ՀՀԿ-ում շարունակվում է տրոհումը: Մասնավոր զրույցներում ոչ միայն գործարարները, այլ նաեւ մյուս պատգամավորներից մի քանիսն են խոստովանում կուսակցությունից եւ խմբակցությունից դուրս գալու ցանկության մասին` միեւնույն ժամանակ ընդգծելով, թե տարիների անցած ճանապարհն է իրենց հետ պահում՝ կտրուկ քայլեր անելուց, մտածում են, թե կարող է ճիշտ չընկալվել: Միեւնույն ժամանակ խմբակցությունից դուրս չեկողներն այնպես չէ, որ հավատարիմ են մնալու կուսակցությանը, եւ չի բացառվում, որ առաջիկայում քվեարկությունների ժամանակ հետաքրքիր դրսեւորումներ լինեն, մասնավորապես, չվարվեն այնպես, ինչպես հրահանգում է ՀՀԿ խմբակցությունը: Իսկ մինչ այդ էլ խմբակցությունը հերթով լքելու են խմբակցության գործարար թեւերի ներկայացուցիչները:
Օրեր առաջ Արման Սահակյանը հայտարարեց այդ մասին, դրանից հետո Արտակ Սարգսյանը, այսօր էլ՝ Սամվել Ալեքսանյանը: Սակայն այս ամենը չպետք է համարել իրականում ՀՀԿ-ի տրոհում, քանի որ գործընթացը համաձայնեցված է ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի հետ: Օրեր առաջ հենց Արայիկ Գրիգորյանի տանը հանդիպում է եղել գործարարների թեւերի հետ, եւ ՀՀԿ ղեկավարը նրանց ասել է, թե հանգիստ են եւ կարող են առանց որեւէ խնդրի դուրս գալ խմբակցությունից: Նրա այս հայտարարությունը վերաբերում է հենց վարկանիշային ընտրակարգով ընտրված ՀՀԿ-ականներին, ովքեր կողմ էին քվեարկել նաեւ Փաշինյանին: Սակայն այս պարագայում միեւնույն ժամանակ կթուլանա ՀՀԿ-ի դիրքերը խորհրդարանում, եւ քաղաքական առումով կդժվարանա նոր կառավարության ծրագրերին դեմ քվեարկելը: