Ցորենը չցանած՝ հաց ենք ուզում. Վահագ Ռաշ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ, երգահան Վահագ Ռաշը այժմ աշխատում է հայտնի «Վարդը» ստեղծագործության վրա (խոսքերը՝ Գյոթեի, երաժշտությունը՝ Ռոմանոս Մելիքյանի)։ Նա պատրաստվում է այն մատուցել նորովի։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց ինքը՝ Վահագը։ Բացի այդ՝ նա հանդիսատեսի դատին կհանձնի «Բակը» երգը (հեղինակ՝ Հասմիկ Արշակյան)։ «Այդ երգը կարող է արթնացնել մանկության հուշեր, այն կներկայացվի վալսային տարբերակով»,-ասաց Վահագը։ Ի դեպ, նա շուտով համերգով հանդես կգա Արցախում։

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաեւ ներքին քաղաքական կյանքին՝ նշելով, որ մեծ ակնկալիքներ ունի նոր կառավարությունից․ «Նոր կառավարության անդամնրը՝ սկսած վարչապետից, վերջացրած նախարարներով, բարձր ճաշակ ունեն, այնպես որ սպասումներս շատ մեծ են»,-շեշտեց նա։

Վահագի խոսքով՝ առաջնային խնդիրը, որը պետք է լուծի կառավարությունը երգարվեստի ոլորտում, ռադիոյի եւ հեռուստատեսության դաշտը մաքրելն է անորակ կատարողներից․ «Պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել ազգային երաժշտությանը, հարկավոր է դպրոցներում հատուկ քարոզչություն տանել, պետք է այնպես անել, որ նոր կատարողները ստվերում չմնան, որ երկար տարիներ չպահանջվի մի քայլ անելու համար։ Ես դեմ եմ դաշտը մոնոպոլիզացնելուն։ Իհարկե, ասպարեզում շատ տաղանդավոր մարդիկ էլ կան, բայց մենք անընդհատ տեսնում ենք նույն դեմքերին»,-մեկնաբանեց երգիչը։

Նրա համոզմամբ՝ այսօր ոչ ոք իրավունք չունի ձեռքերը ծալած նստելու, եւ ամեն մեկս մեր դերն ունենք երկրի կայացման գործում․ «Չպետք է սպասենք, թե Փաշինյանն ինչ կանի։ Նա միայնակ ոչինչ չի կարող անել։ Չնչին հարցերով չպետք է անհանգստացնենք կառավարությանը։ Ցորենը չցանած՝ հաց ենք ուզում»,-նկատեց Վահագը։

Նրա խոսքով՝ եթե այսպես շարունակվի, իր որդին իսկապես հնարավորություն կունենա ապրելու ազատ եւ երջանիկ Հայաստանում։

Աննա Բաբաջանյան




Լրահոս