Հայաստանում տուրիստական սեզոնին ավիատոմսերը զգալի թանկ են վաճառվում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հիմնականում բարձր գին ունեն դեպի եվրոպական եւ ծովափնյա երկրներ ավիատոմսերը:
«Ժողովուրդ» օրաթերթը ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերություններից տեղեկացավ, որ հիմնականում թանկացել են դեպի Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա ավիատոմսերի գները: Մեզ հետ զրույցում ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները ավիատոմսերի բարձր գները կապում են սեզոնային գործոնի հետ: Նրանց պատմելով` լինում է նաեւ, երբ դրանք ժամ առ ժամ են թանկանում: Արդյունքում` վերջին տարիներին ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը գերադասում է դեպի եվրոպական երկրներ մեկնել Վրաստանի Թբիլիսիի օդանավակայանից, որովհետեւ այնտեղ ավիատոմսերը զգալի մատչելի են, երբեմն էլ՝ կրկնակի: Նրանց մի մասն էլ ճամփորդելիս մեքենայով գնում են Վրաստան, Թբիլիսիի օդանավակայանում կայանում ավտոմեքենան, ապա մեկնում իրենց ուզած երկիր արձակուրդը վայելելու:
Այսօր Հայաստան մի քանի տասնյակ ավիաուղիներ են թռչում, բայց այդպես էլ չեն կարողանում էժան գնով ավիատոմս առաջարկել, քանի դեռ Հայաստանում ե՛ւ վառելիքն է թանկ, ե՛ւ բարձր են «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկման սակագները:
Օրինակ` հուլիսի 15-ից 30-ը ընկած ժամանակահատվածի համար Թբիլիսի օդանավակայանից դեպի Իտալիա «Lufthansa» ընկերությունը առաջարկում է 605 եվրոյով, մինչդեռ Երեւան-Իտալիա ուղղությամբ ավիատոմսը հուլիսի 15-ից 30-ը ընկած ժամանակահատվածում «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը առաջարկում է 870 եվրոյով: Այսինքն` ռուսական ընկերությունը 265 եվրոյով թանկ է առաջարկում, քան «Lufthansa»-ն:
Հուլիսի 15-ից մինչեւ հուլիսի 24-ը Թբիլիսիի օդանավակայանից դեպի Փարիզ ուղղությունը երկու անձի համար առաջարկվում է 680 եվրոյով «Պեգասուս ավիաուղիներ» ընկերության կողմից:
Իսկ ահա Երեւան-Փարիզ ուղղությունը նույն ժամանակահատվածի համար լեհական Լոտ ավիաընկերությունն առաջարկում է 840 եվրո: Այսինքն` դեպի Փարիզ չվերթը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնելիս 160 եվրոյով (96 հազար դրամ) թանկ է, քան Թբիլիսիից: Եթե հաշվենք, Երեւանից Թբիլիսիի օդանավակայան հասնելու եւ հետ գալու համար կծախսվի ընդամենը 28 հազար դրամ:
Անգամ այս դեպքում ավելի մատչելի է Թբիլիսիի օդանավակայանից Փարիզ մեկնել, քան «Զվարթնոց»-ից, ու պատահական չէ, որ մեր շատ հայրենակիցներ հենց այս տարբերակով են մեկնում հանգստանալու:
«Քաթար ավիաընկերությունը» հուլիսի 15-ից 24-ը ընկած ժամանակահատվածի համար Երեւան-Բարսելոնա ուղղությամբ երկու անձի համար ավիատոմը առաջարկում է 840 եվրո, իսկ Թբիլիսիի օդանավակայնից «Թուրքական ավիաուղիները»-ը՝ 673 եվրո: Նշենք, որ արդեն արձակուրդ մեկնողների շարժն ակտիվացել է:
Ի դեպ, ավիատոմսերի վաճառքով զբաղվում են նաեւ անհատ մարդիկ, ովքեր տոմսերի վաճառքի մասին հայտարարությունները տեղադրում են list.am էլեկտրոնային կայքէջում: Նրանց մեծ մասը եւս դեպի եվրոպական երկրներ ցածր գներով ավիատոմսեր են առաջարկում դարձյալ Թբիլիսիի օդանավակայանով: Ըստ որոշ մասնագետների՝ աշնան ու ձմռան ամիսներին ուղեւորահոսքը նվազում է, եւ ավիաընկերությունները տեղափոխում են քիչ քանակի ուղեւորներ, դրա համար վնասներ են կրում:
Իսկ սեզոնին՝ ամռան ամիսներին, երբ ուղեւորաշրջանառությունը մեծանում է, նրանք, առիթից օգտվելով, ավիատոմսերի գները բարձրացնում են, որպեսզի կարողանան բալանսի բերել եկամուտները: Այդպես նրանք փորձում են կոմպենսացնել իրենց ծախսերը: Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս ավիատոմսերի գները աշնան ամիսներին կրկին կնվազեն: Այդ ամիսներին անգամ կարձանագրվեն էժանացման դեպքեր, իհարկե, ոչ շատ ծանրաբեռնված չվերթների դեպքում:
Սյունէ Համբարձումյան