Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը` Կրակեմ Հրաչ, որն այդ պաշտոնին նշանակվել է դեռ Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ, այսօր իրականացնում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության պահպանությունը: «Ժողովուրդ» օրաթերթը վերջինիցս հետաքրքրվեց, թե ինչու նա Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո շարունակեց մնալ իր պաշտոնին եւ հրաժարական չտվեց :
-Պարոն Հարությունյան, դուք մշտապես ապահովել եք ՀՀ նախկին նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի անվտանգությունը, համարվել եք իր ամենահավատարիմ մարդկանցից մեկը, նա հրաժարական տվեց, ինչո՞ւ եք դուք մնացել :
-Ես զինվորական եմ, իմ մնալ-չմնալը ես չեմ որոշում:
-Իսկ Դուք անձամբ փորձե՞լ եք հրաժարական տալ, ասել, որ չեմ ուզում աշխատել նոր թիմի հետ:
-Ո՛չ:
-Ինչո՞ւ:
-Իսկ ինչո՞ւ չպետք է հավատարիմ մնամ իմ զինվորական սկզբունքներին:
-Լավ, մնացել եք համատարիմ, իսկ Նիկոլ Փաշինյանը ինչպե՞ս Ձեզ ընդունեց, չքննադատե՞ց Ձեզ` նախկին աշխատելաոճի հետ կապված:
– Ո՛չ, շատ լավ:
-Չի էլ քննադատե՞լ:
– Ո՛չ, ո՛չ, խնդիր չի առաջացել:
-Իսկ կարողանո՞ւմ եք համագործակցել, հասկանալ միմյանց:
-Շատ նորմալ է:
-Իսկ Սերժ Սարգսյանի հետ հանդիպե՞լ եք իր հրաժարականից հետո :
-Ո՛չ:
-Ինչո՞ւ, ի՞նչ խնդիր կար իր հետ հանդիպելու:
-Առիթ չի եղել:
-Իսկ ինքը ո՞նց ընդունեց Ձեր մնալը համակարգում:
-Դա պետք է իրեն հարցնեք, ինձ մի՛ հարցրեք:
-Սերժ Սարգսյանի օրոք պարբերաբար ուժեղացվում էր նրա անվտանգության պահպանությունը: Ավելին` նրա դեմ ահաբեկչական գործողության իրականացման փորձերը իրավապահների կողմից կանխվեցին, եւ այսօր անգամ կան կալանավորվածներ: Այսօր Նիկոլ Փաշինյանի մասով ի՞նչ վիճակ ունեք:
-Վիճակը նորմալ է, բայց եթե անհրաժեշտություն առաջանա, ապա մենք դարձյալ կուժեղացնենք:
-Հիմա վտանգ չեք տեսնո՞ւմ, քանի որ թավշյա հեղափոխությունից հետո բավականին աղմկահարույց բացահայտումներ են իրականացվում նախկին պաշտոնատար անձանց գործունեության մասով:
-Գիտեք, պահպանությունը դա համալիր միջոցառումներ են, շատ բան դուք կարող եք տեսնել, շատ բան կարող եք չտեսնել, եթե երկու մեքենա է ուղեկցում, դա չի նշանակում, որ վարչապետի պահպանությունը թույլ է իրականացվում. կան իրականացման տարբեր մեթոդներ, տարբեր տեխնոլոգիաներ, այնպես որ հանգիստ եղեք:
-Արդեն մեկուկես ամիս է, ինչ դուք ապահովում եք ՀՀ վարչապետի անվտանգությունը, հիմա կարո՞ղ եք ասել, թե Նիկոլ Փաշինյանի հետ է հեշտ, թե Սերժ Սարգսյանի:
-Դժվար է ասել:
-Ինչո՞ւ, մենք բավականին մեծ իրավիճակի փոփոխություն ունենք: Նիկոլ Փաշինյանը հաճախ է քաղաքացիների հետ շփվում, մարդկանց մեջ մտնում, գրեթե բոլոր քաղաքացիները կարողանում են նրան մոտենալ, ինչը, օրինակ, չէր անում Սերժ Սարգսյանը:
-Այդ տեսանկյունից մեզ համար դժվար է դարձել:
-Կմանրամասնե՞ք:
-Ամեն անգամ, երբ ինքը մտնում էր ժողովրդի մեջ, մեր թիկնապահները սթրես են ապրում:
-Ինչո՞ւ, սովո՞ր չեն այս իրավիճակներին:
-Ցանկացած նման բան պոտենցիալ վտանգ է ներկայացնում թիկնապահի համար պահպանության տեսանկյունից, թե չէ այլ խնդիր չկա:
-Հիմա այս իրավիճակը հաշվի առնելով` Նիկոլ Փաշինյանի հե՞տ է դժվար աշխատել , թե՞ Սերժ Սարգսյանի:
-Ի՞նչ եք ուզում ինձանից լսել:
-Ո՞ւմ հետ է հեշտ եղել:
-Ես ասացի Ձեզ, ինչ-որ մի բան եք ուզում իմանալ, չկա նման բան, մենք մեր աշխատանքը նորմալ կատարում ենք: Ծառայությունը աշխատում է, հասկանում եք, ծառայության համար նշանակություն չունեն ղեկավարները, մարդիկ սովոր են իրենց գործին, մարդիկ իրենց գործի պրոֆեսիոնալներն են եւ աշխատում են պետության համար:
Քնար Մանուկյան