Նիկոլ Փաշինյանը գործարարներին երկու լուր է հայտնել. սև կասսաներ այլևս չեն լինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարում գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հանդիպել է գործարարների հետ եւ հայտարարել, որ տարիներ շարունակ նախորդ իշխանությունների սահմանած խաղի կանոնները փոխվելու են՝ ինքը չի պահանջելու «սեւ դրամարկղին վճարումներ», ինչ-որ ստվերային գումարներ, բայց գործարարներից պահանջում է գործել հարկային դաշտում` չթաքցնելով իրական թվերը, հակառակ դեպքում պատիժն անխուսափելի կլինի: Հանդիպման ընթացքում Փաշինյանն այս երկու լուրն է հայտնել գործարարներին՝ մեկն ուրախ, մյուսը՝ տխուր: Որպես ուրախ նորություն հենց այն է եղել, որ այսուհետ որեւէ գումար որեւէ հիմնադրամի, որեւէ հաշվեհամարի փոխանցում չեն կատարի նախագահի կամ վարչապետի անունից, իսկ վատն էլ այն է, որ այսուհետ պետք է աշխատեն հարկային դաշտում եւ հավասար պայմաններում բոլորի հետ:

Իհարկե, գործարարների մեծ մասը ոգեւորությամբ են ընդունել եւ թեթեւացած շունչ են քաշել, քանի որ նրանցից շատերի կողմից «սեւ դրամարկղին» տրվող գումարներն ավելի մեծ են եղել, քան հարկային պարտավորությունները: Եվ հիմա իրենք ավելի մեծ սիրով պատրաստ են աշխատել հարկային դաշտում, կատարել բոլոր պարտավորությունները եւ հանգիստ խղճով ապրել առանց օրենքի հետ խնդիր ունենալու: Իսկ նրանք մինչեւ այժմ այդպես չեն գործել, քանի որ չի եղել օրվա իշխանության պահանջը: Այժմ իշխանությունները պահանջում են, եւ գործարարներն էլ պատրաստ են խաղալ նոր խաղի կանոններով:

Թե ի՞նչ են «սեւ դրամարկղերը», ոչ բոլորը գիտեն: Տարիներ շարունակ ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ Սերժ Սարգսյանի իշխանությունը գործարարներից յուրաքանչյուրին տվել է որոշակի հաշվեհամարներ՝ պարտադրելով նրանց գումար փոխանցել այդ հաշվեհամարին: Ըստ օդում կախված լուրերի` դրանցից սնվել են պետական մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, առանձին քարտով գումարներ են ստացել եւ այդպես կարողացել են իրենց իրական կարիքները հոգալ, քանի որ առկա պետական աշխատավարձի պայմաններում հասկանալի է, որ որեւէ մեկը չի կարող այդ գումարներով ապրել այնպիսի շքեղությամբ, ինչպես ապրում են եւ, իհարկե, իրական աշխատավարձը նրանց չի բավարարում: Այժմ անհասկանալի իրավիճակ է ստեղծվել, քանի որ պաշտոնյաներն այս ամիս արդեն չեն ստանալու նշված «սեւ դրամարկղերի» գումարները, եւ շատ պաշտոնյաներ ունեն վարկեր, որոնք այլեւս չեն կարողանալու վարել: Առավել եւս նրանք այլեւս չեն կարողանալու կաշառքներ վերցնել, քանի որ վարչապետը մանրադիտակով հետեւում է բոլորին, եւ պաշտոնյաներից շատերն իրականում ոչ նախանձելի վիճակում են հայտնվել:

Այս ընթացքում նաեւ բանակի անվան տակ են որոշակի գումարներ տարվել գործարարներից, սակայն 2016 թվականի ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ այդ գումարները եւս, ըստ էության, արդյունքի չեն ծառայել, քանի որ այդ ժամանակ պարզ դարձավ, որ մենք չունեինք պաշտպանության տարրական կանոնները պաշտպանող սարքեր, ինչպես նաեւ կռվում էինք 80-ականների զենքերով: Ասել է թե` իշխանությունները պարզապես լափել են բանակի համար հավաքած գումարը:

Առայժմ պարզ չէ, թե ինչ է անելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բանակի համար եղած «սեւ դրամարկղի» բացը լրացնելու համար: Միգուցե իրականում նա կարողանա այդ ամենը բերել «սպիտակ դաշտ» եւ պետբյուջեի միջոցների հաշվին կարողանա այդ ամենը կանոնակարգել:
Քանի որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո հաճախ էր խոսում ապօրինի հարստացածների եւ հետեւանքների մասին, բնական է, որ գործարարների եւ օլիգարխների խավը վերջին շրջանում շատ անհանգիստ էր։ Նա հանդիպման ընթացքում պատասխանատվության հարց չի բարձրացրել, ուստի գործարարները վարչապետի հանդիպումից հետո թեթեւացած շունչ են քաշել:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե ցանկացած կառավարության պարտականությունն է պայքար տանել «սեւ դրամարկղերի» դեմ, եւ այլ հարց է, թե որքանով դա կհաջողվի: «Բնականաբար այն ընկերությունները, որոնք գործում են սեւ դաշտում, ի համեմատ նմանատիպ ընկերությունների, որոնք գործում են սպիտակ դաշտում, ունեն հարաբերական առավելություններ: Եվ դա խեղում է մրցակցային միջավայրը: Եթե մենք ունենում ենք մրցակցային միջավայրի շեղում, դա նշանակում է, որ տնտեսության ռեսուրսներն անարդյունավետ են տեղաշարժվում տնտեսության մեջ»:

Անդրադառնալով «սեւ դրամարկղերի» նկատմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած պայքարին` նախկին նախարարը նշեց. «Չեմ կարծում, որ աշխարհում գտնվի մի կառավարություն, որը կասի չէ, սևով աշխատելը դա ճիշտ է: Այլ բան է, թե կառավարությունների մոտեցումներն ու գործիքակազմն ու տակտիկան ինչպիսին են: Յուրաքանչյուր կառավարություն, եթե ցանկանում է, որ ունենա արդյունավետ տնտեսություն եւ բարենպաստ միջավայր, շահագրգռված չի լինի տեսնի, որ դրանք գործեն ընկերությունների մոտ»:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս