Հայաստանի ազգային պատկերասրահի եւ ՀՀ ֆինանսների նախարարության կռիվը նոր թափ է ստանում: Բանն այն է, որ մայիսի 25-ին Հայաստանի ազգային պատկերասրահը կրկին դիմել է ՀՀ վարչական դատարան եւ պահանջում է, որ դատարանը ստիպի ՀՀ ֆինանսների նախարարությանը` անվավեր ճանաչի մայիսի 19-ի որոշումը: Պարզեցինք, որ նախարարության եւ պատկերասրահի կռիվը թեժացել է թավշյա հեղափոխությունից հետո:
Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` թավշյա հեղափոխությունից հետո նախկինում ֆինանսների նախարարության հետ խնդիրներ ունեցող կազմակերպությունները, ՊՈԱԿ-ները կանգնել են խնդրի առաջ: Դեռեւս 2017 թվականի նոյեմբերին գրել էինք, որ Հայաստանի ազգային պատկերասրահը դատի է տվել Ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությանը` պահանջելով անվավեր ճանաչել իր դեմ կայացված ակտը:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզել էր, որ 2017 թվականի մայիս եւ ապրիլ ամիսներին ՀՀ ֆինանսների նախարարությունը ստուգումներ է իրականացրել Հայաստանի ազգային պատկերասրահում, հայտնաբերել, որ պետական բյուջեից հատկացված գումարները ճիշտ ճանապարհով չեն օգտագործվել կամ այլ նպատակների համար պետք է օգտագործվեին, ինչը չի իրականացվել, եւ, ըստ այդմ, համապատասխան ակտ է կայացրել: Հայաստանի ազգային պատկերասրահը պետք է վերականգներ ֆինանսների նախարարության կողմից տրամադրած գումարը, որը, ըստ մեզ հասած լուրերի, կազմում էր մոտ 40 միլիոն դրամ: Բայց քանի որ պատկերասրահի ղեկավարությունը համամիտ չէր նախարարության այս որոշման հետ, դիմել էր դատարան` պահանջելով կայացված ակտերն անվավեր ճանաչել:
«Ժողովուրդ»-ին հայտնի էր դարձել նաեւ, որ Պատկերասրահը մինչ դատարան դիմելը, բազմաթիվ փորձեր է արել հաշտություն գտնելու համար նախարարության հետ, սակայն նախարարությունը համառ է գտնվել եւ հաշտության չի գնացել:
Սկզբում Ազգային պատկերասրահը հրաժարվել էր հայցից, որովհետեւ նախարարության հետ որոշել էր հաշտության գալ: Սակայն, ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ է եկել, ու թավշյա հեփախությունից հետո, ըստ էության, նախարարությունը Հայաստանի ազգային պատկերասրահին ասել է, թե ներում, հաշտություն չկա, փողերը պետք է բերեք, ինչի արդյունքում էլ պատկերասրահը կրկին դիմել է դատարանը` պնդելով, որ նախարարության կողմից կայացված ակտը անհիմն է:
Քնար Մանուկյան