Երեւանում աղբահանությամբ զբաղվող «Սանիտեք» ընկերության գիշերային հերթափոխի աշխատակիցները դիմել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն` խնդրելով հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված իրենց բաց նամակը: Նրանք բողոքում են, որ իրենք աշխատանքային պայմանագիր են կնքել «Սանիտեք»-ի հետ, բայց ընկերությունը այդպես էլ չի կատարում պայմանագրով խոստացածը:
Հարգելի՛ պարոն Փաշինյան, խնդրանքով դիմում ենք Ձեզ: Մենք աշխատում ենք «Սանիտեք» ընկերությունում որպես գիշերային մաքրուհիներ եւ կատարում ենք մեր ղեկավարության կողմից չգնահատաված ամենաստոր աշխատանքը:
Մենք զրկված ենք մեզ հասնող աշխատանքային բոլոր իրավունքներից: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր կնքած պայմանագրով Երեւանը մաքրելու գործը տասը տարով վաճառեց լիբանանյան ընկերությանը, լուծարեց սանմաքրման գրասենյակները, եւ մենք` աղբահանության բոլոր աշխատողներս, ընկանք անելանելի եւ խոսքի իրավունքից զրկված դրության մեջ: Մենք ունենք վարկային մեծ պարտավորություններ եւ դարձել ենք լիբանանյան «Սանիտեք» ընկերության` խոսքից եւ իրավունքից զրկված «ռաբինա իզաուրաներ»:
Մենք`մաքրուհիներս, գիշերները անքուն, ընտանիքից կտրված մաքրում ենք քաղաքի փողոցները: Բայց չնայած դրան` մեր աշխատանքային իրավունքները ոտնահարվում են: Մենք աշխատում ենք կեսգիշերից մինչեւ առավոտյան ժամը 08:00-ն:
Մեր ձեռքում կա աշխատանքային պայմանագիր, բայց մենք չենք օգտվում պայմանագրի ոչ մի կետից, զրկված ենք արձակուրդից, ամսվա 4 օր հանգստից, բացի այդ` չգիտենք, թե որքան տարածք պետք է ավլենք, որ ստանանք 80 հազար դրամ աշխատավարձ: Պարոն Տարոն Մարգարյանը ասաց մեզ, որ մենք ստանալու ենք 500 դոլարին համարժեք դրամ: Աշխատանքային պայամանագրում աշխատավարձի չափը նշված է 107 հազար դրամ գումար, բայց ստանում ենք մոտ 80 հազար դրամ: Աշխատանքային պայմանագրում նաեւ գրված է, որ գիշերային աշխատողը պետք է 32 հազար դրամ հավելավճար ստանա:
Բայց այդ 32 հազար դրամը մենք այս տարիներին երբեք չենք ստացել: Մեզ գիշերն աշխատացնում են եւ հայտարարում են, որ դա ձեր աշխատանքային 8 ժամն է, բավարարվեք: Էլ չենք ասում, որ մեզ տրամադրել են այնքան տարածք, որը ո՛չ չափ ունի, ո՛չ սահման, մեր ուժերից վեր է աշխատել: Մինչդեռ մենք մինչ «Սանիտեք»-ը Երեւանի քաղաքապետարանի կողմից ենք վարձատրվել, 10 հազար դրամ 500 մետր մաքրելու համար, ստացել ենք ամսական 110 հազար 500 դրամ: Բայց երբ «Սանիտեք»-ն է սկսել զբաղվել քաղաքի աղբահանության հարցով, գիշերային մարքուհիների աշխատավարձը ոչ միայն կտրուկ նվազեց, այլեւ աշխատանքի ծավալն ավելացավ: Բայց մեզ խոստացել էին բոնուսներ, հավելավճարներ տալ, չկա:
Պարոն Փաշինյան, հուսով ենք, որ կվերանայեք մեր ամենաանհարգի աշխատանքը, եւ եթե մենք թեկուզ մեկ օր քաղաքը չմաքրենք, ապա այն կվերածվի աղբակույտի: Խնդրում ենք` պահանջեք, որպեսզի «Սանիտեք» ընկերությունը վերանայի մեր չգնահատված աշխատանքը եւ, ի վերջո, կատարի մեր ձեռքերում գտնված պայմանագրում նշված կետերը: Անգամ հանրահավաքների ժամանակ մենք արտահերթ գրաֆիկով ենք աշխատել. փողոցները մաքրել ենք արեւածաղկի կեղեւներից, այլ աղբից, բայց այդպես էլ դրա համար հավելավճար չենք ստացել:
Վերջում «Սանիտեք» ընկերության համար ՀՀ աշխատանքային օրենսգրքի 184 հոդվածում (արտաժամյա աշխատանքի եւ գիշերային աշխատանքի վարձատրությունը) սեւով սպիտակի վրա նշված է, որ արտաժամյա աշխատանքի եւ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար սահմանվում է հավելում` ժամային դրույքաչափի մեկուկես անգամից ոչ պակաս չափով: Նաեւ կողմերի համաձայնությամբ արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար վճարվում է ոչ պակաս, քան աշխատողի համար սահմանված ժամային դրույքաչափը: Իսկ ահա 185-րդ հոդվածում (աշխատանքի վճարումը ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի ու հանգստյան օրերին) նշված է, որ
1. Հանգստյան եւ սույն օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված օրերին կատարված աշխատանքը, եթե դա նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, վճարվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի կրկնակի չափից ոչ պակաս չափով, կամ աշխատողի ցանկությամբ նրան մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին:
2. Աշխատանքի ժամանակացույցով հանգստյան օրը կատարված աշխատանքը վճարվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի կրկնակի չափով:
Հ.Գ. Հուսանք, որ «Սանիտեք»-ի գիշերային մարքուհիների բարձրաձայնած մտահոգությունները չի վրիպի ո՛չ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ո՛չ Երեւանի քաղաքապետի եւ ո՛չ էլառողջապահական տեսչության կողմից: