Մեր միանալով չէր, շարժումն ինքն էր միացնում մեզ իրեն. Վաչե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը նոր ծրագրերի եւ մեր երկրում տեղի ունեցած փոփոխությունների մասին զրուցել է հումորիստ, դերասան, պրոդյուսեր Վաչե Թովմասյանի հետ։

-Վաչե, բացի «Ոսկե դպրոց» սիթքոմի շրջանակում աշխատելուց՝ պլանավորո՞ւմ եք իրականացնել հումորային այլ նախագծեր եւս։ Կա՞ն նոր ծրագրեր։

-Այժմ սիթքոմը հեռարձակվում է «Արմենիա Պրեմիում»-ի երկրորդ եթերաշրջանում։ Դրան զուգահեռ աշխատում եմ մի քանի նոր հաղորդաշարերի վրա, հանդիսանում եմ դրանց պրոդյուսերը։ Մոտ տասը-տասնհինգ օրվա ընթացքում պարզ կլինեն մեր հստակ անելիքները։ Շատ նոր ծրագրեր կան, բայց այս պահին, ցավոք, չեմ կարող փակագծեր բացել։

-Հետհեղափոխական Հայաստանում ի՞նչ տրամադրությամբ եւ տրամադրվածությամբ եք ապրում։ Ինչպե՞ս են վերջին իրադարձություններն անդրադարձել կոնկրետ Ձեր գործունեության վրա։

-Աշխատում ենք միայն լավի ակնկալիքով, նոր հույսերով առաջ ենք շարժվում։ Աշխատասեր մարդու համար քաղաքական իրավիճակը շատ բան չի փոխում։ Իհարկե, երբ կա հույս, որ աշխատանքդ ավելի կգնահատվի, ավելի ես ոգեւորվում, մեծ եռանդով ես աշխատում։

-Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ բացահայտ կերպով դեմ արտահայտվեց հեռուստատեսային մի ծրագրերի առնչությամբ՝ շեշտադրելով, որ պետք է հեռուստատեսային ծրագրերում պահպանվի բարձր որակ։ Կրթության եւ գիտության նախարարն էլ ավելի վաղ նշել էր, որ հեռուստաընկերությունները անորակ արտադրանքին հակակշիռ պետք է ստեղծեն։ Այս պարագայում, որպես պրոդյուսեր, ավելի պարտավորված չեք զգո՞ւմ հատկապես հումորային հաղորդումների դեպքում պահպանել բարձր որակը։

-Այո՛, բնականաբար կա աշխատանքը ավելի լավ կատարելու ձգտում, սակայն դա ներքին պրոցես է, այնպես չէ, որ այդ ձգտումը վարչապետի հայտարարությունից հետո է ի հայտ եկել ինձ մոտ։ Օրինակ՝ ինձ արդեն ասել են, որ «Ոսկե դպրոց»-ն իր որակական հատկանիշներով ավելի բարձր է, քան «Քարե դարդը», ուրախություն են հայտնել, որ այն ուսուցողական բնույթ է կրում։ Ամեն մեկս մեր ոլորտում զարգանում եւ աճում ենք։ Նախկինում ես «Վիտամին» ակումբի շրջանակում թիմային աշխատանք եմ տարել, հետո արդեն անհատական գործունեություն եմ ծավալել, սեփական հետեւություններս եմ արել, փորձս է ավելացել, եւ արդեն հաջորդ նախագիծն իրականացնելիս այդ աճը, կարծում եմ, զգացվել է։ Հանդես եմ եկել նաեւ որպես սցենարիստ, դա եւս իր դերը խաղացել է։ Համոզված եմ, որ հաջորդ նախագծերը իրականացնելիս միայն առաջընթաց ենք գրանցելու։

-Իսկ որպես քաղաքացի՝ ավելի պահանջատեր դարձե՞լ եք։

-Այո՛, օրինակ` սկսել եմ պահանջել ՀԴՄ-ները (ծիծաղում է)։ Ընդհանուր առմամբ, դեռ շուտ է փոփոխություններից խոսել։ Բայց ես արդեն մարդկանց մոտեցումներում տեսնում եմ դրանք։ Բազմիցս առնչվել եմ սփյուռքի մեր հայրենակիցների հետ եւ այնքան մեծ ուրախություն եմ զգացել, երբ նրանցից շատերը հայրենիք վերադառնալու ցանկություն են հայտնել։ Այդ ներգաղթը պարարտ հող է հայրենիքը զարգացնելու համար։ Բազմիցս հնարավորություն եմ ունեցել ապրելու արտերկրում, սակայն մշտապես մերժել եմ այդ առաջարկները, քանի որ նախընտրել եմ մնալ հայրենիքում։ Մեծ եւ զգալի փոփոխությունների ականատեսը լինելու համար ժամանակ է հարկավոր, բայց, իհարկե, այն, ինչ եղավ մեր երկրում, հրաշալի էր եւ աննախադեպ։

-Իսկ Դուք միացե՞լ էիք ժողովրդական շարժմանը։

-Գիտե՞ք, մինչ օրս ես այդ թեմայով մեկնաբանություն չեմ արել եւ կարծում եմ՝ սխալ կլինի, եթե հիմա անեմ։ Ցանկացած խոսք՝ մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ, արժանանում է բուռն արձագանքների։ Նաեւ այդ է եղել պատճառը, որ ձեռնպահ եմ մնացել մեկնաբանություններից։ Բայց շարժումն այնքան ուժեղ էր, որ չէիր կարող չմիանալ․ մեր միանալով չէր, շարժումն ինքն էր միացնում մեզ իրեն։

-Հիմա ի՞նչ պետք է անել ձեռք բերածը չկորցնելու համար։

-Ամեն մեկս մեր հերթին, մեր բնագավառում պետք է հարգենք օրենքը, շարժվենք դրա համաձայն, ուշիմ լինենք, չփորձենք սադրանքների տրվել, չմեղադրենք մեկս մյուսիս եւ ապրենք սիրո ու համերաշխության մթնոլորտում։

Աննա Բաբաջանյան




Լրահոս