«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ակումբից հեռացել է նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, հայտնում է «Mirror»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, 45-ամյա ֆրանսիացի մասնագետը Պերեսին խնդրել է ձեռք բերել «Չելսիի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարին` հաջորդ մրցաշրջանում կազմն ուժեղացնելու համար, բայց «Ռեալի» նախագահը մերժել է Զիդանին:Պերեսը նաև Զիդանին է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեային ձեռք բերելու իր մտադրության մասին, բայց ֆրանսիացին գոհ էր մադրիդցիների հիմնական դարպասապահ Կեյլոր Նավասից:
Զիդանը, հիշեցնենք, 2016 թվականի հունվարի 4-ին է նշանակվել «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում և մադրիդյան թիմի հետ երեք տարի անընդմեջ նվաճել Չեմպիոնների լիգայի Գավաթը:
«Ռեալը» Զիդանի գլխավորությամբ հաղթել է նաև Իսպանիայի առաջնությունում, երկրի Սուպերգավաթում, ՈւԵՖԱ-ի երկու Սուպերգավաթներում, երկու անգամ էլ դարձել է աշխարհի ակումբային առաջնության հաղթող: Ընդհանուր առմամբ «Արքայական ակումբն» այս ընթացքում Զիդանի հետ 9 տիտղոս է նվաճել: