ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԻՍՈՒՆ ԵՐԱՆԳՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում սահմանադրական ճգնաժամ է ստեղծվել: ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածով նախատեսված կարգով` խորհրդարանում այսօր կայուն մեծամասնություն ունի Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Սակայն համաժողովրդական շարժման ճնշման արդյունքում ՀՀ վարչապետ ընտրվեց ոչ թե խորհրդարանական կայուն մեծամասնության թեկնածուն, այլ ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, իհարկե, նույն այդ մեծամասնության օժանդակությամբ: Եւ դրանից հետո խորհրդարանական կայուն մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն` հանձինս կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի, երեկ հայտարարեց ընդդիմադիր դառնալու մասին: Սա, համաձայնեք, քաղաքագիտական նոնսենս է. չի կարող խորհրդարանական կայուն մեծամասնություն ունեցող ուժը լինել ընդդիմություն: Ավելին` այդ կուսակցությունը, միեւնույն է, ԱԺ-ում շարունակում է պահպանել ղեկավար պաշտոնները. ո՛չ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ո՛չ էլ ՀՀԿ-ական երկու փոխնախագահները՝ Էդուարդ Շարմազանովն ու Արփինե Հովհաննիսյանը, հրաժարական չեն ներկայացրել ու չեն էլ ներկայացնի, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները: Ու Ըստ էության Հայաստանում ստացվում է հակասական վիճակ. իրեն ընդդիմադիր հռչակած ՀՀԿ-ն խորհրդարանում, այնուամենայնիվ, լինելու է իշխանության կազմում` ղեկավարելով օրենսդիր իշխանությունը: Իսկ գործադիր իշխանությունը ղեկավարելու է Նիկոլ Փաշինյանը, որը նույն այդ խորհրդարանում այս պահին չունի մեծամասնություն, հետեւաբար չունի կայուն հենարան, հետեւաբար նա կաշկանդված է լինելու իր ծրագրերն իրականացնելիս օրենսդրական փոփոխությունների միջոցով իրավական անհրաժեշտ հիմքեր ստեղծելու առումով: Բայց, դե, հիշեցնենք` գործող Սահմանադրությունը ժամանակին գրվեց Սերժ Սարգսյանի «հագով», որպեսզի նա նախագահական լիազորությունների ավարտից հետո շարունակեր պաշտոնավարումը որպես վարչապետ, որպես երկրի փաստացի ղեկավար: Եւ այն ժամանակ «սահմանադրության հայրերի» եւ, ընդհանրապես, որեւէ մեկի մտքով անգամ չէր անցնում, որ Հայաստանում կարող է նման իրավիճակ ստեղծվել: Մեկ արձանագրում էլ. ՀՀԿ-ն լեգիտիմ չէր որպես իշխանություն, ՀՀԿ-ն լեգիտիմ չէ նաեւ որպես ընդդիմություն: Ասել է, թե լեգիտիմության բացակայությունն այս քաղաքական ուժին «հետապնդում է» ամենուր:

 

 

Ինչպես հայտնի է` համաժողովրդական շարժման առաջին իսկ օրերից ՀՀԿ-ից լուրջ արտահոսք է սկսվել. այս օրերին շատ-շատերը հրաժարվում են ՀՀԿ անդամությունից` պատռելով իրենց կուսակցական տոմսերը: Ավելին` առաջիկայում չի բացառվում, որ ՀՀԿ-ն հայտնվի ֆինանսական խնդիրների առաջ: Ի վերջո, մինչեւ հիմա ՀՀԿ-ն ֆինանսավորում էին պաշտոնյաներն ու հայտնի գործարարները, բայց նրանք հազիվ թե ֆինանսավորեն ՀՀԿ-ին, երբ տեսնեն, որ այն այլեւս իշխանություն չէ: Դե յուրե իշխանությունից զրկվելուց հետո էլ ավելի մեծ թափով ՀՀԿ-ն կլքեն պետական աշխատողները, որոնց ժամանակին ստիպողաբար էին կուսակցականացրել, եւ որոնք դեռ երկմտում են՝ անե՞ն վճռական քայլը, թե՞ ոչ: Միայն թե ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե իրենք հանգիստ են տանում կատարվածը. «Չեմ կարծում, որ մի քանի հազար անձ կուսակցության շարքերը կլքի: …Կարող է` գնան, կարող է` նաեւ գնան, ինչ-որ ժամանակ գա, նորից գան: Բայց կուսակցությունն ունի իր հզոր անդամները, որոնք մշտապես գործելու են եւ մնալու են կուսակցության մեջ»,- ասել է Գ. Սահակյանը:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ են հայտնվել քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի դեմ ծրագրված մահափորձի գործով վերջինիս ցուցմունքները: Ինչպես հայտնի է` սպանությունը նախապատրաստելու կասկածանքով կալանավորվել են Արկադի Քոչինյանը, Արտակ Զաքարյանը եւ ոմն Ղազախեցյանը, որոշ ժամանակ անց խմբին օժանդակելու համար կալանավորվել են նաեւ Զոհրաբ Ղումաշյանը, Արտակ Այվազյանը: Եւ ահա, Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը, հարցաքննության ժամանակ հայտարարել է, թե կալանավորվածներից որեւէ մեկին չի ճանաչում: Նա նաեւ ասել է, թե իր համար անհասկանալի է՝ ինչո՞ւ են իրեն այդ անձինք ուզեցել սպանել: «Ընդհանրապես որեւէ մեկի հետ որեւէ տարաձայնություն, խնդիր կամ վեճ չեմ ունեցել թե՛ բիզնեսում, թե՛ բիզնեսից դուրս: Որեւէ մեկի հետ թշնամական հարաբերություն չունեմ: Ինձ համար նույնիսկ անհասկանալի է, եւ մինչ օրս չեմ կարողանում հասկանալ, թե վերոհիշյալ երեք անձինքն ինչու են նախապատրաստվել ինձ սպանել»,- ասել է նա:

 

 

Գաղտնիք չէ, որ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավական ծանր ժառանգություն է ստացել ՀՀԿ-ից. խոսքը տնտեսության վիճակի մասին է, որը հազիվ թե կարելի է գնահատել բարվոք: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ միայն ՀՀ պետական պարտքը մայիսի 1-ի դրությամբ կազմել է 6 մլրդ 867.5 մլն դոլար, մինչդեռ տարսեկզբին այն 6 մլրդ 774.6 մլն դոլար էր: Ասել է, թե նախորդ կառավարությունն այս չորս ամիսներին պետական պարտքն ավելացրել է 92.9 մլն-ով: Ի դեպ, եթե չլինեին ապրիլի կեսերից սկիզբ առած բողոքի ցույցերը, որ վերածվեցին համաժողովրդական շարժման, այս ընթացքում երկրի պետական պարտքն էլ ավելի կշատանար: Պարզապես համաժողովրդական շարժումը պարալիզացրեց իշխանությունների, մասնավորապես կառավարության գործունեությունը` հնարավորություն չտալով ազատորեն վարկային նոր համաձայնագրեր կնքել. դե, միջազգային կառույցներն էլ իրենց հերթին խուսափեցին ՀՀ-ին պարտք տալուց: Մեկ ուշագրավ փաստ էլ. ՀՀ պետական պարտքի առյուծի բաժինը արտաքին պարտքն է՝ 4 մլրդ 927.8 մլն դոլար, իսկ ներքին պարտքը 1 մլրդ 333.6 մլն դոլար է, ընդ որում՝ այս ամիսներին կառավարությունը հետեւողականորեն ավելացրել է հենց ներքին պարտքը:

 

 

 

ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆԸ ՍՊԱՍԵԼԻՍ
Համաժողովրդական շարժումն արձանագրեց իր երկրորդ հաղթանակը: Հիշում եք՝ ապրիլի 23-ին հրաժարական ներկայացրեց Սերժ Սարգսյանը. անձնավորություն, որը մինչ այդ թվում էր անպարտելի, որը մինչ այդ, թվում էր, իշխելու է ցմահ, հատկապես սահմանադրական փոփոխությունների անվան տակ անցկացված քյալագյոզության արդյունքում: Երեկ էլ խորհրդարանը ՀՀ վարչապետ ընտրեց համաժողովրդական շարժման առաջադրած թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին: ՀՀԿ-ն չուզելով, բայց համաժողովրդական շարժման ճնշման ներքո ստիպված էր Փաշինյանի օգտին մի քանի կողմ ձայն ապահովել:
Ասում են՝ երբ մեծ նպատակներ ես հետապնդում, ամեն հաջորդ փուլ ավելի բարդ է, քան նախորդը: Ըստ այդմ, համաժողովրդական շարժման երրորդ ճակատամարտն ավելի բարդ է լինելու, ավելի դժվար: Երրորդ հաղթանակը կլինի այն ժամանակ, երբ արդեն անցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ, անցկացվեն առանց ընտրակաշառքի, առանց ընտրախախտման ու ընտրակեղծիքի: Անցկացվեն այնպես, որ ե՛ւ հասարակությունը, ե՛ւ քաղաքական դաշտն ընդունեն ընտրությունների արդյունքները` ճանաչելով դրա արդյունքում ձեւավորված իշխանության լեգիտիմությունը:
Ըստ այդմ, երբ ԱԺ ընտրությունների արդյունքում Հայաստանում վերջնականապես վերականգնվի իշխանության լեգիտիմությունը /ինչպես 1990-ական թվականներին էր՝ ՀՀ անկախացումից հետո/, կարելի է ասել՝ համաժողովրդական շարժումը տարել է իր վերջնական հաղթանակը:
Հիմա իսկապես շատ բան կախված է նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Թեեւ, եթե անկեղծ լինենք, պետք է արձանագրենք՝ ԱԺ-ում չունենալով կայուն մեծամասնություն` Փաշինյանի համար իսկապես դժվար է լինելու իրագործել նախանշված խնդիրները: Դժվար, բայց ոչ անհնարին, քանի որ խորհրդարանական մեծամասնության փոխարեն Փաշինյանն ունի մեկ այլ կայուն մեծամասնություն՝ հասարակությունը, որի ճնշման արդյունքում ՀՀԿ-ն ստիպված եղավ համաժողովրդական թեկնածուին չուզելով, բայց դարձնել վարչապետ:
Նիկոլ Փաշինյանի քայլերը դեռ հուսադրող են. երեկ նա ԱԺ-ում վարչապետ ընտրվելուց հետո շտապեց Հանրապետության հրապարակ՝ հավաքված մարդկանց հանդիպելու, նրանց առաջ ելույթ ունենալու համար: Ի պաշտոնե խորհրդակցությունների շարք անցկացնելուց հետո արդեն Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցում հանդես եկավ տեսաուղերձով` միաժամանակ մարդկանց ցուցադրելով իր աշխատանքային պայմանները: Վաղը նա կանցկացնի կառավարության անդրանիկ նիստը, արդեն դռնբաց: Ու որեւէ կասկած չկա, աշխատասենյակի պատերում փակվելու փոխարեն, աշխատելիս ՀՀ քաղաքացիների հետ մշտական երկխոսության մեջ գտնվելով, ՀՀ քաղաքացու կարծիքը հաշվի առնելիս նա կկարողանա արդյունքներ գրանցել:




Լրահոս