Ոստիկանության կողմից Ժիրայր Սեֆիլյանին և ազատությունից զրկված այլ, այդ թվում՝ ՊՊԾ գունդ զինված մուտք գործելու առնչությամբ կալանավորված մի շարք անձանց դատարան չտեղափոխելը Մարդու իրավունքների պաշտպանը նախևառաջ դիտարկում է այդ անձանց անձնական ազատության և արդար դատաքննության իրավունքների երաշխավորման տեսանկյունից: Մյուս կողմից, պետք է նկատի ունենալ նաև ազատությունից զրկված անձի անվտանգության շահն ու նրա պաշտպանության անհրաժեշտությունը:
Ոստիկանությունը, որպես ազատությունից զրկված անձանց դատարան չտեղափոխելու հրապարակային հիմնավորում, նշում է, որ ստացված են եղել օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ Ժիրայր Սեֆիլյանի և ազատությունից զրկված մյուս անձանց աջակիցները կարող են շրջափակել դատարանի շենքը և դատական նիստից հետո թույլ չտալ նրանց տեղափոխել քրեակատարողական հիմնարկներ: Ուստի, ըստ Ոստիկանության՝ Ժիրայր Սեֆիլյանին և մյուսներին դատարան չտեղափոխելը պայմանավորված է եղել նրանց անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին Ոստիկանությունը ներկայացրել է բանավոր պարզաբանում նաև այն մասին, որ ազատությունից զրկվածներին դատարան չտեղափոխելը պայմանավորված է եղել տեխնիկական պատճառներով:
Կոնկրետ իրավիճակում Մարդու իրավունքների պաշտպանը հաշվի է առնում նաև այն, որ ըստ ազատությունից զրկվածների փաստաբանների՝ դատարանը պետք է քննարկեր իրենց պաշտպանյալներից որոշներին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդություններ: Դրանից բացի, ազատությունից զրկված մի քանի անձ Պաշտպանի աշխատակազմ են ներկայացրել բողոքներ՝ կապված Ոստիկանության կողմից դատարան չտեղափոխվելու և իրենց իրավունքների իրականացմանը խոչընդոտելու հետ: Նրանք նույնը պնդել են նաև քրեակատարողական հիմնարկում Պաշտպանի ներկայացուցիչների հետ առանձնազրույցների ընթացքում:
Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ անձնական ազատության և արդար դատաքննության իրավունքները սահմանադրական արժեքներ են, որոնք ապահովող բարձրագույն մարմինը դատարանն է: Դատական որոշման հիման վրա ազատությունից զրկված անձի տեղափոխումը դատարան նպատակ է հետապնդում երաշխավորել այդ անձի մասնակցությունը դատարանի կողմից նախապես նշանակված դատական նիստի: Ոստիկանության կողմից այս պարտականության կատարումն այդ անձի նշված իրավունքների իրացման անհրաժեշտ պայման է: Ոստիկանությունն իր
այդ պարտականությունը պետք է կատարի՝ գործելով այդ նպատակի համար օրենսդրությամբ նախատեսված կարգավորումներին խիստ համապատասխան:
Ազատությունից զրկված անձին դատարան չտեղափոխելը նրա անվտանգության ապահովման նկատառումով յուրաքանչյուր դեպքում պետք է հիմնավորվի ծանրակշիռ փաստարկներով՝ հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է դատական իշխանության մարմնի որոշման կատարմանը և անձի սահմանադրական իրավունքներին: Միշտ պետք է նկատի ունենալ, որ Ոստիկանության կողմից այդ պարտականության չկատարման ռիսկն անձի գտնվելն է անազատության մեջ առանց դատական պատշաճ ստուգման և դատավարության կոնկրետ փուլում արդար դատաքննության հնարավորությունից նրա զրկվելը: Այլ կերպ՝ ազատությունից զրկված անձի անվտանգության շահի հակակշռումը յուրաքանչյուր դեպքում պետք է լինի այն աստիճանի հիմնավոր, որ հնարավոր լինի հաղթահարել անձնական ազատության ու արդար դատաքննության իրավունքների երաշխավորման բարձր շահը և իրավապահ մարմնի կողմից
դատարանի որոշման պահանջի չկատարումը:
Մարդու իրավունքների պաշտպանը, առաջնորդվելով նշված սկզբունքներով, կոնկրետ իրավիճակում Ժիրայր Սեֆիլյանին և ազատությունից զրկված մյուս անձանց Ոստիկանության կողմից դատարան տեղափոխելու պարտականությունը չկատարելը և այդ առնչությամբ բերվող պատճառաբանությունները համարում է անընդունելի: Ուստի, ստեղծված իրավիճակում նշված անձանց դատարան չտեղափոխելը ոչ իրավաչափ միջամտություն է նրանց
անձնական ազատության և արդար դատաքննության իրավունքների իրականացմանը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ: Ոստիկանությանը հասցեագրվել է համապատասխան գրություն: