ԿԱՐՈՂ Է` ԳՆԱՆ, ԿԱՐՈՂ Է` ԺԱՄԱՆԱԿ ԱՆՑ ՆՈՐԻՑ ԳԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին բավական թվով անձինք հրաժարվում են ՀՀԿ անդամատոմսերից` հայտարարելով կուսակցությունից դուրս գալու մասին: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀԿ նախագահի տեղակալ պատգամավոր Գալուստ Սահակյանի հետ:

-Պարո՛ն Սահակյան, վերջին օրերին մի շարք անձինք հրաժարվում են ՀՀԿ անդամ լինելուց, ոմանք հրապարակայնորեն ետ են տալիս կամ պատռում կուսակցության անդամատոմսը: Ստացվում է` կուսակցությունը մեծ խնդիրների առջեւ է կանգնելու:
-Ես այդպես չեմ էլ հետեւում, թե ովքեր են գնում: Սովորաբար միշտ թույլերը հեռանում են: Մարդկության պատմությունն է այդպիսին: Այսօր մենք խոսում ենք ազատ Հայաստանի մասին` չմտածելով, թե այդ անկախությունը որտեղի՞ց եկավ Հայաստան, ովքե՞ր արեցին այդ անկախությունը, ո՞նց կարողացանք անկախ դարձնել: Մարդիկ լրիվ մոռացել են:
-Դուք հիշեցրեք: Ո՞վ է անկախությունն իրականացրել:
-Դա հետագայում, երբ ժամանակը գա, կհիշեցնենք:
-Դառնալով կուսակցությունից դուրս եկողների թեմային, ըստ Ձեզ` ի՞նչն է հիմնական պատճառը, որ դուրս են գալիս:
-Բնականաբար, տարբեր պատճառներով կարող է` չմասնակցեն, կարող է` գնան, կարող է` նաեւ գնան, ինչ-որ ժամանակ գա, նորից գան: Բայց կուսակցությունն ունի իր հզոր անդամները, որոնք մշտապես գործելու են եւ մնալու են կուսակցության մեջ: Ընդհանրապես ասեմ` Հանրապետական կուսակցությունը, եթե նայեք մեր կանոնադրությունը, բավական լուրջ կանոնադրություն եւ ծրագիր ունի Հայաստանի պետության եւ ազգապահպան երեւույթների հավերժության նկատմամբ: Մենք այդ ճանապարհով ենք գնում: Այ, որ օրինակի համար ելույթներ են ունենում, բերում են ժողովրդավարության հետ կապված ցուցանիշներ, որոնք տարբեր առիթներով տարբեր տեղերում նշվել է միջազգային արենայով, այսօր մատուցում են մեր ժողովրդին: Ես, օրինակ, լսեցի Փաշինյանի ճառը, բավականին հետաքրքիր ճառ էր, բայց այնտեղ, համենայնդեպս, չտեսա մեր ազգը, մեր հոգեբանությունը, մեր մոտեցումները: Ասվում էին խոսքեր, որոնք վերաբերում էին ընդհանրապես ժողովրդավարությանը: Թե այդ ժողովրդավարությունը որտեղ պիտի որոնեն եւ որտեղ պիտի գտնեն, կարծում եմ` ծրագրի ընթացքում, երբ կբերի Փաշինյանը, այնտեղ արտահայտված կլինեն:
-Կոնկրետ ի՞նչն էր պակասում Փաշինյանի ելույթում:
-Կարծում եմ` մեր կանոնադրությունը պիտի կարդար եւ ասեր` դա մեր ազգի համար ամենակարեւոր գործոնն է, որն, ըստ էության, ոչ միայն մեր հնարածն է, այլ պատմության զարգացումն է` հայ ժողովրդի պատմության եւ նրա ազգի եւ պետության հետագա հեռանկարներն ապահովելու համար: Այս մասին պիտի խոսք ասեր:
-Այսինքն` Փաշինյանը պետք է ՀՀԿ կանոնադրությո՞ւնը կարդար:
-Չգիտեմ: Ինչ ուզում է` թող կարդան, բայց գաղափարախոսությունը պիտի ունենան:
-Ներկայիս խնդիրներով Հանրապետական կուսակցությունը որքանո՞վ կարող է հաջողություն ունենալ, եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն:
-Այս պահին ընտրություններ չկան: Դեռեւս մենք չգիտենք` ծրագիրը հաստատելու ենք, չենք հաստատելու:
-Իսկ ի՞նչն եք կարեւորում կառավարության ծրագրում:
-Այդ ծրագրի ամենակարեւոր մասն ազգային անվտանգությունն է:
-Պարո՛ն Սահակյան, եթե ստացվի այնպես, որ մի քանի հազար անձ լքի կուսակցության շարքերը, ՀՀԿ-ն ի՞նչ ռեսուրսով է մասնակցելու, օրինակ, արտահերթ ընտրություններին:
-Չեմ կարծում, որ մի քանի հազար անձ կուսակցության շարքերը կլքի: Միշտ մտածեք… այսօր ասում են` հարյուր հազար, երկու հարյուր հազար, երեք հարյուր հազար մարդիկ են մասնակցում ցույցերին: Սովորաբար տվյալ կուսակցությանը մոտավորապես 52, 56 տոկոս ձայն է հասնում: Մնացածները դեմ են: Այնպես որ այդ դեմը կարող է 300.000 լինի: Մարդիկ միշտ մեզ ասում են` բա Ձեր կուսակցականներն ո՞ւր են, մտածում են` մենք էլ մերոնց պիտի հանենք, մեր ժողովրդի առջեւ կանգնեցնենք եւ մեկը մյուսին ոտնահարելով` ճանապարհ բացենք: Մենք այդ ճանապարհով, իհարկե, չգնացինք: Մենք գնում ենք այն ճանապարհով, որը ստեղծել ենք հենց սկզբից, Արցախի պատերազմի առումով, եւ անկախական, որոնք կարողացել են Սովետական շրջանում անկախության գաղափարը տարածել, այդ մարդկանց շնորհիվ ստեղծել ենք այս կուսակցությունը:
-Հիմա վտանգ չե՞ք տեսնում, որ կուսակցությունը կարող է պառակտվել: Եվ գործարար պատգամավորները, եթե այլեւս գումար չտրամադրեն, խնդիրներ կարող են առաջանալ:
-Ոչ, ոչ: Կուսակցությունը մշտապես գործելու է եւ ունենալու է իր կարեւորագույն տեղը մեր հասարակության մեջ:
Հ.Գ. Մի քանի օր է` «Ժողովուրդ» օրաթերթը փորձում է կապ հաստատել ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանի հետ` պարզելու համար, թե քանի անձ է կուսակցությունից դուրս եկել: Սակայն Թադեւոսյանն այդպես էլ զանգերին չի պատասխանում: Միայն մեկ անգամ հեռախոս վերցրեց եւ լսելով, որ իրեն լրատվամիջոցից են զանգահարում, վրդովված ձայնով ասաց, թե զբաղված է եւ շտապ անջատեց հեռախոսը:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

 

ԱՌԱՋԻՆԸ ՇՏԱՊԵՑԻՆ ՀԵՌԱՆԱԼ

Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն անմիջապես հետո հաջորդեց հրաժարականների ու պաշտոնանկությունների շարքը: Ընդ որում, պաշտոնանակությունները եղան ոչ թե Փաշինյանի ձեռամբ, այլ վարչապետի` արդեն նախկին պաշտոնակատար, նախկին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հրամանագրերով: Եվ եթե ըմբռնելի եւ հասկանալի կարող ենք համարել դեռեւս Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո նշանակված նրա խորհրդականների աշխատանքից ազատվելը, ապա կարեւոր պաշտոններ զբաղեցնող անձանց շտապողականությունն այնքան էլ ընդունելի չէ:

Խոսքը մասնավորապես առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի եւ պաշտպանության փոխնախարարների պաշտոնակատարներ Արտակ Զաքարյանի եւ Արտակ Դավթյանի մասին է: Հասկանալի է, որ լինելով ՀՀԿ անդամներ` նրանք շտապել են րոպե առաջ ազատվել զբաղեցրած պաշտոններից, որպեսզի այդ ամենը չանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եւ իրենք էլ գեթ մեկ վայրկյան չհանդիպեն եւ ի պաշտոնե չհամագործակցեն:
Նշենք, որ ըստ Սահմանադրության` նորընտիր վարչապետը հինգօրյա ժամկետում պետք է նախագահին ներկայացնի առաջին փոխվարչապետի եւ փոխվարչապետների պաշտոնների համար թեկնածուներ, որից հետո տասնհինգօրյա ժամկետում էլ ձեւավորի կառավարություն: Հիմա մինչեւ մայիսի 13-ը Փաշինյանը պետք է այդ առաջադրումներն անի: Կարապետյանի քայլը բնական է՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո նա փորձեց իրենով անել իշխանությունը ռուսաստանահայ գործարարների աջակցությամբ, նույնիսկ մերժեց Փաշինյանի հետ իշխանությունը հանձնելու շուրջ բանակցությունների գնալը, չստացվեց. «Մերժիր Սերժին» կարգախոսը վերածվեց «Մերժիր ՀՀԿ-ին», «Մերժիր Սերժի Կարենին»: Այնպես որ, նա «աչքով աչք չունի տեսնելու» Փաշինյանին, թեեւ հրաժարականի դիմում ներկայացնելիս, նաեւ հայտարարություն է տարածել՝ մաղթելով «լավ տրամադրություն», նաեւ խորհուրդներ է տվել:
Իսկ ահա ՀՀ պաշտպանության նախարարի եւ երկու փոխնախարարների քայլը անհասկանալի է: Չնայած փաստացի ՀՀ ԶՈւ-ն համակարգում է գլխավոր շտաբը, եւ Սերժ Սարգսյանի հրաժարականին հաջորդած անիշխանության այս օրերին ԶՈՒ-ն իր առաջ դրված խնդիրները կատարեց ըստ արժանվույն, սակայն նախարարի եւ միանգամից երկու փոխնախարարի բացակայությունը խնդրահարույց է: «Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում գրել էր, որ պաշտպանության նախարարն ու երկու փոխնախարարները հրաժարականների դիմումները գրել էին դեռ մայիսի 4-ից, եւ միայն երեկ հրապարակայնացրին այդ փաստը: Բայց պատճառաբանությունը, թե նրանք քաղաքական իրավիճակի փոփոխության պատճառով են լքում պաշտոնները, մի տեսակ անընդունելի է, հատկապես այս ոլորտի պաշտոնյայի դեպքում: Ի վերջո, ՊՆ-ում աշխատելով` նրանք պարտավոր էին մինչեւ վերջ ծառայել երկրին, իսկ եթե քաղաքական իրավիճակի փոփոխության պատճառով շտապում են հրաժարական ներկայացնել, նշանակում է՝ նրանց պաշտոնն էական չէր, նրանք էական ֆունկցիաներ չունեին, եւ նրանց գնալով կամ մնալով որեւէ բան չէր փոխվում: Որոշակի վերապահումներ կան Վիգեն Սարգսյանի դեպքում, քանի որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո հայտարարել է կադրային փոփոխությունների, այդ թվում` հենց պաշտպանության նախարարին փոխելու մասին, եւ Վ.Սարգսյանը` իմանալով, որ իրեն ազատելու են պաշտոնից, ինքն է ազատվել:
Այժմ Նիկոլ Փաշինյանի առաջնային գործերից մեկն էլ հենց թափուր մնացած պաշտոններում համապատասխան անձանց նշանակումն է, ի վերջո, այդպիսի պաշտոնները երկար ժամանակ չեն կարող առանց ղեկավար մնալ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՑՄԱՀ
Չնայած Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո հրաժարականների եւ պաշտոնանկությունների շարք է սկսվել, սակայն այս առումով երկու պաշտոնյա կարող են հանգիստ լինել: Խոսքը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի մասին է. նրանց ետ կանչելու մեխանիզմներ առկա չեն, քանի որ այս կառույցները համարվում են ապաքաղաքական: Ու եթե օրենքով նախատեսված խախտումներ չանեն, պաշտոնանկ էլ չեն արվի: Եվ այստեղ տեղին է նշել այն հանգամանքը, որ այժմ գործող խճճված Սահմանադրության կնքահայրը հենց Հրայր Թովմասյանն ու Գագիկ Հարությունյանն են, գումարած՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նրանք մի լավ հոգացել էին անել ամեն ինչ, որպեսզի Սերժ Սարգսյանը վարչապետ դառնալուց հետո շատ լծակներ ունենա, պաշտպանված լինի: Բայց արի ու տես, որ այժմ այդ ամենը Նիկոլ Փաշինյանի ձեռքում է: Գաղտնիք չէ, որ Հրայր Թովմասյանին մշտապես չեն սիրել նաեւ իր թիմակիցները, իսկ խճճված Սահմանադրության պատճառով նրան չսիրողների թիվը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նույնիսկ կրկնապատկվել է հենց ՀՀԿ ներսում: Բայց չնայած դրան, Թովմասյանը հանգիստ վայելելու է իր պաշտոնը մինչեւ 65 տարեկան դառնալը:

 

 

ԸՆԿԵԼ ԵՆ ՀԵՏԵՎԻ՞Ց
«Բրաբիոն ֆլորա սերվիս»-ը կրկին հայտնվել է դատարանում: Այս անգամ էլ ՀՀ ֆինանսների նախարարությունն է վերջիններիս դեմ հայց ներկայացրել դատարան եւ պահանջում է 1 միլիոն դրամ: Ավելի վաղ՝ 2017թ. հոկտեմբերին, այս ընկերությանը տուգանել էր ՊԵԿ-ը մոտ 10 միլիոն դրամով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ դրանից հետո ընկերության տնօրինությունը բողոքարկել էր հարկային մարմնի որոշումը՝ դիմելով ՀՀ վարչական դատարան, նաեւ ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովին:

 

 

ԾԽԱԽՈՏԸ ԴԱՐՁՅԱԼ ԹԱՆԿԱՑԱՎ
Հայաստանում ծխախոտի շուկայում կրկին գնաճ է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ թանկացել է ոչ միայն տեղական արտադրության, այլեւ ներմուծված ծխախոտը: Օրինակ` տեղական արտադրության «Արարատ» ծխախոտի մեկ տուփը թանկացել է 50 դրամով` 550-ից դառնլով 600 դրամ: Իսկ ահա ներկրված «Slims» տեսակի սիգարետի մեկ տուփը 420-ից դարձել է 450 դրամ` թանկանալով 30 դրամով: Նշենք, որ Հայաստանում սիգարետի արտադրությամբ զբաղվում է Վարդանյան եղբայրներին պատկանող «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որոնք վերջերս միացան համաժողովրդական շարժմանը: Սակայն ծխախոտի թանկացման պատճառներից մեկը հունվարի 1-ից ակցիզային հարկի բարձրացումն է: Մինչ այս ծխախոտային արտադրանքի համար տնտեսվարողների վճարած ակցիզային հարկը 1 հատիկ ծխախոտի համար ստացվում էր 5.5 դրամ: Սակայն այն դարձել է 7.2 դրամ: Այսինքն` միայն ակցիզի թանկացման պատճառով 1 տուփ ծխախոտը արդեն թանկացել էր 35 դրամով:




Լրահոս