Կառավարության ծրագրում ամրագրված է, որ կոռուպցիայի դեմ պայքարը լինելու է գործադիրի առաջնահերթություններից մեկը: Ծրագրում նշված է․
«Կառավարությունը համոզված է, որ մեր հասարակության ու պետության կյանքի վրա ամենակործանարար ազդեցություն ունեցող երևույթներից մեկը կոռուպցիան է, հետևաբար կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության հիմնական առաջնահերթություններից մեկն է, և այս պայքարում կառավարությունը լինելու է վճռական, հաստատակամ, անզիջում և անհանդուրժող։
Այդ պայքարի արդյունավետության համար անհրաժեշտ է երաշխավորել փոխզսպումների և հակակշիռների սկզբունքի կիրարկումը, իրապես գործարկել գործող օրենսդրական կարգավորումները և մարմինները, ինչպես նաև ներդնել նոր գործիքակազմ։
Այս առումով էական նշանակություն կարող է ունենալ մասնագիտացված, անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը, որը ոչ միայն հնարավորություն կունենա իրականացնել մշտադիտարկում, վերահսկողություն և ուսումնասիրություններ, այլև օժտված կլինի օպերատիվ-հետախուզական, հետաքննական և նախաքննական գործառույթներ իրականացնելու իրավասությամբ։ Ստեղծվելիք մարմնին կվերապահվի կոռուպցիոն իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը»: