ՀՀԿ-ԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԸ ՉԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին ՀՀԿ-ականների պահվածքն արդեն խղճահարություն է առաջացնում: Երեկ Հաղթանակի օրվա եւ Շուշիի ազատագրման կապակցությամբ միջոցառումներ անցկացվեցին Երեւանում ու Ստեփանակերտում: Բայց արի ու տես, որ ՀՀԿ-ական վերնախավը ներկա չի գտնվել հայկական երկու մայրաքաղաքներում անցկացված միջոցառումներին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԼՂՀ իշխանությունները Ստեփանակերտում տեղի ունեցած միջոցառումներին մասնակցելու հրավեր էին ուղարկել Սերժ Սարգսյանին, սակայն վերջինս ներկա չէր. այլ բավարարվել էր ՀՀ եւ ԼՂՀ նախագահներին շնորհավորական ուղերձ հղելով: Սակայն Սարգսյանն իր բացակայությունը պատճառաբանել է. «Որպես ի՞նչ գամ այդտեղ»:
Նկատենք, եթե նախկինում ՀՀԿ իշխանական վերնախավը Ս. Սարգսյանի աչքին երեւալու եւ սիրաշահելու մղումով ամենուր հետեւում էր նրան, հսկայական պատվիրակությամբ գործուղման մեկնում ԼՂՀ, ապա այս անգամ, ընդհակառակը, Ստեփանակերտ չէին գնացել: Անգամ Երեւանում` Հաղթանակ զբոսայգում, անհայտ զինվորի հուշաքարին այցելած պաշտոնյաներին մատների վրա կարելի էր հաշվել: Զբոսայգի կառավարության անդամներից այցելել էր միայն ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը եւ ՊՆ պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը, իսկ մյուս նախարարները չկային: Հաղթանակի զբոսայգում էր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, սակայն առանց ՀՀԿ-ական պատգամավորների. նրան չէին ուղեկցում անգամ տեղակալները՝ Էդուարդ Շարմազանովն ու Արփինե Հովհաննիսյանը, էլ չենք խոսում մյուս պատգամավորների, այդ թվում՝ հանձնաժողովների նախագահների մասին: Եվ սա այն դեպքում, երբ նախորդ տարի նույն այդ ՀՀԿ-ականները լայն ժպիտներով գալիս էին զբոսայգի, վետերանների հետ նստում ճաշելու: Կարելի է ենթադրել, որ մինչ այս նրանք ստիպված էին նման միջոցառումների մասնակցել ու հիմա որոշել են վայելել ազատությունը: Կամ ՀՀԿ-ականների համար այս տոները տոն էին, քանի դեռ նրանք իշխանություն էին: Կա նաեւ երրորդ տարբերակը. ՀՀԿ-ն կորցնում է իշխանությունը, եւ հիմա նրանք սգի մեջ են:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մոտ 10 օր առաջ, մինչ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը իր մոտ է հավաքել ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցներին, խոսել կատարած եւ չկատարած աշխատանքների մասին, շնորհակալություն հայտնել շուրջ 1,5 տարվա համագործակցության համար: Ըստ էության այս քայլով Արթուր Դավթյանը հրաժեշտ է տվել իր աշխատակիցներին՝ հասկացնելով, որ ինքը որոշ ժամանակ անց վայր է դնելու լիազորությունները: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել ՀՀ գլխավոր դատախազությունից, սակայն ի պատասխան մեր տեղեկության` ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը հայտնեց, որ ապատեղեկատվություն է: Հիշեցնենք, որ Դավթյանն ԱԺ որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազ է նշանակվել 2016թ. սեպտեմբերին՝ 6 տարի ժամկետով:

 

 

 

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե իրենց կուսակցության անդամ նախարարները վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության մաս չեն կազմի: «Մենք կառավարության ձեւավորմանը չենք մասնակցում: Եվ ոչ միայն չենք մասնակցում, այլ նաեւ հարգելի պարոն Փաշինյանի կառավարության համար պատասխանատվություն չենք ստանձնում,- ասել է Շարմազանովը՝ հավելելով,- եթե կլինեն մարդիկ, կուսակցական անդամներ, որոնք կցանկանան լինել Փաշինյանի կառավարությունում, բնականաբար, համապատասխան դիրքորոշումը կուսակցությունը կներկայացնի»: Մյուս կողմից Շարմազանովը պնդել է, թե ՀՀԿ-ն, որ խորհրդարանում ունի մեծամասնություն, սաբոտաժի չի ենթարկի կառավարության գործունեությունը: «Մենք անհարկի, պոպուլիստական, սաբոտաժային գործողություններ նոր կառավարության նկատմամբ չենք անելու»,- պնդել է Շարմազանովը:

 

 

 

Երկար տարիներ նախարար, իսկ հիմա ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը` Բուլկի Արամը, տարեցտարի հարստանում է: Միայն 2017թ. նա միանգամից 12 հատ հողամաս է գնել, այն էլ՝ ահավոր էժան գնով: «Ժողովուրդ» օրաթերթը Հարությունյանի պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ նա 150 հազար դրամով գնել է նաեւ հասարակական նշանակության շինություն: Բավականին ճոխ գնումներ է նա արել անցած տարում, մասնավորապես 40 մլն դրամով գնել է «Mercedes-Benz S 500 L 4 Matic» մակնիշի ավտոմեքենա: Արամ Հարությունյանի դրամական միջոցները, ըստ պաշտոնական հայտարարագրի, կազմել են 1178 դրամ, 1 մլն 531 հազար 718 դոլար, 4202 եվրո: Որպես եկամուտ նա հայտարարագրել է աշխատավարձը՝ ամսական 337 հազար դրամ, մեկ ընկերությունից ստացած 166 մլն 469 հազար դրամի չափով շահաբաժինը, վարձակալության դիմաց ստացած 2.7 մլն դրամը եւ տրված փոխառությունների դիմաց 33 մլն 635 հազար դրամի չափով ստացած տոկոսը: Համաձայնեք` մշտապես պետական պաշտոններ զբաղեցրած անձի համար այս ամենը խիստ կասկածելի է:

 

 

 

ԲԱՑԱԿԱ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՄԲ
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը երեկ չափազանց անկեղծ էր: Այնքան անկեղծ, որ խոստովանել է շատ կարեւոր իրողություն. խոստովանել է փաստեր, որոնց մասին տարիներ շարունակ բարձրաձայնում էր ընդդիմությունը:
Եւ այսպես` խոսելով համաժողովրդական շարժման հաղթանակի մասին` ԱԳ փոխնախարարը հայտարարել է. «Ստեղծվել են լավ նախադրյալներ բոլոր ուղղություններով առաջընթացի համար, այդ թվում` արտաքին քաղաքականության, որովհետեւ կարծում եմ՝ այսօր Հայաստանի հետ ավելի շատ են հաշվի նստելու, քան նախկինում»: Իսկ հարցին, թե կատարվածից հետո ի՞նչ է փոխվելու արտաքին քաղաքականության առումով, նա արձագանքել է. «Հիմնականում ամեն ինչ պահպանվում է, բայց կա մի շեշտադրում, որը կարեւոր է, ավելի արժանապատիվ: Այ, դա ես արձանագրում եմ: Այսինքն` ընդհանուր առմամբ պահպանվում է արտաքին քաղաքականության հավասարակշռված մոտեցումը, բայց կա մի գիծ, որ նա պետք է լինի ավելի արժանապատիվ, ավելի հետամուտ լինի, որպեսզի բոլոր հարաբերություններում լինի ե՛ւ հավասարություն, ե՛ւ մեր շահերի առաջ մղում, թե՛ երկկողմ հարաբերություններում, թե՛ բազմակողմ ֆորմատներում»:
Շավարշ Քոչարյանի խոսքերում որեւէ նորություն չկա: Տարիներ շարունակ Հայաստանի հետ արտաքին քաղաքական ճակատում վաղուց հաշվի չէին նստում, եւ այդ մասին խոսվել է մշտապես: Իշխանությունները հերքել են այդ մեղադրանքները` փորձելով հակառակ տպավորություն ստեղծել: Մինչդեռ հիմա ԱԳ փոխնախարարը խոստովանում է այդ մասին, իհարկե, բավական մեղմ երանգավորմամբ:
Ստեղծված իրավիճակի պատճառներն, իհարկե, ակնհայտ են` տասը տարի շարունակ Սերժ Սարգսյանի վարած ապաշնորհ արտաքին քաղաքականությունը, միաժամանակ նաեւ իշխանության լեգիտիմության բացակայությունը: Պատահական չէ, որ երեկ Քոչարյանն իր խոսքերում շեշտել է արտաքին քաղաքականության բնագավառում ոչ միայն հավասարակշռված, այլեւ «արժանապատիվ» մոտեցման մասին: Ասել է, թե «արժանապատիվ» մոտեցումը հենց այն է, ինչը տարիներ շարունակ «պակասել է» Հայաստանին, եւ ինչի պատճառով Հայաստանի հետ արտաքին քաղաքական ճակատում հաշվի չեն նստել:
Հիմա ստեղծվել է միանգամայն նոր իրավիճակ, եւ նոր վարչապետն իր կաբինետով հնարավորություն ունի աշխարհին ներկայանալ նոր իմիջով, ըստ այդմ` վարել արժանապատիվ քաղաքականություն` թիկունքում ունենալով համաժողովրդական աջակցություն, թիկունքում ունենալով Հայաստանի Հանրապետության արժանապատիվ եւ հպարտ քաղաքացիներ:




Լրահոս