Երեւանի թիվ 132 դպրոցը տեւական ժամանակ է, ինչ տնօրեն չունի: Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը փորձ է արել դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել, սակայն դա նրան չի հաջողվել, քանի որ դպրոցի 108 հոգանոց անձնակազմը դեմ է եղել:
Ինչպես հայտնի է, նշված դպրոցի տնօրեն Վիկտորիա Սուքիասյանի կողմից կաշառք վերցնելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Բանն այն է, որ թիվ 132 դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Հակոբ Թադեւոսյանն ահազանգել է «Հետք» լրատվամիջոցին եւ հայտնել, որ նույն դպրոցի տնօրեն Վիկտորիա Սուքիասյանն իրենից 70 հազար դրամ կաշառք է պահանջել բացակայությունները հաշվի չառնելու համար: Դրանից հետո Սուքիասյանն ազատվել է տնօրենի պաշտոնից:
«Ժողովուրդ» օրաթերթին են դիմել թիվ 132 դպրոցի ոչ միայն ուսուցիչները, այլեւ սաների ծնողները: Նրանք Երեւանի քաղաքապետարանից պահանջում են, որպեսզի դպրոցին «դրսից» տնօրեն չնշանակեն: Ավելին` նրանց պատմելով` ռազմագիտության ուսուցչի բողոքից հետո ոչ միայն քրեական գործ է հարուցվել, այլեւ տնօրենի կողմից թույլատրված մի շարք խախտումներ են բացահայտվել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախորդ ուրբաթ օրը Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը դպրոցի անձնակազմին փորձ է արել տնօրենի ժամանակավոր պաշտոնակտար ներկայացնել՝ Երեւանի թիվ 146 փոխտնօրեն Մարիետա Դավթյանին: Սակայն 108 հոգանոց անձնակազմը դեմ է արտահայտվել: Մասնավորապես դպրոցի ուսուցիչները «Չենք ուզում Տարոնի նշանակածին», «Մեր իրավունքները խախտվել են», «Նշանակեք մեր փոխտնօրենին ԺՊ» եւ այլ պաստառներով բողոքի ակցիա են իրականացրել:
«Մեր հիմնական պահանջը, խնդրանքը հետեւյալն է. մենք ցանկանում ենք, որպեսզի տնօրենի ԺՊ նշանակվի մեր դպրոցից որեւէ մի ուսմասվար: Բացի այդ, կա երեք ուսուցիչ, որոնք ունեն տնօրենի հավաստագիր եւ շատ լավ կարող են թեկուզ ԺՊ-ի աշխատանքը կատարել, իսկ քաղաքապետարանը հակառակն է անում: Մենք բոյկոտել ենք նրանց ընտրությունը: Ուրբաթ օրը դրսից բերել էին դպրոցի տնօրենի ԺՊ, մենք անգամ ներս չենք մտել: Քանի որ մենք կասկածներ ունենք, որ Աննա Ստեփանյանի դպրոց բերած տնօրենի ԺՊ-ն՝ Մարիետա Դավթյանը, նախկին տնօրեն Վիկտորյա Սուքիասյանի ընկերուհին է, որովհետեւ տնօրենը դուրս գալուց մեզ խոստացավ, որ «դպրոցում 37 թիվն է լինելու, ընկերուհիս գալու է, կտեսնեք»»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ներկայացրին իրավիճակը: Արդյունքում արդեն մի քանի օր է, ինչ դպրոցը տնօրեն չունի:
Սյունէ Համբարձումյան