ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 25-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 22-ամյա երիտասարդի։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով.
«Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2017 թվականի նոյեմբերի 26-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի շենքերից մեկի բակում աղմկելու համար դիտողություն անելու հարցի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն մի շարք անձանց մասնակցությամբ: Վիճաբանության ժամանակ նույն շենքի 22-ամյա բնակիչն իր հետ նախապես վերցրած դանակով հարվածել է 1993թ. ծնված երիտասարդի կրծքավանդակի ձախ կեսի շրջանին ՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ:
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: