«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն հայտնի է, թե ովքեր են լինելու ՀՀ մարզերից 6-ի ղեկավարները: Նրանցից երկուսը ՀՅԴ-ականներ են, իսկ մյուս չորսը՝ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները: Դեռ պարզ չէ, թե ԲՀԿ-ին որ մարզերն են բաժին հասնելու. կառավարության առաջիկա նիստի հաստատմանը ներկայացված թեկնածուների մեջ ԲՀԿ-ականներ չկան, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ այս հարցում վարչապետ Փաշինյանի ու ԲՀԿ-ի միջեւ համաձայնություն չկա: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՅԴ-ական Աշոտ Սիմոնյանը կրկին կվերանշանակվի Արագածոտնի մարզպետի պաշտոնում: Նա այդ պաշտոնին նշանակվել էր ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի ժամանակ:
Մյուս ՀՅԴ ԳՄ անդամը Իշխան Սաղաթելյանն է, ով կնշանակվի Գեղարքունիքի մարզպետ: Այս մարզի համար պայքարում էր նաեւ «Ծառուկյան» դաշինքը, սակայն այն բաժին հասավ ՀՅԴ-ին: Սաղաթելյանը ԱԺ ընտրություններին այդ ընտրատարածքում ՀՅԴ-ի վարկանիշային թեկնածուն էր եւ ստացել էր 3458 ձայն: Շիրակի մարզպետ կնշանակվի Կարեն Սարուխանյանը, որ հանդիսանում է ՔՊ անդամ: Վահե Ղալումյանը, ով նշանակվելու է Տավուշի մարզպետ, Նիկոլ Փաշինյանի համակիրներից է վաղուց, սակայն մինչ այժմ էլ անկուսակցական է: Նա Իջեւանի ավագանու անդամ է: Կոտայքի մարզպետ է նշանակվելու Ռոմանոս Պետրոսյանը, որն էլ ՔՊ հիմնադիր անդամ է եւ «Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածու է եղել, ԱԺ ընտրություններում Կոտայքում ստացել էր 924 ձայն: Արարատի մարզպետ էլ կնշանակվի Գարիկ Սարգսյանը, ով Նոր Կյանքի գյուղապետն է, որը ՀՀԿ իշխանության օրոք հաղթել էր իշխանական թեկնածուին:
Ավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: