Գյումրիում շարունակում են մերժել ՀՀԿ անդամներին կամ այդ կուսակցության հետ առնչություն ունեցող անձանց: Ինչպես արդեն «Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է տեղեկացնելու, հերթը Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանինն է: Նրա դեմ բողոքները շարունակվում են. կոնսերվատորիայի նախկին ու ներկա աշխատակիցները, ուսանողները Ավդալյանին մեղադրում են կոռումպացվածության մեջ: Ի պատասխան նախօրեին իր հասցեին հնչած մեղադրանքների` Կարինե Ավդալյանը երեկ պատասխանել է լրագրողների հարցերին` հայտարարելով, թե բնակչության պահանջը գոհացնելու որեւէ նպատակ չունի եւ հրաժարական չի տա:
«Ես չեմ պատրաստվում հրաժարվել իմ պաշտոնից, այս բուհ-ը ես եմ ոտքի կանգնեցրել: Հանգստացե՚ք, գնացեք ձեր տները, աշխատեք եւ արեք այն, ինչ մենք ենք անում: Ցույց տվեք քաղաքին, թե դուք ինչ եք արել ձեր քաղաքի համար: Ինձ ասում եք` ինչու եմ ստեղծել «Իմպրոռիթմ» վարժարանը այն պարագայում, երբ կա երաժշտական ուսումնարանը, սա ազատ մրցակցություն է. երբ Հայաստանը դարձավ ազատ եւ անկախ, մարդիկ իրավունք ձեռք բերեցին ստեղծել այն, ինչ ցանկանում են: Չեմ ստեղծել հյուրանոց, ժամանցի կենտրոններ, ստեղծել եմ դպրոց ու 150 աշխատատեղ»,- ասել է նա:
Միայն թե տիկին Ավդալյանը մոռանում է, որ ապրիլի 22-ին նույնը հայտարարում էր նաեւ Սերժ Սարգսյանը, բայց հաջորդ օրն իսկ ստիպված եղավ հեռանալ վարչապետի պաշտոնից: Նույնկերպ հրաժարական չէր ուզում տալ Շիրակի պետական համալսարանի ռեկտոր ՀՀԿ-ական Սահակ Մինասյանը, բայց նա էլ ստիպված եղավ հեռանալ: Հիմա նույն ճակատագիրը սպասվում է տիկին Ավդալյանին: Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղում սպասում են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի այցին: Թե՛ կոնսերվատորիայի աշխատակազմը, թե՛ բողոքողները նամակներով դիմել են ՀՀ նախագահին, վարչապետին ու ԿԳ նախարարին: Թե ինչպես կլուծվի խնդիրը, առաջիկայում կհստակեցվի:
Նկատենք, որ Գյումրիում խոսացություններ են շրջանառվում, որ Կարինե Ավդալյանի հիմնած ընկերությունը կուտակել է պատքեր, պարտապանների ցանկում է նաեւ Կարինե Ավդալյանի հիմնադրած Իմպրոռիթմ-Արվեստի Ակադեմիա ՍՊԸ-ն: Ընկերության կուտակած պարտքերը կազմում են շուրջ 944 միլիոն ԱՄՆ դոլար: Դրանք պաշտոնական տվյալներ են: Պարտքերի փաստը տիկին Ավդալյանը չի հերքել, բայց եւ զայրացել էր այդ մասին հարցից` հրաժարվելով հստակ պատասխանել. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը իմ անձնական ընկերությունն է, այնտեղ կա մի մեծ գույքի փաթեթ, իմ անձնական գործն է»:
Շուշանիկ Օհանյան
Գյումրի