10+1, ԹԵ 12+1. ՈՎՔԵՐ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՔՎԵԱՐԿԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում 59 կողմ, 42 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդդիմադիր թեկնածու Նիկոլ Փաշինյանը ընտրվեց վարչապետ: Այս անգամ, որքան էլ զարմանալի էր, ՀՀԿ խմբակցությունը հավատարիմ մնաց պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու որոշմանը, եւ ՀՀԿ խմբակցությունից 12+1 պատգամավոր կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանին: Հետաքրքիրն այն է, որ իր ելույթի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, թե որոշում է կայացվել, որ իրենց կուսակցությունից 10+1 պատգամավոր կքվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին: Իսկ +1 պատգամավոր ասվածն ուղղված էր Ֆելիքս Ցոլակյանին, ով դեռեւս մայիսի 1-ի քվեարկության ժամանակ էր կողմ արտահայտվել:

Սակայն ուշագրավ է, որ քվեարկության ժամանակ ոչ թե 10+1, այլ 12+1 ձայն ստացվեց: Եվ այսպես` կողմ քվեարկող ՀՀԿ-ական պատգամավորներն են՝
Արսեն Միխայլով,
Կնյազ Հասանով,
Միհրան Պողոսյան,
Արման Սահակյան,
Սամվել Ալեքսանյան,
Աշոտ Արսենյան,
Արայիկ Գրիգորյան,
Շիրակ Թորոսյան,
Սեյրան Սարոյան,
Մանվել Գրիգորյան,
Ֆելիքս Ցոլակյան,
Մուրադ Մուրադյան,
Արտակ Սարգսյան:
Այս ցանկում նշված պատգամավորներից թերեւս անակնկալ էին Միհրան Պողոսյանի եւ Մուրադ Մուրադյանի քվեարկությունները: Մյուս 10 պատգամավորների կողմ քվեարկելու հանգամանքն ի սկզբանե հայտնի էր: Սակայն ինչ փոխվեց երեկվանից հետո:
Նշենք, որ երեկ Միհրան Պողոսյանը ԱԺ դահլիճից դուրս եկավ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ, եւ ուղեւորվեցին ՀՀԿ-ական պատգամավորի աշխատասենյակ, որտեղ նրանց հետ էին նաեւ Արթուր Գեւորգյանն ու Վահան Հարությունյանը: ԱԺ դահլիճ վերադառնալով` Սասուն Միքայելյանը չպատասխանեց հարցին՝ ինչ էր քննարկում Միհրան Պողոսյանի հետ, եւ արդյոք մայիսի 1-ի նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի շարունակությունն էր: Ի պատասխան` Սասուն Միքայելյանը միայն նշեց, թե իրավունք ունի շփվել այլ պատգամավորների հետ:
Ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Կնյազ Հասանովը դեռեւս օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, թե նաեւ մայիսի 1-ին էր ցանկացել քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին, սակայն ըստ էության զոհ է գնացել ընդհանուր խմբակցության որոշմանը եւ դեմ քվեարկել: «Մենք` որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, աջակցելու ենք ժողովրդի թեկնածուին», – նշել էր նա: Արսեն Միխայլովը եւս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, թե Փաշինյանին կողմ քվեարկելու մեջ խնդիր չի տեսնում:
Հանրապետական խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանի կողմ քվեարկելը եւս անակնկալ է եղել: «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Մուրադ Մուրադյանը չցանկացավ հարցերի պատասխանել եւ ասել՝ ինչու հանկարծ այդպես որոշեց կողմ քվեարկել Փաշինյանին: Մուրադյանը միայն նշեց, թե խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր ելույթում հայտնել էր, թե աջակցելու են, ինքն էլ աջակցեց եւ այդտեղ որեւէ զարմանալի բան չի տեսնում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրականում Մուրադյանի կողմ քվեարկելն անակնկալ է եղել նաեւ խմբակցության համար, եւ նա իր ցանկությամբ է այդպես քվեարկել, այլ ոչ թե խմբակցության հորդորով:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը նշեց, թե հետագայում պատրաստ է աշխատանքի մեջ ամեն ինչով օգնել Նիկոլ Փաշինյանին: Իսկ դիտարկմանը՝ ինչու այս անգամ կողմ քվեարկեցիք նրան, նա նշեց. «Ինձ ժողովուրդը մի ձայն է տվել, ես էլ դա տվեցի ժողովրդի թեկնածուին»:
Ուշագրավ է, որ քվեարկության արդյունքների մասին հայտնի դառնալուց հետո Հանրապետական խմբակցության մի քանի պատգամավորներ, այդ թվում՝ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ցուցադրաբար դուրս եկան ԱԺ դահլիճից՝ չսպասելով անգամ Նիկոլ Փաշինյանի վերջին խոսքին: ԱԺ դահլիճը լքած պատգամավորների թվում էին նաեւ Գալուստ Սահակյանը, Սամվել Նիկոյանը, Հակոբ Հակոբյանը: ՀՀԿ-ականները երեկ անասելի տխուր դեմքով էին, եւ տպավորություն էր, թե նրանք մերձավոր հարազատի հոգեհանգստից էին վերադառնում: Հատկապես ընկճված էին երիտհանրապետական Կարեն Ավագյանը, Արմեն Աշոտյանը, Շուշան Պետրոսյանը եւ այլք: Բայց, դե, ՀՀԿ-ականների այս շփոթմունքն ու ընկճվածությունը բնական է. երկար տարիներ նրանք եղել են իշխանության գլխին, առաջնորդվել են «մեր դեմ խաղ չկա» սկզբունքով` վստահ լինելով, որ առաջիկա 50 տարիներին եւս ՀՀԿ-ն է իշխելու: Նրանք մինչեւ վերջին վայրկյանը չէին հավատում, որ իշխանությունը գնում է իրենց ձեռքից: Բայց այս ամենն այլեւս իրողություն է: ՀՀԿ-ն եւ Սերժ Սարգսյանը հեռացվեցին իշխանությունից, այն էլ բավական ամոթալի կերպով:
Ինչ վերաբերում է Փաշինյանին դեմ քվեարկած պատգամավորներին, ապա հատկանշական է, որ նրանցից մեկն էլ Հակոբ Հակոբյանն էր՝ Թունելի Հակոբը, որ դեռեւս մայիսի 2-ին, երբ այցելել էր իր ընտանիքին պատկանող ՀԷԿ-երի մուտքերը փակած գյուղացիներին, նրանց խոստացել էր, թե կողմ կքվեարկի Նիկոլ Փաշինյանին, ընդ որում, նա այդպիսի խոստում էր տվել նաեւ իր կուսակիցներին, բայց վերջին պահին խաբեց ընտրողներին:
Գործարար պատգամավորներից միայն Արկադի Համբարձումյանը դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանին: Ի սկզբանե որոշված է եղել, որ պետք է բոլոր գործարար-պատգամավորները կողմ քվեարկեն, սակայն Համբարձումյանն ի սկզբանե հայտարարել է, թե ինչ էլ պատահի՝ ինքը Փաշինյանին կողմ չի քվեարկի: Կողմ քվեարկողների վերջնական ցուցակն էլ հստակեցվել էր երեկ՝ խմբակցության նիստի ժամանակ, սակայն Մուրադ Մուրադյանի եւ Միհրան Պողոսյանի քվեարկություններն ամեն դեպքում անակնկալների ժանրից են եղել:
Հավելենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանը վարչապետ էր ընտրվել 77 կողմ ձայնով: Այդ ժամանակ նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել ամբողջ ՀՀԿ խմբակցությունը, ՀՅԴ-ն եւ «Ծառուկյան» խմբակցության 12 պատգամավոր:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԱՂՔԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ «ՄՏԱՀՈԳՎՈՂ», ՀԱՐՍՏԱՑՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

ՀՀ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Թունելի Հակոբի ունեցվածքը տարեցտարի ընդլայնվում է ու ընդլայնվում: «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա դրամական միջոցները անցած տարեվերջին կազմել են 22 հազար դոլար, 3.5 մլն դրամ: Իսկ ահա փոխառության գումարը տարեվերջին կազմել է 170 հազար դոլար եւ 120 մլն դրամ:

ՀՀ Աժ առողջապահության սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբյանը որպես եկամուտ հայտարարագրել է երկու ընկերությունից ստացած շահաբաժինը, որը ընդհանուր կազմում է 220 մլն 662 հազար դրամ: Իսկ աշխատավարձը ամսական կազմում է 628 հազար դրամ: Ի դեպ, տեղեկացնենք, որ խոսքը այն պատգամավորի մասին է, ով նախորդ տարվա վերջին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել էր, որ «թանկացումները աղքատներին չեն վնասում, քանի որ միեւնույն է` նրանք այդ թանկացող ապրանքը չեն գնում»:
Բայց սա դեռ ամենը չէ. այս պատգամավորի` պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշված է, որ ունի 9 հատ հողամաս, անհատական բնակելի երեք հատ տուն, երեք հատ հողին ամրացված այլ անշարժ գույք: Բացի այս` Հակոբյանը 4 ընկերություններում հայտարարագրել է մոտ 30 մլն դրամի եւ 1500 ռուսական ռուբլիի չափով բաժնետոմս:
Իսկ ահա նրա որդին` Պարույր Հակոբյանը, մեկ ընկերությունում ունի 44 մլն 159 հազար դրամի չափով բաժնետոմս: Նրա փոխառությունները տարեվերջին կազմել են 515 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը, որը ընդհանուր ամսական կազմել է ավելի քան 1 մլն 586 հազար դրամ: Նա մեկ ընկերությունից ստացել է 930 հազար դրամի շահաբաժին, իսկ տրված փոխառությունների դիմաց տոկոսը կազմել է 38 հազար դոլար: Ավելին` նա 9.1 մլն դրամով գույք է վաճառել:
Տեղեկացնենք, որ երեկ Հակոբ Հակոբյանը դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն: Մինչդեռ օրեր առաջ նա Վարդենիկ գյուղում իր ընտանիքին պատկանող ՀԷԿ-երի ջրամատակարարումը փակած գյուղացիներին խոստացել էր մայիսի 8-ին կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին: Հերթական ապացույցը, որ նա կարող է խաբել ցանկացածին: Այդքանից հետո, չի բացառվում, որ վարդենիկցիները նորից փակեն նրա ՀԷԿ-երի ջրամատակարարումը՝ որպես պատիժ իրենց խաբելու համար: Հետաքրքիր է` այս անգամ ի՞նչ խոստումով է մոտենալու գյուղացիներին: Հիմա էլ հո նա իշխանություն չէ, որ փորձի գործի դնել ուժային միջոցներ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՎԵՐՋԻՆ ԼԱՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու մասին վերջերս 2 որոշում է ընդունել: Մայիսի 3-ի որոշմամբ նա մարզպետարանի «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված միջոցներից սոցիալական աջակցության նպատակով թվով 71 քաղաքացիների 2 միլիոն 820 հազար դրամ միանվագ դրամական օգնություն է տրամադրել: Մարզպետը մայիսի 4-ին որոշել է նույն հոդվածով նախատեսված միջոցներից 61 քաղաքացիների տրամադրել 2 միլիոն 960 հազար դրամի օգնություն: Երկու որոշումներում էլ նշված է, որ գումարները տրվում են համաձայն հավելվածի, սակայն հավելվածները Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում հերթական անգամ չեն հրապարակվել: Նախորդ տարիներին մարզպետարանի ինտերնետային կայքում հրապարակվում էին պետական բյուջեից միանվագ դրամական օգնություն ստացած քաղաքացիների անուն-ազգանունները, նրանց ստացած գումարների չափերը, սակայն ներկայումս դրանք չեն հրապարակվում: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթի ուղարկած գրավոր հարցմանն ի պատասխան` մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը հայտնել է, որ պարգեւատրումների մասին որոշումների հավելվածները մարզպետարանի պաշտոնական կայքէջում չեն տեղադրվում` հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը: Հարց է ծագում` նախորդ տարիներին մարզպետարանի կայքում պետբյուջեից դրամական օգնություն ստացած քաղաքացիների անուն-ազգանունները եւ նրանց ստացած դրամական օգնության չափերը երբ հրապարակում էին, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջները ինչո՞ւ հաշվի չէին առնում:
Նկատենք, որ, օրինակ, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի մարզպետարաններն իրենց ինտերնետային կայքերում հրապարակում են օգնություն ստացած քաղաքացիների անուն-ազգանունները, նրանց ստացած գումարների չափերը, եւ ըստ Տավուշի մարզպետի տրամաբանության` ստացվում է, որ գործընկերները օրենք են խախտում: Մի տեսակ զավեշտալի է հնչում, բայց, դե, սա է իրականությունը:
Տավուշի մարզում բազմաթիվ են տեղեկությունները, որ Հայաստանի նոր կառավարության ձեւավորումից հետո Հովիկ Աբովյանը որպես մարզպետ չի պաշտոնավարելու: Իջեւան քաղաքից հայտնում են, որ Հ. Աբովյանը մարզպետի աշխատասենյակից արդեն տեղափոխել է իր անձնական իրերը: Տավուշի մարզպետի կողմից դրամական վերջին օգնությունները կարելի է համարել հեռացող մարզպետի լավությունը առողջական եւ սոցիալական խնդիրներ ունեցող քաղաքացիներին պետբյուջեի միջոցների հաշվին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս