Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:
Վարչապետը կարևորել է Եվրոպական միության հետ համագործակցության շարունակական զարգացումը և անդրադարձել կառավարության գործունեության առաջնահերթություններին ու ծրագրերին: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ մեր երկրում տեղի ունեցած իրադարձություններն էապես նպաստել են ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը: Վարչապետի խոսքով՝ ստեղծված բարենպաստ մթնոլորտը նոր խթան կհանդիսանա տարբեր ոլորտներում բարեփոխումների և արմատական փոփոխությունների իրականացման համար: Գործադիրի ղեկավարը շեշտել է, որ կառավարության թիվ մեկ առաջնահերթությունը կոռուպցիայի դեմ պայքարն է և գործադիրի քայլերն ուղղված են ժողովրդավարական ինստիտուտիների զարգացմանը, բիզնես միջավայրի շարունակական բարելավմանը, այդ թվում` ներդրումների պաշտպանվածության բարձրացմանը, մենաշնորհների դեմ պայքարին, պետական գնումների ոլորտում կոռուպցիոն դրսևորումները նվազագույնի հասցնելուն, ներդրումների ներգրավմանը և այլն: «Մենք վճռական ենք մեր կողմից նախանշված նպատակները, ծրագրերն ու միջոցառումները կյանքի կոչելու հարցում՝ կոնկրետ արդյունքներ արձանագրելու նպատակով»,- ընդգծել է վարչապետը:
Պյոտր Սվիտալսկին ողջունել և կարևորել է վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարության ծրագրերը՝ ընդգծելով, որ Եվրոպական միությունը պատրաստ է առարկայական օժանդակություն ցուցաբերել դրանց իրականացմանը, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ժամանակավոր կիրարկման շրջանակում: Դեսպանը նշել է, որ տեսնում է դեպի Հայաստան եվրոպական ներդրումներ ներգրավելու լավ հնարավորություններ, հատկապես, պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում տարբեր ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: Պյոտր Սվիտալսկիի խոսքով՝ եվրոպացի ներդրողները պատրաստ են քննարկել կոնկրետ ծրագրեր:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդարադարձ են կատարել նաև Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային մի շարք այլ հարցերի: