Մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի` վարչապետ ընտրվելուց հետո մի քանի ՀՀԿ-ականներ հայտարարեցին, որ հետայսու Հանրապետական կուսակցությունն ընդդիմություն է լինելու: Բայց նկատենք, որ մյուս կողմից ՀՀԿ-ն ԱԺ-ում չի շտապում հեռանալ իշխանությունից` պահպանելով ղեկավար կազմում պաշտոնները. ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ու ՀՀԿ-ական երկու փոխնախագահները՝ Արփինե Հովհաննիսյանն ու Էդուարդ Շարմազանովը, հրաժարական չեն ներկայացրել` շարունակելով պաշտոնավարումը: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ:
-Պարո՛ն Շարմազանով, Դուք հայտարարեցիք, որ լինելու եք ընդդիմություն: Ինչպե՞ս դա կարող է մեր իրականության մեջ լինել, երբ ՀՀԿ-ն շարունակում է խորհրդարանում մեծամասնություն կազմել:
-Մեկը մյուսի հետ ինչ կապ ունի: Կա քաղաքագիտական նորմ. եթե կուսակցությունը չի մասնակցում կառավարության ձեւավորմանը, այդ կառավարության համար քաղաքական պատասխանատվություն չի ստանձնում եւ ունի խմբակցություն Ազգային ժողովում, ինքն ընդդիմություն է: Եվ մենք Փաշինյանի կառավարության համար պատասխանատվություն չենք ստանձնում, հետեւաբար մենք ընդդիմություն ենք: Իսկ խորհրդարանում Հանրապետականը մեծամասնություն է, որովհետեւ մեծամասնություն է ձեւավորվել 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքում: Իսկ այսօր արդեն մենք ունենք վարչապետ, որի քաղաքական գործունեության պատասխանատուն Հանրապետականը չի: Ընդդիմություն, իշխանություն կառավարությունով պետք է նայել, ոչ թե խորհրդարանով: Բազմաթիվ երկրներ կան, որտեղ խորհրդարանում ընդդիմությունն ունի շատ բարձր պաշտոններ, բայց պատասխանատվություն չի ստանձնում կառավարության համար: Դուք նայեք` կառավարությունն ով է ձեւավորում: Մենք կառավարության ձեւավորմանը չենք մասնակցում: Եվ ոչ միայն չենք մասնակցում, այլ նաեւ հարգելի պարոն Փաշինյանի կառավարության համար պատասխանատվություն չենք ստանձնում:
-Բայց չի բացառվում, որ որոշ նախարարներ կառավարությունում լինեն ՀՀԿ-ական:
-Մենք կյանքում որեւէ բան չենք բացառում, քաղաքականության մեջ` առավել եւս: Բայց ես բացառում եմ, որ Հանրապետական կուսակցությունը որպես միավոր կմասնակցի կառավարության ձեւավորմանը: Եթե կլինեն մարդիկ, կուսակցական անդամներ, որոնք կցանկանան լինել Փաշինյանի կառավարությունում, բնականաբար, համապատասխան դիրքորոշումը կուսակցությունը կներկայացնի:
-Գո՞ւցե դեռեւս գործող որոշ նախարարների Փաշինյանի կողմից առաջարկ արվի` աշխատանքը շարունակելու:
-ՀՀԿ-ն դա բացառում է: Չի կարող մարդը լինել կուսակցության անդամ ու լինել Փաշինյանի կառավարության մեջ: Օրինակ` Լեւոն Տեր-Պետրոսյանը երբ գնաց, Արարատ Զուրաբյանը մնաց կենտրոնի թաղապետ, բայց ինքը Ռոբերտ Քոչարյանի կառավարության եւ իշխանության համար որեւէ քաղաքական պատասխանատվություն չէր ստանձնել: Սա է խնդիրը: Ես ասում եմ պաշտոնապես` ՀՀԿ-ն մաս չի կազմելու պարոն Փաշինյանի կառավարությանը: Հետեւաբար պատասխանատվություն չի ստանձնում այդ կառավարության գործունեության համար: Եվ քաղաքագիտական առումով մենք ընդդիմություն ենք` անկախ այն հանգամանքից` 58 պատգամավոր ունենք, 60 պատգամավոր, թե 25: Իսկ թե վաղը որ նախարարը կլինի Հանրապետական կամ չի լինի, ես չեմ ուզում առաջ շարժվել եւ ասել: Դա իմ խնդիրը չէ: Բայց կուսակցությունն արդեն հայտարարել է, որ այդ կառավարությանը մենք մաս չենք կազմելու: Մեր օրակարգում նման հարց չկա:
-Ստացվում է` առաջիկայում Հանրապետական կուսակցությունը խորհրդարանում փորձելու է հարցուպատասխանի ժամանակ բոլոր առկա խնդիրներն, այսպես ասած, Փաշինյանի առջե՞ւ դնել:
-ՀՀԿ-ն իրեն պահելու է որպես ընդդիմություն: Իսկ ընդդիմությունն իրեն ինչպե՞ս է պահում..: Ընդդիմություն, որի հիմքում լինելու է Հայաստանի քաղաքացիների բարեկեցությունը, Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը եւ մեր պետության շահը: Մենք անհարկի, պոպուլիստական, սաբոտաժային գործողություններ նոր կառավարության նկատմամբ չենք անելու: Մենք մեկ անգամ չէ, որ եղել ենք իշխանություն եւ միշտ խոսել ենք կառուցողական ընդդիմության մասին: Իմ տեսակետով` Հանրապետական կուսակցությունը պետք է լինի ծրագրային, գաղափարական ընդդիմություն:
-Աշխարհում ընդունված է նաեւ, որ երբ իշխանության առաջին դեմքը հրաժարական է տալիս, իր թիմակիցներն էլ են հրաժարական տալիս, այսպես ասած` առաջին գծում կանգնած դեմքերը:
-Դե, հիմա նոր կառավարությունը թող ձեւավորվի, մի՛ շտապեք, ամեն ինչ իր հերթին կլինի: ՀՀԿ առաջին փոխնախագահը` Կարեն Կարապետյանը, ինչպես տեսաք` հրաժարական տվեց: Իսկ ԱԺ նախագահի եւ մյուսների դեպքում դրանք ոչ թե նշանակովի, այլ ընտրովի պաշտոններ են: Իսկ եթե կոնկրետ ինձ նկատի ունեք, ինձ այդ պաշտոնը կուսակցությունն է վստահել եւ եթե կուսակցությունը կգտնի կամ նույնիսկ կակնարկի, որ ես պետք է հրաժարական տամ, նույն վայրկյանին ես հրաժարական կտամ: Ես չեմ կարծում, որ որեւէ մեկի մոտ այս տարիների ընթացքում այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ ես պաշտոնի մեռած եմ կամ պաշտոնի գերի: Ես որ կարգավիճակում էլ լինեմ` պատգամավոր կլինեմ, նախարար կլինեմ, փոխնախագահ կլինեմ, նախագահ կլինեմ, թե սովորական քաղաքացի, շարունակելու եմ ծառայել երկրին եւ ժողովրդին: Ես իմ եւ իմ երեխաների ապագան տեսնում եմ բացառապես այս երկրում:
Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
ՄԱՐՏԻ 1-Ը` ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը երեկ անդրադարձել է ներքաղաքական վերջին իրադարձություններին` հայտարարելով, թե այս օրերին արձանագրված գլխավոր արդյունքը ժողովրդի զարթոնքն է: «Ամենակարեւոր զարգացումն այն է, որ մեր ժողովուրդը վերցրեց իր ճակատագիրն իր ձեռքը»,- ասել է նա: Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ իրենց չհաջողվեց 2008-ին անել հեղափոխություն, իսկ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց, Զուրաբյանը նկատել է, պետք էր որոշակի փուլեր անցնել, բացի այդ` օգտագործվեցին տեխնոլոգիաներ, որոնք այն ժամանակ չկային: Լ. Զուրաբյանի խոսքով` եթե իրենք բոլորով չանցնեին Մարտի 1-ով, այսօր այս հաղթանակը չէր լինի. «Փաշինյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավոր թեման դարձավ Մարտի 1-ը: Այն պահից, երբ Սերժ Սարգսյանը սպառնաց նոր Մարտի 1-ով, դա էր հեղափոխության սկիզբը: Ուզում եմ ասել` սա մեր բոլորիս հաղթանակն է: Բա Կոնգրեսը չի՞ արել դա 2008թ., 2011-ին, 2015-ին: Ես բացարձակ չեմ ցանկանում ու վստահ եմ` Նիկոլ Փաշինյանն էլ դրա հետ կհամաձայնի, ասել` սա հաղթեց, նա հաղթեց: Համաձայն եմ` վերջին հաղթական հարվածը հասցրեց Նիկոլ Փաշինյանը»: Այնուամենայնիվ, այսքանից հետո նա նշել է, որ գլխավոր եւ լիարժեք շնորհավորանքը կլինի այն ժամանակ, երբ «Ազատ եւ արդար ընտրություններով ձեւավորվի ամբողջովին լեգիտիմ Ազգային ժողով, եւ որն էլ իր հերթին կձեւավորի ժողովրդի վստահությունը վայելող գործադիր իշխանություն»:
Նա խոսել է նաեւ 1999թ. հոկտեմբերի 27-ի եւ 2008թ. մարտի 1-ի ոճրագործությունների բացահայտման հնարավորությունների մասին: «Ես կարծում եմ` ե՛ւ Հոկտեմբերի 27-ի, ե՛ւ Մարտի 1-ի գործերով հիմա բացվել են լուրջ հնարավորություններ` բացահայտելու եւ պատասխանատվության կանչելու մեղավորներին: Ե՛վ մենք, ե՛ւ Նիկոլ Փաշինյանը միշտ ասել ենք, որ հենց այս իշխանությունները կփոխվեն, այդ գործերը կբացահայտվեն: Օրինակ` Նիկոլ Փաշինյանը կարող է ասել` քանի որ ես անմիջական մասնակից եմ եղել Մարտի 1-ի իրադարձություններին, այդ հարցը թող հետաքննի Հաագայի դատարանը: Հայաստանի իշխանությունն այսօր իրավունք ունի դիմելու միջազգային քրեական դատարանին ու այդ հարցն այնտեղ բարձրացնի: Թող այդ հարցի օբյեկտիվ հետաքննությունը գնա: Դա նաեւ ձեւ է ՀՀ իշխանությունների համար նեյտրալ մնալու այդ հարցում»,- նշել է Զուրաբյանը: Հարցին` Ն. Փաշինյանին կհաջողվի՞ պայքարել այս արատավոր երեւույթների դեմ, Լ. Զուրաբյանը պատասխանել է. «Ես իմ հույսը եւ վստահությունը չեմ դնում հայտարարությունների վրա, այլ իմ հույսը կապված է ժողովրդի արթնացած այս ուժի հետ»:
Զուրաբյանը նաեւ հայտարարել է, թե պետք է կենտրոնանան Հայաստանում ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու խնդրի վրա: Իսկ ազատ եւ արդար ընտրություններ ասելով` հասկանում են մաքուր համամասնական համակարգով՝ բացառելով ռեյտինգային, նաեւ ընտրակաշառքի բաժանումը որեւէ քաղաքական ուժի կողմից:
Ա. Գ.
ԲՈՒԼԿԻ ԱՐԱՄԸ ԷԺԱՆ ԳՆԵՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐ Է ԳՆԵԼ
Երկար տարիներ նախարար, իսկ հիմա ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը` Բուլկի Արամը, տարեցտարի հարստանում է: Իսկ ահա անցած տարում նա զբաղված է եղել հողամասեր գնելով: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը նրա պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ` պատգամավորը հողամասեր է գնել շատ էժան գներով:
Օրինակ` Ա. Հարությունյանը 50 հազար դրամով գնել է 6 հողամաս, 75 հազար դրամով` 2 հողամաս, 90 հազար դրամով` մեկ հողամաս: Նա 120 եւ 300 հազարական դրամով գնել է կրկին մեկական հողամաս: Իսկ մի հողատարածքի համար Հարությունյանը վճարել է 15 մլն դրամ: Այսինքն` նա անցած տարում ձեռք է բերել թվով 12 հատ հողամաս: Բացի այս` նա 150 հազար դրամով գնել է նաեւ հասարակական նշանակության շինություն: Բավականին ճոխ գնումներ է նա արել անցած տարում, մասնավորապես 40 մլն դրամով գնել է «Mercedes-Benz S 500 L 4 Matic» մակնիշի ավտոմեքենա: Միաժամանակ պատգամավորը անցած տարում վաճառել է 90 մլն դրամի ունեցած բաժնետոմսը:
Իսկ ահա դրամական միջոցները կազմել են 1178 դրամ, 1 մլն 531 հազար 718 դոլար, 4202 եվրո: Որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմում է 337 հազար դրամ, մեկ ընկերությունից ստացած 166 մլն 469 հազար դրամի չափով շահաբաժինը, վարձակալության դիմաց ստացած 2.7 մլն դրամը եւ տրված փոխառությունների դիմաց 33 մլն 635 հազար դրամի չափով ստացած տոկոսը: Իսկ ահա պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նա նշել է, որ ունի երկու հատ բնակարան, մեկ հատ ավտոտնակ, հասարակական նշանակության երկու հատ շինություն, 14 հատ հողամաս: Նաեւ հայտարարագրել է երեք ընկերություններում 12 մլն 980 հազար դրամի չափով ունեցած բաժնետոմսերը:
Տեղեկացնենք, որ նրա մոտ արագ հարստանալը շատ ավելի լավ է ստացվում. չէ՞ որ ժամանակին լինելով ՀՀ քաղաքաշինության նախարար` Արամ Հարությունյանը կարողացավ իրենով անել «Հանարդնախագիծ» ԲԲԸ շենքը եւ հիմա հարստանում է պետության հաշվին: Բանն այն է, որ նրան պատկանող «Հանարդնախագիծ» ԲԲԸ շենքում են տեղակայված մի շարք գերատեսչություններ` ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը, ԱՎԾ Երեւանի տարածքային ստորաբաժանումը, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը եւ այլն: Ընդ որում, պետական այս կառույցներն այդ շենքում տեղակայված են վարձակալական հիմունքներով:
Նրա կնոջ` Հասմիկ Աբգարյանի դրամական միջոցը անցած տարում կազմել է 127 հազար եվրո, իսկ որպես եկամուտ հայտարարագրել է վարձակալության դիմաց ստացած վճարները` 2.7 մլն դրամը եւ 30 հազար 600 եվրոն: Ի դեպ, տեղեկացնենք, որ Արամ Հարությունյանը` Բուլկի Արամը, դեմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ