Ռուսական «Ռոսսելխոզնադզորը» խնդրում է չքաղաքականացնել Հայաստանից Ռուսաստան լոլիկի արտահանման հարցը: Բանն այն է, որ մայիսին Հայաստանից Ռուսաստան մոտ 9200 տոննա ընդհանուր ծավալի լոլիկներով բեռնված 450 ավտոմեքենա է տեղափոխվել: Դրանից 27–ի դեպքում Ռոսսելխոզնադզորը լոլիկների խմբաքանակի մեջ լոլիկի ցեց է հայտնաբերել: Եւ սա այն դեպքում, երբ խմբաքանակն ապահովված է եղել ՍԱՊԾ-ի տրամադրած անհրաժեշտ բուսասանիտարական ուղեկցող փաստաթղթերով: Խոտանված ապրանքը վերադարձվել է Հայաստան:
ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) դիմել է ՀՀ սննդի անվտանգության ծառայությանը Հայաստանից Ռուսաստան վարակված լոլիկի արտահանման համար: Ռուսական կողմը պահանջել է հետաքննություն անցկացնել ու բացառել ապագայում նման դեպքերի կրկնությունը: ԳՆ խորհրդական Արմեն Հայրապետյանը վստահեցրել է ռուսական կողմին, որ կարճ ժամկետներում համապատասխան միջոցներ կձեռնարկվեն: Տեղեկացնենք, որ Ռուսաստանի ահազանգից հետո հայկական կողմը սկսել է խստացնել լոլիկի արտահանման հսկողությունը:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանից փորձել է պարզել, թե որքան գումար է ծախսվել լոլիկի ցեցի դեմ պայքարի նպատակով: Պարզվում է` նախարարությունն այդ խնդրի լուծման համար 2016 թվականին ծախսել է 2 մլն 375 հազար դրամ: Իսկ ահա 2017 թվականին այդ նպատակով ընդհանրապես գումար չի ծախսվել: «Ընթացիկ տարվա համար մենք նորից նախատեսել ենք ծախսել այնքան գումար, որքան 2016 թվականին: Ջերմատներում, որտեղ լոլիկ է աճեցվում, մարդիկ օգտագործում են եվրոպական արտադրության ֆերոմոնային թակարդներ: Եւ տարածքը քանի որ փակ է, լոկալ է, այնտեղ արդյունավետությունը ավելի բարձր է. մարդիկ անմիջապես նկատում են եւ մինչեւ վնասատուների արագ բազմանալը հասցնում են արդյունավետ պայքարել, որը տալիս է դրական արդյունք»,- իրավիճակը ներկայացրեց գյուղփոխնախարարը:
Ըստ մեր զրուցակցի՝ սա համարվում է սովորական վնասատու, որի դեմ մայիս ամսից պետք է արդյունավետ պայքար տանել: «Մենք ոչ թե պայքար ենք իրականացրել, այլ ֆերոմոնային թակարդներով մոնիտորինգ ենք անցկացրել: Եթե գյուղնախարարությունը ցեցի դեմ պայքարի, նախ այդքան միջոցներ չկան, հետո էլ հողօգտագործողը կբողոքի, կասի` կոլորդյան բզեզի դեմ էլ պայքարեք»,- նկատեց Աշոտ Հարությունյանը:
Նշենք, որ դեռեւս 2014 թվականին ԳՆ-ն իրականացրել էր կարտոֆիլի ցեց եւ լոլիկի ականող ցեց վնասատուների մոնիթորինգի իրականացման նպատակով պետական աջակցության ծրագիր: Դրա իրականացման համար պետական բյուջեից հատկացվել էր 27 մլն 460 հազար 800 դրամ, որով Արարատի եւ Արմավիրի մարզերի մորմազգի մշակաբույսերի շուրջ 9500 հեկտար տարածքի վրա տեղադրվել էին 2900 ֆերոմոնային թակարդներ: Փաստորեն, տարիների ընթացքում հատկացվող գումարները այդպես էլ նպատակին չեն ծառայում:
Սյունէ Համբարձումյան