Իսպանական «AS» պարբերականը հոդված է հրապարակել, որում ներկայացրել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հեռանալու պատճառները:
Աղբյուրի պնդմամբ, ֆրանսիացի մասնագետն անհանգստացած է եղել հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուի և Գարեթ Բեյլի` ակումբից հնարավոր հեռանալով:
Ընդ որում, ուելսցու հնարավոր տեղափոխությունը Զիդանին ավելի շատ է մտահոգել, քանի որ դա կապված է եղել ներթիմային խնդիրների հետ, մինչդեռ պորտուգալացին աշխատավարձի բարձրացում է ցանկացել:Մադրիդյան թիմի գլխավոր մարզիչը գոհ չի եղել նաև ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի տրանսֆերային ծրագրերից, որոնք նա չի համաձայնեցրել իր հետ:
Ֆունկցիոները ցանկացել է թիմ հրավիրել Բիլբաոյի «Աթլետիկի» դարպասապահ Կեպա Արիսաբալագային, «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին, չնայած Զիդանը մտադիր է եղել շարունակել աշխատանքն իր ունեցած խաղացողների` Կեյլոր Նավասի, Կարիմ Բենզեմայի և Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
Բացի դա, Զիդանին դուր չի եկել այն, որ մրցաշրջանի ընթացքում, երբ թիմը խնդիրներ է ունեցել, ակումբի ղեկավարության կողմից շատ քիչ աջակցություն է ստացել: Ֆրանսիացին հասկացել է, որ իր ապագան ակումբում կախված է միայն Չեմպիոնների լիգայում գրանցելիք արդյունքից: