ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած 26-ամյա երիտասարդի սպանությունը. երկու անձ կալանավորվել է, ևս մեկի նկատմամբ՝ հայտարարվել հետախուզում:
26-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է 2018թ. մայիսի 31-ին Սևանի թերակղզուց դեպի Սևանի կառավարական ամառանոց ավտոճանապարհին կայանված «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղին՝ գլխի շրջանում ջնջխված վերքերով:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում:
Ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են 26-ամյա երիտասարդի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:
Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 26-ամյա երիտասարդը Գյումրիի բնակիչ է, որտեղ իր «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայով իրականացրել է ուղևորափոխադրման ծառայություններ։ Տուժողն իր ավտոմեքենայով ծառայություններ է մատուցել մայիսի 29-ին Գյումրի մեկնած երեք օտարերկրացիներին՝ ազգությամբ վրացի ամուսիններին և նրանց ընկերոջը։ Դեպքի օրը ևս վերջիններիս պատվերով տուժողը նրանց փոխադրել է Սևան: Ըստ քրեական գործի տվյալների՝ ճանապարհին ուղևորներն ալկոհոլ են օգտագործել։ Հասնելով Սևանի թերակղզու տարածքում գտնվող Սևանի կառավարական ամառանոց տանող ավտոճանապարհ՝ տուժողը կայանել է մեքենան, որից հետո ուղևորների և նրա միջև առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ էլ քարերով բազմաթիվ հարվածներ են հասցրել 26-ամյա վարորդի գլխին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ամուսիններին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Եվս մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում:
Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան բաժնին՝ ակտիվ միջոցառումներ ձեռնարկել վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: