավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս