Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը չի հերքել, որ ընդդեմ Սերժ Սարգսյանի բողոքի ցույցի մասնակիցներին Ավանի թաղապետարանի աշխատակիցներն են բռնության ենթարկել: Հիշեցնենք, որ այդ անձինք դիմակավորված հարձակվել էին ցուցարարների վրա եւ ծեծի ենթարկել: Ջավադյանը նաեւ նշել է, թե նրանք օրենքի ողջ խստությամբ կպատժվեն, եւ դրանում որեւէ կասկած չկա:
Որ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրած ոհմակը կպատժվի, այն էլ՝ օրենքի ողջ խստությամբ, որեւէ կասկած չկա: Բայց զարմանալի է՝ ինչու է Ջավադյանը նման հայտարարություն անում, երբ պատժողը ոչ թե ինքն է, այլ իրավապահները պետք է դա անեն: Իսկ մինչ այդ Ջավադյանն իր իրավասությունների շրջանակում կարող էր աշխատանքից ազատել այդ անձանց: Նկատենք նաեւ` թաղապետը ճիշտ կաներ, եթե պատասխաներ նաեւ մեկ հարցի էլ՝ ո՞վ է հրահանգել թաղապետարանի աշխատակիցներին նման քայլի դիմել: Չէ՞ որ թաղապետարանում որեւէ մեկն ինքնագլուխ նման քայլի չէր գնա: