Օպերային թատրոնում վախի մթնոլորտը չի նահանջել․ Անի Պիվազյանի դժգոհությանը Օրբելյանը չի արձագանքել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երիտասարդ օպերային երգչուհի Անի Պիվազյանը մայիսի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մշակութային գործիչների հետ հանդիպմանը վարչապետին հայտնեց, որ Հայաստանում երկար տարիներ մեներգիչների մենաշնորհ է եղել, եւ շատերը բեմ բարձրանալու հնարավորություն չեն ունեցել: «Ես Եվրոպայում միջազգային մրցույթի դափնեկիր եմ դարձել, այսօր մեր թատրոնում բեմադրվում է նույն ներկայացումը: Ավստրիայում 230 հոգուց ես եմ ընտրվել, երգել եմ գլխավոր դերում, այստեղ մասնակցեցի մրցույթի, բարձր գնահատականի արժանացա Օրբելյանի կողմից: Հենց ուզեցի արդեն գնալ ներկայացման փորձերին, պարզվեց՝ իմ անունն ընդհանրապես չկա ցուցակում»,-ասել էր նա:

«Ժողովուրդ» օրաթերթը Անիից պարզել է՝ ինչ արձագանք է ստացել իր հայտարարությունը, արդյոք դրանից հետո թատրոնում գրանցվել են դրական տեղաշարժեր:

-Անի, Ձեր խոսքերից կարելի է ենթադրել, որ օպերային երգարվեստի դաշտը մոնոպոլիզացվել է:

-Այո՛, իհարկե, ես դա ասել եմ եւ իմ խոսքերից ետ չեմ կանգնում:

-Հիմա Դուք Հայաստանու՞մ եք մշտական բնակություն հաստատել, թե՞ արտերկրում:

-Ես միշտ էլ Հայաստանում եմ բնակվել, պարզապես արտերկրի հետ սերտ կապերի մեջ եմ, առաջին հյուրախաղերս եղել են ԱՄՆ-ում, Ղրիմում, իսկ ավելի ուշ՝ Իսպանիայում, Իտալիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում եւ այլն:

-Որքանով հասկացա, Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այլեւս չեք երգում: Ինչո՞ւ: Ձեզ այդ մասին նախապես զգուշացվե՞լ է:

-Ըստ օրենքի` երբ երգչուհու հետ աշխատանքային պայմանագիրը խզում են, նրան երկու շաբաթ առաջ այդ մասին զգուշացնում են, ասում են, որ պայմանագրի ժամկետը լրացել է, եւ նոր պայմանագիր չի կնքվելու: Այն օրը, երբ իմ պայմանագրի ժամկետն ավարտվում էր, պետք է անցկացվեին նոր լսումներ, նոր մրցույթ: Ես նույնիսկ համերգի հրավեր ունեի Ավստրիայից, բայց հետաձգեցի այցս՝ գերադասելով մշտական աշխատանք ունենալ հայրենիքում, նոր մեկնել: Բայց սպասված լսումներն այդպես էլ չեղան: Փոխարենը այսօր օպերային թատրոնի ներկայացումներում ընդգրկված են երգիչներ, որոնք պայմանագիր չունեն կամ պայմանագիր են կնքել առանց մրցութային կարգն անցնելու: Այսինքն` թատրոնում, կարելի է ասել, շիլաշփոթ է տիրում:

-Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը Փաշինյանի հետ հանդիպմանը ունեցած Ձեր ելույթից հետո փորձե՞լ է Ձեզ լսել, Ձեր բարձրացրած խնդրին լուծում տալ:

-Մշտապես փորձել եմ հանդիպել նրա հետ, բայց չի ստացվել, անընդհատ հետաձգվել է հանդիպումը: Մնացած դատողությունները թողնում եմ Ձեզ, ես ընդամենը փաստն եմ արձանագրում:

-Ըստ Ձեզ՝ սա անձնակա՞ն, թե՞ աշխատանքային խնդիր է:

-Յուրաքանչյուր ոլորտում կարելի է հավասարակշռել անձնականն ու աշխատանքայինը: Կան հարցեր, որոնք պատասխանները ես չունեմ, ընդամենը կարող եմ ասել այն, ինչ գիտեմ:

-Ձեզ նման այլ արտիստներ կա՞ն, որոնք եւս տուժել են այս իրավիճակից: Ինչո՞ւ նրանք բողոքի ձայն չեն բարձրացնում:

-Ընդհանրապես, դժգոհողներ շատ կան, հույս ունեմ, որ շուտով նրանք էլ իրենց խոսքը կասեն: Շատ են ինձ զանգահարում, ասում՝ էս էլ պետք է ասեիր, էն էլ պետք է ասեիր, բայց ես կարող եմ անձամբ իմ անունից խոսել, իմ օրինակի համար եմ պատասխանատու: Շատերը լռում են, որովհետեւ դժվար է նման պատասխանատվություն վերցնել: Բացի այդ՝ թատրոնում դեռեւս առկա է վախի մթնոլորտ: Հանրապետությունում այն կարծես թե նահանջել է, իսկ օպերային թատրոնում` դեռ ոչ: Շատերը վախենում են, որ իրենց ունեցածն էլ կկորցնեն: Բայց ես չդիմացա, որովհետեւ դանակը հասել էր ոսկորին: Քանի որ մեր վարչապետը մեզ հնարավորություն է տվել խնդիրների մասին ազատ բարձրաձայնելու, ես էլ օգտվեցի դրանից:

-Կարելի՞ է ասել, որ դրսում Ձեզ ավելի շատ են գնահատում, քան սեփական հայրենիքում:

-Այդպես է ստացվում: Մի ցավալի դրվագ վերհիշեմ: Երբ դրսից համերգի հրավեր եմ ունենում, ինձ խնդրում են ներկայացնել զբաղվածությունս հայրենիքում, որպեսզի ինձ հետ հարմարվեն: Իրենց թվում է՝ ես այստեղ գերզբաղված եմ, բայց, ցավոք, այդպես չէ: Ամեն դեպքում, հույս ունեմ, որ եթե ոչ շուտափույթ, ապա աստիճանաբար օպերային թատրոնում դրական տեղաշարժեր կգրանցվեն, եւ ես իմ ռիսկային քայլով կկարողանամ օգատակար լինել ոլորտին:

Հավելենք, որ Անի Պիվազյանի վերջին ձեռքբերումներից են Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում կայացած «Գրանդի Վոչի» մրցույթի շրջանակում Մոցարտի անվան մրցանակը: Նա մասնակցել է նաեւ Շվեյցարիայում կայացած “Opernwerkstatt der Jungen Stimmen” փառատոնին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս