Նախարար Պապիկյանը Շիրակի մարզում ներկայացրել է նորանշանակ մարզպետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Շիրակի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանին։

Նախարար Պապիկյանը, շնորհավորելով Կարեն Սարուխանյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նրան մաղթելով արգասաբեր աշխատանք, միաժամանակ նշել է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը հայոց պետականության համար իրական ժողովրդավարություն կերտելու նոր հնարավորություններ է բացել։ Այս համատեքստում Սուրեն Պապիկյանը կարևորել է տեղական ինքնակառավարման մարմինների դերը՝ նրանց բնորոշելով որպես տեղերում ժողովրդավարության ակունքներ և հանրության պատվիրակներ, ովքեր պարտավոր են իրենց գործունեության մեջ դրսևորել առավել թափանցիկություն։
Անդրադառնալով պետության համաչափ զարգացման քաղաքականությանը՝ նախարարն ասել է, որ նոր կառավարության գործունեությունը միտված է լինելու Երևանի և հանրապետության մյուս քաղաքների զարգացման միջև առկա տարբերությունների մեղմացմանը՝ այս գործընթացում շեշտադրելով մարզպետարանների դերը:

Նախարարը ներկաներին ծանոթացրել է նաև ՏԿԶՆ-ի կողմից առաջարկվող համայնքների օտարվող հողերի վերաբերյալ օնլայն տեղեկատվական հարթակի գաղափարին, կարևորել մարզերի կողմից պատրաստի բիզնես ծրագրեր ունենալու վարչապետի հանձնարարականը՝ հույս հայտնելով, որ Շիրակի մարզպետարանը ունի կադրային բավարար ներուժ առաջադրված խնդիրները լուծելու համար։
Ամփոփելով՝ նախարարը ևս մեկ անգման մարզային պաշտոնյաներին հորդորել է գործել բացառապես օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում և առաջնորդվել օրենքի գերակայության սկզբունքով։
Նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանը շնորհակալություն է հայտնել նախարար Պապիկյանին վստահության համար և հայտնել, որ հարազատ մնալով կառավարության որդեգրած քաղաքականությանը, քսանչորսժամյա ռեժիմով ծառայելու է Շիրակ աշխարհին և նրա բնակչությանը:




Լրահոս