Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 3-ին հանդիպում է ունեցել Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են հունիսի 1-ին մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպին եւ դրան հաջորդած զարգացումներին առնչվող մի շարք հարցեր։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցում էին Անվտանգության խորհրդի անդամները, Ազգային ժողովի նախագահի տեղակալը, խմբակցությունների ղեկավարները եւ մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները։
Քննարկվել են մայրաքաղաքում նախօրեին տեղի ունեցած միջադեպին վերաբերող մի շարք հարցեր։ Երկրի ղեկավարը կարեւորել է մանրակրկիտ ու պատշաճ մակարդակով հետաքննության անցկացման անհրաժեշտությունը եւ ընդգծել, որ հնարավորինս սեղմ ժամկետներում մեղավորները պետք է
պատասխանատվության ենթարկվեն՝ օրենքով սահմանված կարգով։ Բակո Սահակյանը շեշտել է, որ երկրում կայունության եւ օրինականության պահպանումը, սահմանների անվտանգության ապահովումը բացառիկ արժեքներ են մեր ժողովրդի եւ համայն հայության համար։
Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի լուծման ուղղությամբ։