ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվանից քննարկումներ է սկսելու բոլոր խորհրդարանական ուժերի հետ, որի արդյունքում էլ կձեւավորի կառավարություն: Սահմանադրության համաձայն` վարչապետ նշանակվելուց հինգ օր հետո վարչապետը պետք է նախագահին ներկայացնի առաջին փոխվարչապետի եւ վարչապետների անունները, 15 օր անց պետք է ձեւավորած լինի կառավարությունը, որից 20 օր հետո էլ խորհրդարան ներկայացնի նոր ձեւավորված կառավարության ծրագիրը:

Նիկոլ Փաշինյանը երեկ` Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, նշեց, թե իր կառավարությունը ցանկանում է իշխանության բալանսավորում անել, քանի սուպերվարչապետական համակարգ է առկա: «Ինչպես պարտավորվել եմ, մեր կառավարությունը միջոցներ կձեռնարկի, որպեսզի իշխանության բալանսավորում տեղի ունենա նախագահի, կառավարության, վարչապետի եւ Ազգային ժողովի միջեւ», – ասել է Փաշինյանը: Ընդ որում, խոսքը վերաբերում է նաեւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության» մասին վերջերս ընդունված օրենքում փոփոխություններ կատարելուն, որում ամրագրված է նաեւ առաջին փոխվարչապետի հաստիքը: Երեկ Փաշինյանը չէր բացառել, որ այս պաշտոնը դուրս կմնա. արդյունքում երկու փոխվարչապետ կլինի: Սակայն սա արդեն հետագայի հարց է, սակայն մինչ այդ ամեն դեպքում առաջին փոխվարչապետ պետք է նշանակվի, քանի որ Սահմանադրությունն է այդպես սահմանում:
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ձեւավորվելիք կառավարությունում միգուցե տեղ գտնեն նաեւ դեռեւս իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչները: Իհարկե, խոսքն այն արմատական ՀՀԿ-ականների մասին չէ, ովքեր այժմ ամեն քայլափոխի հայտարարում են, թե չեն պատրաստվում Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական պատասխանատվություն կիսել: Սակայն անկախ դրանից` մի քանի ՀՀԿ-ականների` կառավարությունում պորտֆելներ ստանձնելու առաջարկներ լինելու են: Ընդգծենք, որ խոսքն անցումային կառավարության մասին է՝ մինչ հնարավոր արտահերթ ընտրություններ: Այլ հարց է, թե այդ առաջարկներին ինչպես կարձագանքեն հենց ՀՀԿ-ականները: Խոսքը կարեւոր, այդ թվում՝ ուժային պաշտոնների մասին է: Մինչ Վիգեն Սարգսյանի կողմից՝ պաշտպանության նախարարի պաշտոնի հրաժարականի մասին հայտարարելը, նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արդեն իսկ հայտարարություն էր եղել, թե ինքը Վիգեն Սարգսյանին նոր կառավարությունում չի տեսնում:
Պայքարի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների կողմից բազմաթիվ հայտարարություններ եղան այն մասին, որ այդ պաշտոնում նրանք տեսնում են արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանին: Այդ շրջանում անձամբ արձագանքելով հայտարարություններին` Տոնոյանը նշել էր. «Իմ դիրքորոշումը հստակ է՝ ես շարունակում եմ իմ ծառայությունը արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում այնքան ժամանակ, քանի դեռ հանրապետության նախագահը ՀՀ Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների շրջանակում չի կայացրել այլ որոշում»: Այսինքն՝ Տոնոյանը չէր հստակեցրել՝ դե՞մ կլինի Փաշինյանի կառավարությունում աշխատելուն, թե՞ ոչ: Եվ նույն տրամաբանության մեջ դիտարկելով Տոնոյանի պատասխանը` կստացվի, թե նախագահի հրամանի դեպքում նա պատրաստ կլինի նաեւ պաշտոն ստանձնել նորընտիր վարչապետի կառավարությունում:
Երեկ իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ Վիգեն Սարգսյանը ընդգծել էր, թե Դավիթ Տոնոյանին ինքն էլ է տեսնում որպես պաշտպանության նախարար, եւ սա անշուշտ կարելի է որպես մեսիջ դիտարկել: Դավիթ Տոնոյանը երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել Վիգեն Սարգսյանի՝ իր մասին ասված խոսքերը, սակայն կրկին հստակ պատասխան չտվեց՝ կցանկանա՞ աշխատել Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունում, թե՞ ոչ՝ ասելով, թե չի ցանկանում հավելյալ որեւէ բան ասել:
Եվ չնայած Փաշինյանն ասել է, թե կառավարությունում արմատական փոփոխություններ կլինեն, սակայն միեւնույն ժամանակ նորընտիր վարչապետը նշել էր, թե դա որպես կադրային ջարդ կամ վենդետա չպետք է դիտարկել: Մեր տեղեկություններով` արտաքին գործերի նախարարի փոփոխություն առաջիկայում դժվար թե տեղի ունենա: Այս փուլում, հատկապես այդ կարեւոր գերատեսչության հարցում Նիկոլ Փաշինյանը կնախընտրի համագործակցել փորձառու անձի հետ: Ներկայումս փոխվարչապետի պաշտոնակատար հանդիսացող Վաչե Գաբրիելյանի հետ աշխատելուն նորընտիր վարչապետը եւս դեմ չէ: Գաբրիելյանն այն եզակի անձանցից է, ով շատ լավ է կատարում իր գործառույթները եւ նոր կառավարությունում անխոս կարող է օգտակար լինել: Չնայած վերջին շրջանում ակտիվացել են խոսակցությունները պատգամավոր Արարատ Միրզոյանին փոխվարչապետի պաշտոնին նշանակելու մասին, սակայն մեր տեղեկություններով` այս փուլում նրանք հակված են, որ Միրզոյանը շարունակի իր աշխատանքը որպես պատգամավոր: Նշենք, որ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո ազատ է մնում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավարի պաշտոնը, եւ հնարավոր փոփոխությունների պարագայում հենց Միրզոյանը կարող է դա զբաղեցնել:
Իսկ ահա պատգամավոր Լենա Նազարյանը դիտարկվում է բնապահպանության նախարարի պաշտոնում: Այս փուլում, երբ ՀՅԴ ներկայացուցիչներ նույնպես կարող են ընդգրկվել կառավարության կազմում, ընտրություն պետք է կատարվի թերեւս նախկին նախարար Արծվիկ Մինասյանի եւ Լենա Նազարյանի միջեւ: Նույն իրավիճակն է նաեւ կրթության նախարարի պարագայում: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից այդ պաշտոնի համար դիտարկվում է Երեւանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանի թեկնածությունը, ով կրթության բնագավառում բավական փորձառու գործիչ է:
Չի բացառվում նաեւ, որ հետագայում կառավարության կազմում, բացի փոխվարչապետի պաշտոնից, այլ վերադասավորումներ եւս տեղի ունենան: Մասնավորապես խոսքը նախարարությունների թվի վերանայման մասին է:
Հ.Գ. Այսօր որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին կառավարության նիստն է: Հետաքրքիրն այն է, որ նիստին ամեն դեպքում մեծ թվով նախարարներ ներկա չեն լինի: Խոսքը միայն թափուր մնացած նախարարների մասին չէ: Չի բացառվում, որ այլ նախարարներ եւս գերադասեն` ոչ թե իրենք ներկա լինեն, այլ իրենց փոխնախարարները: Եվ չնայած կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու մասին օրենքի ամրագրմանը, Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ այսօր եւ այսուհետ կառավարության նիստերը լրատվամիջոցների համար բաց են լինելու:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐԸ ՓՈԽԵՑԻՆ
Մայիսի 8-ի ԱԺ հատուկ նիստը, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ընտրվեց վարչապետ, համընկել էր Երկրապահների օրվա հետ: Սովորաբար ամեն տարի ԵԿՄ-ն մայիսի 8-ին տարբեր միջոցառումներ է կազմակերպում: Բայց այս տարի ոչ միայն մայիսի 8-ին միջոցառումներ չեղան, այլեւ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն ու գեներալ Սեյրան Սարոյանն էլ անձամբ ներկա գտնվելով ԱԺ նիստին` կողմ քվեարկեցին Փաշինյանին: Իսկ մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ որոշում է կայացվել Երկրապահի օրը մեծ շուքով նշել շաբաթ օրը՝ մայիսի 12-ին: Ամեն տարի այդ օրվան նվիրված միջոցառումներին մասնակցում էին բարձրաստիճան մի քանի անձինք, ովքեր հանդիսանում են ԵԿՄ անդամ, այդ թվում՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եւ այլք: Հետաքրքիր է՝ քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո ովքեր կլինեն ԵԿՄ-ի պատվավոր հյուրերը:

 

 

ԿՈՆՅԱԿԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ
Երեւանի քաղաքապետարանը Երեւանի կոնյակի գործարանից միանգամից 500 հատ կոնյակ է գնել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ ամենի համար քաղաքային բյուջեից ծախսել է 11 մլն 850 հազար դրամ: Կոնյակները, պարզվում է, նախատեսված են «Էրեբունի-Երեւան» տոնակատարության համար: Տեխնիկական բնութագրում նշված է, որ քաղաքապետարանը պահանջում է, որ կոնյակը լինի «Էրեբունի-Երեւան-2800» հոբելյանական լոգոյով գրվածքով, ունենա 10 տարվա հնեցում: Ի դեպ, նշենք, որ քաղաքապետարանը մեկ կոնյակը գնել է 23.700 դրամով։ Փաստորեն, մի երկրում, որտեղ ամեն երրորդ բնակիչը պաշտոնական տվյալներով աղքատ է, մայրաքաղաքի ղեկավար Տարոն Մարգարյանն իր հաճույքի համար շռայլ ծախսեր է անում՝ այդպես մսխելով համայնքի բյուջեն: Հատկանշական է, որ քաղաքապետարանի ճոխ գնումների մասին խոսելիս Մարգարյանը նախորդ տարի հայտարարել էր, թե «փորձում եմ բոլորիդ երեսը պարզ ճակատով պահել»: Միայն թե Տարոն Մարգարյանը ճիշտ կաներ` «երեսը պարզ ճակատով պահեր» առանց գումարները մսխելու: Բայց, դե, նրա պաշտոնավարմանը կարճ ժամանակ է մնացել:

 

 

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ
Սպասվում է` շուտով ազատ կարձակվի Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ում ապօրինի ռազմամթերք պահելու մեղադրանքով ձերբակալեցին ԱԺ ընտրությունների քարոզարշավի թունդ պահին: 2017թ. նոյեմբերին դատարանը նրան 6 տարվա ազատազրկման էր դատապարտել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը նշեց, որ ինքը Բաբայանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել: «Հիմա սպասողական վիճակ է: Վճռաբեկը պետք է որոշի` գործը վարույթ ընդունում է, թե ոչ: Իհարկե, լավատեսությունս մի փոքր ավելացել է, բայց, դե, տեսնենք: Ընդհանրապես, 2-3 ամսվա ընթացքում Վճռաբեկի որոշումը պարզ կլինի, հնարավոր է նաեւ` ավելի շուտ»,- ասել է փաստաբանը:

 

 

ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ ԿՎԵՐՑՆԵՆ
Երեկ Ստեփանակերտում կայացած ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը կստանա օրենքով նախատեսված բոլոր արտոնությունները: Նա նաեւ նշեց, թե կառավարությունը կհարգի նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի` կառավարական առանձնատան սեփականության իրավունքից հրաժարվելու մասին դիմումը։ «Կառավարությունը կհարգի Սերժ Սարգսյանի դիմումը՝ առանձնատնից հրաժարվելու վերաբերյալ, իսկ դրանից հետո, օրենքով սահմանված կարգով, նրան՝ որպես պաշտոնաթող նախագահի, նախատեսված հնարավորությունները կտրվեն»,- նշել է Փաշինյանը: Ապրիլի 17-ին ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկվում էր Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրելու հարցը, «Ելք» խմբակցությունն անդրադարձել էր այդ առանձնատան հարցին` կոչ անելով Սերժ Սարգսյանին հրաժարվել դրանից։ Ի պատասխան` Սերժ Սարգսյանն արձագանքել էր. «Եթե օրենքով չի հասնում, կարող եմ հետ վերադարձնել: Բայց եթե հասնում է, կարող եք շնորհավորել, որովհետեւ բոլոր դեպքերում ես էլ ունեցա սեփական տուն Երեւանում»։ Սակայն մեկ օր անց՝ ապրիլի 18-ին, Սերժ Սարգսյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ հրաժարվում է իրեն հատկացված սեփականությունից։ Սակայն կառավարության այն որոշումը, որով տրվել էր այդ առանձնատունը, դեռ չեղյալ չի համարվել:

 

ԿՄՆԱ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն ասել է. «Ես շարունակելու եմ մնալ քաղաքական գործունեության դաշտում: Երկրին, ժողովրդին, հայրենիքին կարելի է ծառայել ամենատարբեր ձեւերով, եւ իմ խորին համոզմամբ` մասնագիտական աշխատանքը` հենված գիտելիքի վրա, փորձի վրա, միշտ անհրաժեշտ է: Ես շարունակելու եմ մնալ քաղաքական գործունեության դաշտում: Կարծում եմ, որ մի փոքր ժամանակ կհատկացնեմ նաեւ մանկավարժական գործունեությունս վերականգնելուն»: Անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական իրադարձություններին` նախարարի պաշտոնակատարն ասել է, որ տեղի ունեցածը հեղափոխություն չի համարում. «…Հեղափոխությունը պետաիրավական համակարգի փոփոխություն է, իսկ մեզ մոտ տեղի է ունեցել իշխանափոխություն` խորհրդարանական մի ֆրակցիայի ներկայացուցիչը վարչապետի պաշտոնում փոխարինել է մեկ այլ ֆրակցիայի ներկայացուցչին»:




Լրահոս