Հայաստանում թավշյա հեղափոխությունը, ըստ էության, ժամանակավորապես երկրորդ պլան մղեց ԼՂ խնդրի կարգավորման հարցը: Եթե նախկինում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու միջազգային հանրությունը պնդում էին ԼՂ խնդիրը հնարավորինս արագ կարգավորելու մասին, ապա հիմա նոր վարչապետը բանակցային գործընթացին ներգրավվելուց առաջ պետք է խորապես ծանոթանա սեղանին դրված փաստաթղթերին: Ինչեւէ: Արցախյան խնդրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հետ:
-Պարո՛ն Զատուլին, վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունը կարո՞ղ է ազդեցություն ունենալ Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում:
-Գիտեք ինչ, դա բարդ հարց է: Շատ բան կախված է ոչ թե միջնորդներից, այլ կոնֆլիկտի կողմերից: Իսկ միջնորդները կարող են միայն օգնել մեղմել փոխզիջումային պայմանները, բայց որոշումներն ընդունում են կոնֆլիկտի կողմերը: Սովորական կոնֆլիկտներում երկու կողմեր են լինում, բայց շատ ավելի բարդ է իրավիճակը` կապված Ղարաբաղյան կոնֆլիկտի հետ: Այստեղ, կարելի է ասել, երեք կողմեր էին, քանի որ պետք էր նաեւ որպես կողմերից մեկը հաշվել նաեւ Լեռնային Ղարաբաղին, քանի որ նրա ճակատագրի մասին էր խոսքը գնում: Իսկ Ադրբեջանն այնքան էլ կառուցողական չէ իրեն դրսեւորում: Ցավոք, այդպես է, քանի որ խոսքն այս դեպքում գնում է ոչ թե Ադրբեջանի մասին ամբողջությամբ, այլ ադրբեջանական էլիտայի մասին, Բաքվի կառավարող օղակների մասին, նրանց դիրքորոշման մասին: Ադրբեջանի ներկայիս դիրքորոշումը վատ առումով տարբերվում է Ադրբեջանի համազգային ընդունված ժողովրդական լիդերի` Հեյդար Ալիեւի դիրքորոշումից: Ես հրաշալի հիշում եմ Հեյդար Ալիեւի դիրքորոշումը: Օրինակ` մեկ արտահայտություն միայն ցիտեմ ապրիլի 15-ին 1994 թվականից, կրակի դադարեցումից մոտ մեկ ամիս առաջ: Մոսկվայում ԱՊՀ երկրների խորհրդի ղեկավարների համաժողովը կայացավ, որին մասնակցում էին նաեւ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը եւ Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Եվ այնտեղ փաստաթուղթը, որ ընդունվեց, այսպիսի մի արտահայտություն կար. խոսքը գնում էր այն մասին, որ պետք է ոչ միայն կրակի դադարեցում, այլ նաեւ դրա բացառում: Դրանից հետո այն միտքն էր, որ առանց դրա հնարավոր չի լինի հասնել հաղթահարմանը, այդ ողբերգական պայքարի հակազդմանը: Հասկանալի է, որ եթե չկա կրակի դադարեցում, հնարավոր չի լինի հաղթահարել հետեւանքները:
-Իսկ ներկայումս այս հարցում Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունն ինչպե՞ս եք գնահատում:
-Ես կարող եմ ասել, թե որոնք են կոնֆլիկտի հետեւանքները. իհարկե, Ադրբեջանը մտահոգություն է հայտնում` կապված այն բանի հետ, որ կորցրեց վերահսկողությունն իրենց մի շարք շրջանների նկատմամբ, կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ի վերջո: Կարելի՞ է, արդյոք, լուծել այս խնդիրները` առանց կրակի դադարեցման, դրա բացառման: Ո՛չ, ցավոք, հնարավոր չէ: Քանի դեռ կրակի կայուն դադարեցում չկա, այս հարցերն այդպես էլ չեն լուծվի: Հեյդար Ալիեւը դա հասկանում էր` մասնակցություն ունենալով այդ համաժողովին եւ համաձայնություն տալով այդ կարգավորումներին 1994 թվականին: Բոլորովին այլ դիրքորոշում ունի Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունը եւ նրա հարազատ որդին: Չգիտեմ, իհարկե, Ադրբեջանի նախագահի առաջին տեղակալի դիրքորոշումը, բայց հենց նախագահի դիրքորոշումը, ցավոք, հայտնի է, եւ դա այնքան էլ կառուցողական չէ:
-Հայաստանն այս իրավիճակում ինչպե՞ս պետք է վարվի:
-Ես կարծում եմ, որ կոնֆլիկտի բոլոր կողմերը պետք է փնտրեն փոխզիջում, փոխզիջումային տարբերակներ: Իսկ միջնորդները կարող են միայն առաջարկել, իսկ առաջարկներին համաձայնել կամ դրանք չընդունել միայն կոնֆլիկտող կողմերի գործն է: Թող ամեն կողմ մտածի այն մասին, թե ինչն է ընդունելի փոխզիջման փնտրման ճանապարհին, իսկ ինչը ցանկալի չէ:
Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
ԱՐՑԱԽՆ ԻՐ ՄՈՏԵՑՈՒՄԸ ՉԻ ՓՈԽԵԼ
Ինչպես հայտնի է` վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին այցը Արցախ էր, որտեղ մասնակցեց Եռատոնին նվիրված միջոցառումներին: Հենց Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանը նաեւ հանդես եկավ ասուլիսով` անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:
Փաշինյանն ընդգծել է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղան: «Պետք է հստակ պատասխանել հարցին, ուզո՞ւմ ենք լուծել հարցը, թե՞ չենք ուզում։ Եթե միջազգային հանրությունը, այդ թվում՝ Ադրբեջանը, ուզում են լուծել Ղարաբաղյան հարցը, անտրամաբանական է հարցը քննարկել մի ֆորմատով, որում այն չի կարող լուծվել: Ինչպե՞ս կարող է բանակցային ֆորմատը լուծել մի հարց, որի առանցքային մասնակիցներից մեկը մաս չէ։ Այսինքն՝ սա էմոցիաների խնդիր չէ, պրագմատիկ խնդիր է՝ լուծո՞ւմ ենք, թե՞ ոչ: ՀՀ անունից կարող է խոսել ՀՀ իշխանությունը, ՀՀ-ն հակամարտության կողմ է, եւ լիարժեք կխոսի իր անունից, իսկ Արցախի Հանրապետության անունից պետք է խոսի Արցախը»,- ասել է Փաշինյանը: Նա նաեւ խոսել է փոխզիջումների մասին. «Փոխզիջումների մասին կարող է խոսք լինել միայն այն պարագայում, երբ Ադրբեջանից ստանանք հստակ ուղերձ, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»: Ըստ նրա` միջազգային հանրությունը պետք է հստակ արձանագրի, որ Արցախի հարցի էությունը մարդու իրավունքների պաշտպանության խնդիր է: «Որովհետեւ Արցախի խնդիրը ծագել է այն բանի արդյունքում, երբ Ադրբեջանը ոչ միայն ի վիճակի չի եղել ապահովել ԼՂ ինքնավար մարզի հայ բնակչության նվազագույն իրավունքները, այլեւ ուղիղ սպառնալիք է ստեղծել նրանց կյանքին ու անվտանգության իրավունքին, իրենց ինքնության իրավունքին»,-ասաց նա:
ՀՀ նորընտիր վարչապետի հայտարարությունների եւ տեսլականի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ՝ հասկանալու համար, թե որքանով են Փաշինյանի մոտեցումները համահունչ Արցախի ղեկավարության եւ արցախցիների մոտեցումներին:
-Պարո՛ն Բաբայան, ՀՀ նորընտիր վարչապետն այսօր խոսեց Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին, այդ թվում՝ Արցախի բանակցային սեղանին վերադառնալու հարցին: Ինչպե՞ս է պաշտոնական Արցախը գնահատում նրա հայտարարությունները:
-Մենք միշտ էլ ասել ենք՝ սկսած 1997-98 թվականներից, արդեն մոտ 20 տարի, որ պետք է վերականգնվի բանակցությունների լիարժեք ձեւաչափը: Պաշտոնական Երեւանն ինքն էլ ջանքեր գործադրեց, որպեսզի դա տեղի ունենա: Պարզապես Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հետեւանքով դեռեւս այս լիարժեք ձեւաչափը չի վերականգնվել, սակայն մենք այսուհետ եւս աշխատելու ենք Հայաստանի հետ միասին այս ուղղությամբ: Տեսնենք, մեզ սպասում է քրտնաջան աշխատանք, երկար ճանապարհ, որովհետեւ Ադրբեջանը շարունակելու է, ըստ ամենայնի, խոչընդոտել:
-Այսինքն` առհասարակ, Փաշինյանի եւ պաշտոնական Արցախի դիրքորոշումներում հակասություններ չկա՞ն:
-Մենք տարիներ շարունակ խոսել եւ մեր տեսլականը ներկայացրել ենք: Մեր տեսլականը մնացել է անփոփոխ: Երբեք չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի, թե սահմանների առումով, Արցախը պետք է լինի բանակցային կողմ, մենք շարունակում ենք հետամուտ լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ կարգավորման գործընթացին, լիարժեք ձեւաչափի վերականգնմանը, եւ սա, կարծում եմ, պարզ է, եւ մենք երբեւիցե այլ դիրքերից չենք խոսել, մեր մոտեցումը չենք փոխել:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՍԱՐԱԿ ՊԱՀՎԱԾՔ
ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի հասարակ պահվածքը հաճախ զարմացնում է մարդկանց: Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո սոցիալական ցանցում տեսանյութ էր հրապարակել՝ ի ցույց դնելով աշխատասենյակը, աշխատանքային պայմանները, նաեւ պատմել էր իր աշխատանքային օրվա ընթացքի մասին: Երեկ էլ Հաղթանակի զբոսայգում Արմեն Սարգսյանն առանց ավելորդ ձեւականության զրուցում, շփվում էր քաղաքացիների հետ, չէր անտեսում իրեն մոտեցող ոչ մի քաղաքացու: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ հետաքրքիր մի դրվագի է ականատես եղել. երբ Արմեն Սարգսյանին մոտեցավ ՀՀԿ հայտնի տատիկը, Արմեն Սարգսյանը շատ ուշադիր լսեց նրա բողոքը: Ընդ որում, ՀՀԿ տատիկը ներկայացավ իր իսկական անուն-ազգանվամբ` Սուսաննա Սարգսյան: Նախագահ Արմեն Սարգսյանը կատակեց, թե շատ հազվադեպ հանդիպող ազգանուն է կրում:
ՄՏԱՀՈԳԻՉ ԹՎԵՐ
Այս տարվա հունվար-ապրիլ ամիսների արդյունքներով` Հայաստանից ինքնաթիռով մեկնել եւ չի վերադարձել 6219 ուղեւոր։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնել է 349 հազար 171 ուղեւոր, իսկ ժամանել` 344 հազար 665-ը: «Շիրակ» օդանավակայանից այս տարվա չորս ամիսներին հանրապետությունից մեկնել Է 22 հազար 869 ուղեւոր, իսկ վերադարձել` 21 հազար 156: Ուշագրավ Է նաեւ այն փաստը, որ անցած տարվա համեմատ «Զվարթնոցի» ուղեւորաշրջանառությունն այս տարվա չորս ամիսների կտրվածքով աճել Է ավելի քան 13 հազար ուղեւորով։ Իսկ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի դեպքում ուղեւորաշրջանառությունը աճել է 12 հազար 607-ով: Բայց թեկուզ փաստը, որ հեռացած ու չվերադարձածների թվի տարբերությունն ավելի քան 6 հազար մարդ է, անհանգստության տեղիք է տալիս: Եւ հետո` սա դեռ ամբողջական պատկերացում չի տալիս արտագաղթի ծավալների մասին. չէ՞ որ մարդիկ ավելի շատ արտագաղթում են ցամաքային ճանապարհով դեպի ՌԴ:
ԿԵՂԾ ՓՈՂԵՐ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ անվանական արժեքով թղթադրամներ պատրաստելու փաստի առթիվ Ալբերտ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել: Նա 2017թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, իրացնելու նպատակով, իր ծանոթ Դավիթ Քեշիշյանի օժանդակությամբ գունավոր պատճենահանող սարքի եւ այլ նյութերի միջոցով պատրաստել է ՀՀ անվանական արժեքով թղթադրամներ, փորձել իրացնել, սակայն իրավապահները բացահայտել են: Ալբերտ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված խարդախության, կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, փաստաթղթեր, դրոշմներ կեղծելու հատկանիշներով, եւ վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Դավիթ Քեշիշյանին մեղադրանք են առաջադրել կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու համար, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից ստորագրությամբ չբացակայելու մասին: