
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀԿ խմբակցության հաջորդ նիստում քննարկվելու է պատգամավոր Արթուր Գեւորգյանի՝ խմբակցությունից դուրս գալու մասին դիմումը: Վերջինիս կողմից դիմում ներկայացնելու ժամանակ ՀՀԿ-ականները զբաղված էին` մեկ այլ պատգամավորի՝ Շիրակ Թորոսյանին հեռացնելու մասին որոշում կայացնելով: Գեւորգյանի դիմումի քննարկումը ձեւական բնույթ է կրելու, սակայն արարողակարգային է եւ պետք է կատարվի: Իսկ մինչ այդ ՀՀԿ-ի ներսում հակասական տրամադրություններ են:
Կուսակցությանը հավատարիմ են մնացել միայն կարկառունները, իսկ ահա երիտասարդ հանրապետականները մասնավոր զրույցներում չեն բացառում, որ ինչ-որ ելքեր են փնտրում գլուխներն «ազատելու» համար: Ըստ այդմ` ՀՀԿ-ի ներսում երկու թեւ է ստեղծվել՝ հնաբնակներ եւ երիտասարդներ: Այս ամենից զատ առկա է նաեւ գործարարների թեւը, ում ճակատագիրն արդեն որոշված է: Իհարկե, այս ամենը ձեռնտու է հենց Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: