2017 թվականի մայիսի 24-ին հայտնի դարձավ, որ մահափորձ է իրականացվել քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի դեմ: Ավելին` հրապարակվեց այն մասին, որ մայիսի 8-ին անձամբ Դոն Պիպոն կասկածել էր իր դեմ նախապատրաստվող սպանության վերաբերյալ եւ այդ մասին տեղյակ պահել իրավապահ մարմիններին: Նույն օրը սպանությունը նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել էին Արկադի Քոչինյանը, Արտակ Զաքարյանը եւ ոմն Ղազախեցյանը, որոշ ժամանակ անց խմբին օժանդակելու համար կալանավորվել էին նաեւ Զոհրաբ Ղումաշյանը, Արտակ Այվազյանը:
Աղմկահարույց դեպքի բացահայտումից հետո հրապարակվեց, որ կասկածներ կան առ այն, որ մահափորձը պատվիրել է Արտյոմ Հարությունյանը` Կանեւսկոյի Արտյոմը: Սակայն ավելի ուշ գործով մեզ աղմկահարույց մանրամասներ հայտնի դարձան. Դոն Պիպոյի դեմ մահափորձը ծրագրելու մեջ մեղադրվողների պլաններում եղել է նաեւ օրենքով գող Անդրանիկ Սողոյանի` Զապի դեմ նման քայլ կատարելու մտադրություն:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Անդրանիկ Սողոյանի դեմ մահափորձ անելու համար կալանավորված անձանցից մեկը արտերկրից հատուկ քաղաքացու է կանչել Հայաստան` խոստանալով 400 հազար ԱՄՆ դոլար: Համենայն դեպս, նման փաստեր կան քրեական գործով, իսկ թե որքանո՞վ են դրանք հիմնավոր, պարզ կդառնա դատաքննության ժամանակ:
Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի ցուցմունքը, թե ինչ հարցեր են տվել նրան քննիչները եւ ինչ պատասխան են ստացել:
Նախ մինչ ցուցմունք տալը, քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը նշել է. «Հայաստան եմ եկել 2017 թվականի մայիսի 19-ին կամ 20-ին: Հայաստան եկել եմ ընտանիքիս անդամների հետ, որպեսզի էջմիածնում մասնակցեմ ընկերոջս` Վարդանի երեխայի հարսանեկան արարողությանը որպես քավոր: Նախապես պլանավորել էի մնալ 1 ամիս: Ինձ շրջապատում, բացի Արթուրից, դեռեւս մանկուց անվանում են նաեւ Պիպո: Ինչ վերաբերում է սպանության նախապատրաստությանը, ասեմ, որ այս մասին տեղեկացել եմ 2017 թվականի մայիս 24-ին երեկոյան համացանցում տարածված լուրերից, իսկ հեռուստացույցով տեսել եմ, որ ոստիկանությունը ձերբակալել է երեք մարդու, որոնք նախապատրաստվել են ինձ սպանել: Կախված այդ դեպքի հետ, այլ մանրամասների չեմ տիրապետում, տեղյակ չեմ եղել, իմ շրջապատում նման բան չեմ լսել եւ որեւէ արտասովոր բան չեմ զգացել, որը կարող էր ինձ հուշել կամ հասկացնել, որ իմ նկատմամբ նման բան է նախապատրաստվում»:
Քննիչի հարցը – Ձեր սպանության նախապատրաստության կասկածանքով ձերբակալվել են Վանաձորի բնակիչներ Արտակ Այվազյանը, Արկադի Քոչինյանը, Վազգեն Ղազախեցյանը: Ասացեք խնդրեմ` ճանաչում եք, արդյո՞ք, նրանց, եթե այո, ի՞նչ հարաբերությունների մեջ եք գտնվում նրանց հետ:
Արթուր Ասատրյանի պատասխանը – Ես նրանց չեմ ճանաչում եւ երբեւէ նրանց հետ որեւէ հարաբերություն չեմ ունեցել:
Քննիչի հարցը – Իսկ Զոհրաբ Ղումաշյան անուն-ազգանունով անձի ճանաչո՞ւմ եք:
Պատասխան – Այդ անձնավորությունը անծանոթ է, նման անձի չեմ ճանաչում:
Հարց – Երբեւէ որեւէ մեկի հետ տարաձայնություն, խնդիր, ընդհարում, վեճ ունեցե՞լ եք, թշնամական հարաբերություններ որեւէ մեկի հետ ունեցե՞լ եք, թե՞ ոչ:
Պատասխան – Ընդհանրապես որեւէ մեկի հետ որեւէ տարաձայնություն խնդիր կամ վեճ չեմ ունեցել թե՛ բիզնեսում, թե՛ բիզնեսից դուրս: Որեւէ մեկի հետ թշնամական հարաբերություն չունեմ: Այստեղ կուզեի ավելացնել, որ ինձ համար նույնիսկ անհասկանալի է, եւ մինչ օրս չեմ կարողանում հասկանալ, թե վերոհիշյալ երեք անձինք ինչո՞ւ են նախապատրաստվել ինձ սպանել:
Հարց – Իսկ Դուք որեւէ տեղեկություն ունե՞ք, թե նրանք ինչու են Վանաձորից եկել Էջմիածին, որտե՞ղ են բնակվել, եւ արդյո՞ք տունը, որտեղ բնակվել են, մոտ է Ձեր տանը:
Պատասխան – Ես այդ մասին որեւէ տեղեկություն չունեմ, միայն կապված նրանց կողմից Էջմիածնում բնակվելու հետ` կասեմ միայն, որ ես, երբ ծանոթացա ինձ տուժող ճանաչելու որոշմանը, իմացա, որ նրանք վարձել են Էջմիածին քաղաքի սպարապետ Վազգեն Սարգսյան փողոցի 1 Ա հասցում գտնվող տունը, թե ումն է պատկանում, տեղյակ չեմ: Կասեմ, որ այն գտնվում է իմ տան հարեւանությամբ, որտեղ ես ու ընտանիքս մշտապես բնակվում ենք: Ես ամեն օր այդ հասցեում գտնվող տան դիմացի ճանապարհով եմ գնում տուն, այնտեղով է ճանապարհն իմ տուն տանում, իսկ այդ տան եւ իմ տան ճակատային մասերը նայում են իրար:
Հարց – Ասացեք խնդրեմ` Հայաստան գալուց հետո` մինչեւ մայիսի 24-ը, որտե՞ղ եք գտնվել, ինչո՞վ եք զբաղվել եւ ե՞րբ ուր եք գնացել:
Պատասխան – Հայաստան գալուց հետո` մինչեւ մայիսի 24-ը, գրեթե ամեն օր գտնվել եմ Էջմիածնում: Հիշում եմ, որ մի օր, երեւի մայիսի 22-ին, Երեւան եմ գնացել, ընկերներիս հետ հանդիպել, Աբովյան փողոցում գտնվող «Ծիրան» ռեստորանում հաց ենք կերել, որից հետո վերադարձել եմ Էջմիածին: Նշեմ, որ այդ օրերին հիմնականում եղել եմ իմ տանը կամ եղբորս` Արմեն Ասատրյանի այգում:
Հարց – Դուք որտե՞ղ եք եղել մայիսի 24-ից հետո, երբ իմացել եք սպանության նախապատրաստության մասին:
Պատասխան – Գտնվել եմ Էջմիածնի մեր տանը: Միայն մայիսի 25-ին` ժամը 20-ից 21-ի սահմաններում, եղել եմ Երեւանում, Տերյան փողոցի վրայի «Պանդոկ» ռեստորանում, որտեղ հանդիպել եմ Իտալիայից եկած իմ հյուրերին ու վերադարձել եմ Էջմիածին:
Հարց – Նախաքննության ընթացքում տեղեկություններ է ձեռք բերվել, որ Ձեր հրահանգով վերոհիշյալ անձանց Էջմիածնում առեւանգել են, մի քանի օր պահել տարբեր վայրերում, նրանց նկատմամբ բռնություն գործադրել, ցույց տվել նրանց ընտանիքի անդամների լուսանկարները, սպառնացել նրանց, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամներին վնասել, որպեսզի հայտնեն Ձեր սպանության պատվիրատուների անունները, եւ միայն մի քանի օր անց եք նրանց բաց թողել: Ի՞նչ կասեք այդ մասին:
Պատասխան – Այդ ամենը իրականությանը չի համապատասխանում, դրանք հերյուրանքներ են, ավելացնելու ոչինչ չունեմ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԱՏՈՒԿ ՓԱԿԱՆՆԵՐ
2017 թվականի հոկտեմբերին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, անդրադառնալով բազմաբնակարանային շենքերի գողությունների մտահոգիչ ցուցանիշներին, առաջարկել էր Երեւանի քաղաքապետին եւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին` քննարկել եւ գործուն քայլեր ձեռնարկել Երեւանի ու ՀՀ մարզերի տարածքներում գտնվող բազմաբնակարան շենքերը տեսախցիկներով, շենքերի մուտքերի դռները հատուկ, կոդավորվող փականներով հագեցնելու ուղղությամբ: Եվ ահա ամիսներ առաջ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականը կարծես թե աչքաթող չի արվել: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս օրերին Երեւանում շենքերի մուտքերի դռները հատուկ գաղտնաբառով փականներ են տեղադրվում եւ քաղաքացիներին հայտնում են, որ այս քայլին գնում են` քաղաքացիների անվտանգությունը քիչ թե շատ ապահովելու համար: Նման գործընթաց սկսվել է քաղաքի տարբեր վարչական շրջաններում: Միայն թե դեռ հստակ պարզ չէ՝ քաղաքապետարանը, թաղապետարաններն ու համատիրությունները այս աշխատանքներն իրականացնելիս որքա՞ն ատկատ են անում, իսկ որ նրանք անում են, փաստ է:
ՎԵՐՆԻՍԱԺԻ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐԸ
Վերնիսաժի կրակոցների գործով կալանավորված Ռաֆիկ Խաչատրյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքով քննությունը կիրականացնի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը: Հայտնել էինք, որ իրավապահ համակարգը չսպասեց այս գործով հետախուզման մեջ գտնվող եւ Վրաստանում հայտնաբերված մեղադրյալներին Հայաստան տեղափոխելուն եւ Ռաֆիկ Խաչատրյանի մասով քրեական գործը ուղարկեց դատարան: Հիշեցնենք, որ Վերնիսաժի կրակոցների գործից անցել է 8 ամիս, եւ դեռեւս իրավապահները Վրաստանից Հայաստան չեն տեղափոխել մեղադրյալներին` Ալբերտ Բլբուլյանին եւ Արմեն Կարադավիդովին, որոնց կրակոցների արդյունքում սպանվել էր Ալավերդի քաղաքի բնակիչ Գագիկ Մոսիյանը: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն փոփոխել է Ռաֆիկ Խաչատրյանի մեղադրանքը: Սկզբում նրան մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձ կատարելու, օժանդակելու, ապօրինի զենք պահելու, կրելու համար, սակայն մեզ հայտնի դարձավ, որ նախաքննություն իրականացնող մարմինը նրան ընդամենը մեղադրանք է առաջադրել` ապօրինի զենք տեղափոխելու համար:
ԽՈՇՈՐ ՎԹԱՐ
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Երեւան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են ԹԸի 2107 եւ Mercedes մակնիշների ավտոմեքենաները: 3 հոգի, որոնցից մեկը` երեխա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի ԲԿ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարեւանությամբ գտնվող անվադողերի արհեստանոցի աշխատակիցները: Վիրավորներից երեխան հարվածի հետեւանքով ավտոմեքենայից դուրս է շպրտվել:
ՍԿՍԵԼ Է ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԸ
Նիկոլ Փաշինյանը երեկ ՀՀ վարչապետ ընտրվելուց եւ նախագահի հրամանագրով նշանակվելուց հետո սկսել է աշխատանքային հանդիպումների շարքը: Նա ընդունել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին եւ ԱԱԾ տնօրենի տեղակալներին: Գեորգի Կուտոյանը վարչապետ Փաշինյանին զեկուցել է երկրում անվտանգության հետ կապված իրավիճակը եւ նշել, որ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է բարձր պատասխանատվությամբ իրականացնել իր առջեւ դրված խնդիրները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանին, պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին եւ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին: Վարչապետին զեկուցվել են պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի կատարման ընթացքն ու 2018թ. առաջին չորս ամիսների ցուցանիշները: Նիկոլ Փաշինյանն այս փուլի հրատապ խնդիրներից մեկը համարել է պետբյուջեի եկամուտների եւ ծախսերի պատշաճ կատարումը եւ պատասխանատուներին խնդրել մինչ կառավարության նոր կազմի ձեւավորումը շարունակել ջանքերն այդ ուղղությամբ:
ԱՐԱՄ ԱՌԱՋԻՆԻ ՈՒՂԵՐՁԸ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղած շնորհավորական ուղերձում ասել է, որ ժողովրդի թեկնածուն լինելը մեծ պատիվ է ու միաժամանակ` ծանր պարտավորություն: «Մենք հետեւել ենք Ձեր առաջնորդությամբ տեղի ունեցած ժողովրդային շարժմանը եւ հայրենիքում ընկերային արդարություն հաստատելու Ձեր խոստմանը: Գնահատեցինք Ձեզ, երբ մեր ժողովրդի զավակներին հեռու պահեցիք բռնարարքներից ու արյունահոսությունից: Ակնկալում ենք, որ հայրենի մեր ժողովրդի, Արցախի ու մեր ազգի գերագույն շահերն ու ձգտումները քաղաքական նկատառումներից վեր կդասեք: Ջերմորեն շնորհավորում ենք Ձեր ընտրությունը, մշտապես մնալու ենք աջակից Ձեզ ու Ձեր գլխավորած կառավարությանը»,-ասված է նամակում:
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՎՐԱՍՏԱՆԻՑ
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: «Շնորհավորում եմ Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վրաստանը հաստատակամորեն աջակցում է եղբայրական Հայաստանին: Ակնկալում եմ Վրաստանի եւ Հայաստանի միջեւ ամուր եւ բարեկամական կապերի հետագա ամրապնդում»,-գրել է Կվիրիկաշվիլին սոցցանցի իր էջում: