«Փաստ» օրաթերթը գրում է. «Արագածոտնի մարզի դատախազ Վիգեն Միլիտոնյանը Բարձրաստիճան պոշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Համաձայն հայտարարագրի՝ Միլիտոնյանը նախորդ տարի ձեռք է բերել նոր բնակարան, որի համար վճարել է 39 միլիոն 900 հազար դրամ: Ըստ նախորդ հայտարարագրերի՝ նրան է պատկանում նաեւ առանձնատուն եւ «LEXUS GX 470» մակնիշի ավտոմեքենա:
Դատախազի դրամական միջոցները նախորդ տարի կազմել են 10 միլիոն դրամ ու 10 հազար ԱՄՆ դոլար: Տարեկան եկամուտները ստացվել են 7 միլիոն 400 հազար դրամ աշխատավարձից եւ 15 միլիոն դրամ, 9 միլիոն 730 հազար դրամ, 6839 եվրո ու 93 հազար ԱՄՆ դոլար ստացված փոխառություններից՝ վարկերից: Վիգեն Միլիտոնյանի անունը լրատվամիջոցներում առաջին անգամ շրջանառվեց մի զավեշտալի դեպքից հետո: 2013թ. Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող մի գործի դատաքննության ժամանակ դատախազի ուղղությամբ պլաստմասե շիշ էր նետվել:
Հեղինակը ամբաստանյալ Արթուր Պետրոսյանն էր, ով մեղադրվում էր «Հրազդան» եւ «Սեւան» քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրելու ընթացքում թմրամիջոցներ ձեռք բերելու եւ իրացնելու մեջ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: