Բոլորիս շունչը բացվել է. ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետը` նախկին վախերի և ներկայի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես գրել էիք ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ է նշանակվել Կարեն Կարապետյանը, ով 2014 թվականին սեփական դիմումի համաձայն ազատվեց: Նա զբաղեցնում էր Կենտրոնի հարկային տեսչության պետի պաշտոնը: Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը աշխատել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին:

Բայց նրա ու Խաչատրյանի հարաբերությունները լարվեցին դեռեւս 2014 թվականի օգոստոսի 26-ին «Շառլոտ» ակումբում տեղի ունեցած ծեծի հայտնի դեպքից հետո: Ի դեպ, հենց այս դեպքից հետո աշխատանքից ազատվեց Կենտրոնի հարկային տեսչության պետ Կարեն Կարապետյանը: Այդ գործով նա անցնում էր որպես տուժող (վնասել էին նրա գլուխը): Նշենք, որ Կարեն Կարապետյանը ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի կնքահայրն է

Եվ այսպես, ArmLur.am -ը զրուցեինք Կարեն Կարապետյանի հետ` հասկանալու համար, թե ինչպես ստացվեց, որ հեղափոխությունից հետո նա վերդարձավ համակարգ:

-Ինչպե՞ս ստացվեց, որ կրկին վերադարձաք համակարգ:

-Եկել է մի ժամանակ, երբ առաջնայինն արդարադատություն է, ոչ թե ամեն մեկը ներկայացնում է իր ծանոթին կամ բարեկամին: Ես ինքնուրույն աշխատելով քաղաքի տարբեր տարածքներում, տարբեր մարզերում կարողացել էի հասնել բարձր պաշտոնների: Ավարտել եմ կիրառական մաթեմատիկան, գիտությունների թեկնածու եմ, ճեմարանի առաջին շրջանավարտն եմ եղել եւ իմ վերլուծական կարողությունները օգտագործել եմ, կարող եք այդ մասին հարցնել ողջ համակարգին:

-2014 թվականի օգոստոսի 26-ին «Շառլոտ» գիշերային ակումբում տեղի ունեցած ծեծի հայտնի դեպքից հետո ո՞վ Ձեզ ստիպեց գործից ազատման դիմում գրել:

-Ինձ ոչ մեկ չի ստիպել, ես իմ սեփական դիմումի համաձայն դուրս եմ եկել, որպեսզի իմ ղեկավարին էլ պարզ լիներ, քննությունը ապացուցեր, թե ով է մեղավոր: Քննությունը ապացուցեց, ես մեղավոր չէի, սակայն մեղավորները շարունակեցին աշխատել համակարգում, իսկ ես ոչ, այդ հարցերի պատասխանը ստանալու համար կարող եք դիմել նաեւՀատուկ քննչական ծառայություն, թե ես ինչ կարգավիճակ եմ ունեցել այդ միջադեպի արդյունքում, ես ճանաչվել եմ տուժող:

– Իսկ հիմա, որ վերադարձել եք համակարգ, արդյոք ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի գործոնով է պայմանավորված:

-Պարոն Օսիպյանը իմ վաղեմի ընկերն է, եթե իր գործոնը լիներ, այնպես չէ, որ նա պաշտոնազուրկ էր, նա փոխոստիկանապետ էր, որը երկրի կարեւորագույն պաշտոններից մեկն է, այն ժամանակ թող ազդեր, որ ես դիմում չգրեի ու դուրս գայի համակարգից: Երբեւէ որեւէ մեկի հնարավորությունները չեմ օգտագործել, այդ ինչպես է ստացվում, որ 3,5 տարի ազատված եմ լինում չեն ասում, բայց հիմա այդ հարցն են շահարկում: Բոլոս էլ քրիստոնյա ենք, այդ ով քավոր սանիկական հարաբերությունների մեջ չէ: Ես երբեևէ ոչ մեկի մարդը չեմ եղել, ինչ –որ մեկի մարդը մտնում է գործի, աշխատում է, դուս է գալիս, բայց ես ստաբիլ աճ եմ ունեցել 15 տարի, սիրում եմ իմ աշխատանքը եւ անթերի կատարել եմ: Եթե թերություն ունենայի, գոնե մեկ կարգապահական պատասխանատվության կենթարկվեի, բայց միայն խրախուսանքներ ունեմ: Ես շատ շնորհակալ եմ մեր գործող վարչապետին, բոլորիս շունչը բացվել է: Այն ժամանակ, երբ ինձ զանգահարել են, ես վախեցել եմ այդ մասին ասել, քանի որ քո խոսքի համար պատասխանատվություն կկրեիր, կարող է այս երկրում չեք, ապրել չգիտեք, իսկ հիմա ազատ խոսում ենք ամեն ինչի մասին եւ խոսելու ենք: Եթե ես իմ աշխատանքային գործունեության ընթացքում սխալ վարքագիծ դրսեւորեմ, որը պատժի ենթակա է, ապա հրապարակեք ու պատիժս կրեմ:




Լրահոս