Անբարեխիղճ ընկերությունները` քաղաքապետարանի մատակարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանը Էրեբունի եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում մինի-ֆուտբոլի դաշտեր է կառուցում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ առաջին չափաբաժնի համար հայտարարված մրցույթին մասնակցել է 9 ընկերություն, իսկ երկրորդ չափաբաժնի համար` 16 ընկերություն: Երեւանի քաղաքապետարանը ընտրել է երկու ընկերությունների`«Շինհայ ՊՈ»-ին եւ «Բիլդինգ Գրուպ»-ին: Քաղաքապետարանը նախատեսել է Էրեբունի վարչական շրջանում ֆուտբոլի դաշտ կառուցելու համար ծախսել մոտ 11 մլն դրամ, իսկ Մալաթիա-Սեբաստիայում` ավելի քան 13 մլն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ քաղաքապետարանը ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ չափաբաժինների համար ընտրել է ցածր գին առաջարկած ընկերություններին: Այսպես, առաջին չափաբաժնի համար ընտրվել է «Բիլդինգ Գրուպ»-ը, որի հետ կնքվել է ավելի քան 6.8 մլն դրամի պայմանագիր, իսկ երկրորդ չափաբաժնով հաղթել է «Շինհայ ՊՈ»-ն` 7 մլն 704 հազար դրամով:

Բայց ուշագրավն այն է, որ քաղաքապետարանը ֆուտբոլի դաշտի կառուցման մրցույթին հաղթող է ճանաչել այն ընկերություններին, որոնք ժամանակին հայտնվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի սեւ ցուցակում՝ որպես անբարեխիղճ:

Մասնավորապես, Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել էին 2011-2014թթ. ընթացքում փողոցների ասֆալտապատման, շենքերի, բակային տարածքների, շենքերի տանիքների նորոգման, խաղահրապարակների կառուցման եւ այլ շինաշխատանքների իրականացման նպատակով հայտարարված մրցույթները: Ըստ ՏՄՊՊՀ-ի` մասնակիցների միջեւ մրցակցությունն ընդհանրապես բացակայել էր, քանի որ որեւէ մրցույթում մասնակիցների գնային առաջարկները չէին խաչվել, եւ նրանք հաղթող էին ճանաչվել առանց միմյանց հետ մրցակցելու: Պարզվում է, որ տնտեսվարողները միմյանց միջեւ համաձայնության էին եկել, թե մրցույթներից յուրաքանչյուրին որ ընկերությունն է հայտ ներկայացնելու եւ հաղթելու:

Այսինքն` բաժանել էին մրցույթները` նախապես իմանալով, թե որ դեպքում ով է հաղթելու: Մինչդեռ բավարար մրցակցության պայմաններում գնային առաջարկները կլինեին ավելի ցածր: Հետեւաբար ինչ երաշխիք, որ այս դեպքում եւս նույն ոճով չեն աշխատել, քանի որ այս մրցույթին եւս մասնակցել են այն ընկերությունները, որոնք ժամանակին անբարեխիղճ վարքագիծ են դրսեւորել:

Չնայած մեծ հաշվով ակնհայտ է, որ նման մրցույթները ձեւական բնույթ են կրում, եւ հաղթող են դառնում հենց իշխանությունների հետ փոխկապակցված ընկերությունները:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս