«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Չի բացառվում, որ հանդիպմանը քննարկված լինի Բալասանյանի հետագա պաշտոնավարման հարցը: Սա հատկապես այն քայլից հետո, երբ Սամվել Բալասանյանի թիմակիցներն անվստահություն էին հայտնել իրեն, հետո քաղաքապետ չընտրվեց, եւ նա շարունակեց պաշտոնավարել Գյումրու քաղաքապետի պաշտոնում: Իսկ այդպես վարվեցին, որպեսզի ՏԻՄ մասին օրենքի համաձայն` մեկ տարվա ընթացքում ավագանու ընդդիմադիր անդամները հնարավորություն չունենան հանդես գալ քաղաքապետ Բալասանյանին անվստահություն հայտնելու առաջարկով:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Սամվել Բալասանյանից պարզել, թե ինչ են քննարկել վարչապետի հետ հանդիպմանը, եւ արդյոք ինքը պատրաստվում է թողնել քաղաքապետի պաշտոնը:
-Պարոն Բալասանյան, տեղեկություն ունենք, որ Դուք հանդիպել եք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ի՞նչ թեմա է շոշափվել այդ հանդիպման ժամանակ:
-Եթե նման բան լիներ, մամուլում այդ մասին տեղեկատվություն կլիներ:
-Մենք ցանկանում ենք Ձեզ հետ ճշտել այդ տեղեկությունը:
-Ես արդեն պատասխանեցի Ձեր հարցին:
-Դուք շարունակելո՞ւ եք մնալ քաղաքապետի պաշտոնում, թե՞ հեռանալու եք:
-Ես աշխատում եմ: Շարունակում եմ իմ գործառույթների իրականացումը:
-ԱԺ պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մեզ հետ զրույցում նշում էր, որ ավագանու վերջին հայտնի նիստով Դուք շոու եք կազմակերպել, երբ Ձեր թիմակիցները Ձեզ անվստահություն էին հայտնում: Նա շեշտել էր նաեւ, որ դա հերթական խայտառակությունն է, եւ Դուք պետք է հեռանաք քաղաքապետի պաշտոնից:
-Բազմիցս առիթներ ունեցել եմ ասելու, որ չեմ պատրաստվում մեկնաբանել ոչ ադեկվատ մարդու հնչեցրած մտքերը:
-Շիրակի նոր մարզպետի հետ աշխատանքն ինչպե՞ս եք պատկերացնում, քանի որ պարբերաբար մարզպետների հետ Ձեր հարաբերություններում խնդիրներ են եղել:
-Մարզպետների հետ ոչ մի խնդիր երբեւէ չի եղել: 2012-18 թվականների ընթացքում ես աշխատել եմ չորս մարզպետների հետ, եւ ծավալվել է կառուցողական աշխատանք:
Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ