Նոր կառավարության կազմը գրեթե ամբողջանում է: Երեկ գործադիր մարմնի նիստում հայտնի դարձավ 8 մարզպետի անուն, իսկ վերջնական նշանակումներն էլ շուտով կավարտվն: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` փոփոխություններն այսքանով չեն ավարտվելու: Մարզպետների վերջնական նշանակումից հետո փոփոխություններ են լինելու նաեւ մարզպետարանների աշխատակազմերում: Առաջին հերթին խոսքը փոխմարզպետների փոփոխության մասին է: Ինչպես փոխնախարարների դեպքում, այս անգամ եւս, մեր տեղեկություններով, փոխմարզպետներ կշանակվեն կառավարության կազմում ընդգրկված ուժերի ներկայացուցիչները:
Սակայն պարզվում է՝ կան փոխմարզպետներ, որոնք հանուն պաշտոնի պատրաստ են կասեցնել ՀՀԿ-ի անդամակցությունը:
Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանն այդ պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականից, այս ընթացքում աշխատել է տարբեր մարզպետների հետ, սակայն հիմա էլ դեմ չէ աշխատել նոր իշխանությունների հետ: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե չի պատրաստվում հրաժարական տալ, քանի որ աշխատանքը շարունակելու ցանկություն ունի: «Այս տարիների ընթացքում մարզպետի տեղակալի պաշտոնում իմ աշխատանքը կատարել եմ բարեխղճորեն եւ բարձր մակարդակով»,-ասաց նա: Դիտարկմանը՝ փոխմարզպետները եւս փոխվելու են, նա նշեց. «Ես պատրաստ եմ աշխատել, իմ գիտելիքներն ու ներդրումն ունենալ մարզի զարգացման համար»: Եվ քանի որ ՀՀԿ-ն հայտարարել է, թե նոր իշխանության օրոք պաշտոն ստացողները պետք է սառեցնեն անդամակցությունը ՀՀԿ-ին, փոխմարզպետը ընդգծեց. «Ես հակված եմ աշխատելուն: Եթե անհրաժեշտություն լինի, այո՛, կսառեցնեմ»:
Կոտայքի փոխմարզպետ Կարեն Մարգարյանը, ով այդ պաշտոնը զբաղեցնում է 2012 թվականից, չնայած մարզպետ Կարապետ Գուլոյանի նշանակմանը` դեռ չի որոշել՝ առաջիկայում հրաժարական կտա, թե ոչ: «Դեռեւս այդ հարցին թույլ տվեք չպատասխանել: Կլինեն իրողություններ եւ ինչպես դուք, այնպես էլ հանրությունն այդ մասին կիմանա»: Դիտարկմանը՝ պատրա՞ստ եք նոր իշխանությունների հետ աշխատելու, Մարգարյանը նշեց. «Եկեք դա թողնենք ապագային»: Մարգարյանը նաեւ խուսափեց պատասխանել՝ հանուն պաշտոնի կկասեցնի՞ ՀՀԿ-ի անդամակցությունը, թե՞ ոչ. «Գործընթացները տեղի կունենան, ինչպես դուք, այնպես էլ ողջ հանրությունը տեղյակ կլինի»:
Իսկ ահա Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, ով 2010 թվականից է այդ պաշտոնը զբաղեցնում, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում եւս անկեղծացավ, որ եթե ընտրության առջեւ կանգնի, ապա կընտրի պաշտոնը: Հարցին՝ հրաժարական տալո՞ւ եք, թե՞ ոչ, նա նշեց. «Վաղը մարզպետը կգա, ըստ այդմ էլ կորոշենք՝ հրաժարական տալու եմ, թե շարունակելու եմ: Երկրիս համար պատրաստ եմ շարունակելու աշխատանքս»: Դիտարկմանը՝ այդ դեպքում պետք է սառեցնե՞ք ՀՀԿ-ի անդամակցությունը, ի՞նչ դիրքորոշում ունեք, նա նշեց. «Եթե շարունակեցի, այո՛, պատրաստ եմ: Ես չեմ որոշողը, տեսնենք»:
Նաիրա Հովհաննիսյան