ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, որ գլխավորում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ազգականը՝ Իշխան Կարապետյանը, որոշ ծառայությունների գնումների գործընթացը կազմակերպել է խախտումներով: Մասնավորապես որոշ դեպքերում գնման առարկան ներառված չի եղել գնումների պլանում: Իսկ ահա որոշ դեպքերում էլ ընթացակարգերի հաղթողների մասին որոշումները չեն համապատասխանել գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջներին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ շենքերում տեղակայված էլեկտրական սարքերի եւ սարքավորումների սպասարկման ծառայությունների ձեռք բերման ընթացակարգին հայտ են ներկայացրել երկու մասնակից` Ա/Ձ Նարեկ Մայիլյանը եւ Ա/Ձ Անուշ Պետրոսյանը: Մասնակիցները ներկայացրել են հավասար գնային առաջարկներ` 598 հազար դրամ: Առաջին տեղ զբաղեցնող մասնակցին որոշելու համար կազմակերպվել են բանակցություններ, որոնց արդյունքում Ա/Ձ Նարեկ Մայիլյանը 5 հազար դրամով նվազեցրել է իր գնային առաջարկը եւ 593 հազար դրամ գնային առաջարկով ճանաչվել է մրցույթում առաջին տեղը զբաղեցնող: Սակայն անհասկանալիորեն գնման ընթացակարգի արդյունքում պայմանագիրը կնքվել է 980 հազար դրամով: Այսինքն՝ 387 հազար դրամով ավելի: Հուսանք` նշված ավել գումարը որեւէ մեկի կողմից չի գրպանվել:
Իսկ ահա «Նամենասեդ» ընկերության հայտը, որի գնային առաջարկը առանց ԱԱՀ 9 մլն 870 հազար 695 դրամ է, մերժվել է հայտի ապահովման անհամապատասխանության հիմքով: Սակայն հայտերի բացման նիստի արձանագրության մեջ մանրամասն ներկայացված չէ մերժման հիմնավորումը: Բայց հետագայում պարզվել է, որ մերժման հիմք է հանդիսացել այն, որ մասնակիցը հայտի ապահովումը ներկայացրել է 5 տոկոսից բարձր: Մինչդեռ տվյալ դեպքում մասնակցի հայտը ենթակա չէ մերժման: Արդյունքում ընթացակարգի հաղթող է ճանաչվել «Ալֆա» ընկերությունը, որի գնային առաջարկը կազմել է 11 մլն 150 հազար դրամ` դարձյալ առանց ԱԱՀ-ի: Այսինքն` ընտրվել է այն մասնակիցը, որը 1 մլն 279 հազար 300 դրամով բարձր գնային առաջարկ է ներկայացրել: Ահա ՍԱՊԾ-ի «տնտեսելու» մեխանիզմը` պայմանագիր կնքել բարձր գին առաջարկած ընկերության հետ:
Օրինակ` ՍԱՊԾ-ի ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների նախահաշիվային ընդհանուր գինը գնումների պլանով սահմանված է եղել 7 մլն դրամ: Ըստ ՀՀ վերահսկիչ պալատի` գնման հայտը բացակայել է: Գնման ընթացակարգը կազմակերպվել է չորս չափաբաժիններով: Յուրաքանչյուր չափաբաժնի նախահաշիվային գները գնահատող հանձնաժողովի բացման նիստի արձանագրությամբ եւ ընթացակարգի արդյունքում կնքված պայմանագրի մասին հայտարարության մեջ նշված է 1-ին չափաբաժնի համար 6 մլն 550 հազար դրամ, 2-րդի, 3-րդի, 4-րդի համար` եւս 150 հազար դրամական: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընթացակարգին մասնակցած եւ բոլոր բավարար գնահատված մասնակիցների գնային առաջարկները 2-4-րդ չափաբաժիններով գերազանցել են տվյալ գնման առարկաների ձեռքբերման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերը: Եւ այս դեպքում պետք է կազմակերպվեին բանակցություններ ներկայացված գների նվազեցման նպատակով: Սակայն բանակցությունները չեն կազմակերպվել, եւ ընտրված մասնակից է ճանաչվել «Ֆլեշ մոթորս» ՍՊԸ-ն՝ ղարաբաղցի հայտնի օլիգարխ Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին պատկանող ընկերությունը: Այս ՍՊԸ ներկայացրած գնային առաջարկներն են` առաջին չափաբաժնի համար` 1 մլն 543 հազար 750 դրամ, 2-րդի համար` 3 մլն 549 հազար 820 դրամ, 3-րդի համար` 3 մլն 628 հազար 540 դրամ, 4-րդի համար` 3 մլն 275 հազար 750 դրամ: Այս գներով էլ կնքվել է պայմանագիր: Հասկանալի է, որ այն գնումների պլանով սահմանված նախահաշվից ավելի է: Բայց սա դեռ ամենը չէ: Պարզվում է` ՍԱՊԾ-ի «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը անհրաժեշտ լաբորատոր գույքը վարձակալության է տվել:
Այսպես` անհատույց օգտագործման իրավունքով ստացված գույքից ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանի համաձայնությամբ` սարքավորումներից 8-ը «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրվել է վարձակալությամբ այլ մասնավոր ընկերությունների: Արդյունքում խախտվել է միջգերատեսչական պայմանագիրը, ըստ որի` մատակարարված լաբորատոր սարքավորումները պետք է նպատակային օգտագործվեն ՊՈԱԿ-ի կողմից: Ի դեպ, նշեք, որ ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի նպատակն է լաբորատոր ծառայությունների մատուցումը, այլ ոչ թե լաբորատոր գույքը վարձակալության հանձնելը: Իսկ թե ի՞նչ են եղել այդ գումարները, պարզ չէ:
Մեզ մնում է հուսալ, որ ՎՊ այս բացահայտումները բավարարեն, որպեսզի նոր կառավարությունում սանիտարահիգիենիկ մաքրում իրականացվի, եւ Իշխան Կարապետյանի նման պաշտոնյաները, որոնց ղեկավարած գերատեսչություններում Պալատը լրջագույն չարաշահումներ, վատնումներ, անիմաստ ծախսեր ու այլ կարգի խնդիրներ է հայտնաբերել, ոչ միայն հեռացվեն իշխանությունից, այլեւ ենթարկվեն պատասխանատվության:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՏՆՕՐԵՆՆ ԱՐՏԱԳԱՂԹԵԼ Է
Երեկ տեղեղեկություն էր տարածվել, որ Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի նախկին տնօրեն Ռուզան Ազիզյանը Հայաստանից արտագաղթել է ԱՄՆ` Լոս Անջելես: Նույնիսկ լուսանկար էր հրապարակվել, որտեղ Ռ. Ազիզյանը Լոս Անջելեսի օդանավակայանում է: Araratnews.am-ը խոսել է տնօրենի դստեր` Լիլի Սարգսյանի հետ` տեղեկության հավաստիությունը ճշտելու: «Շատ տխուր է: Չեմ պատասխանում Ձեր հարցին»,-ասել է տնօրենի դուստրը: Այն դիտարկմանը, թե Լիլի Սարգսյանը չի հերքում տեղեկությունը, նա ասել է. «Ես ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում»: Այլ հարցերի պատասխան Լ. Սարգսյանը չի տվել. ի դեպ, ըստ նրա ֆեյսբուքյան էջի՝ աշխատում է Երեւանի քաղաքապետարանում: Ռ. Ազիզյանի հետ Araratnews.am-ին կապ հաստատել չի հաջողվել:
Հիշեցնենք` Ռուզան Ազիզյանը Սերժ Սարգսյանի կուրսեցին է: Նա սպառնացել էր իր դպրոցի պայքարող ուսուցիչներին աշխատանքից ազատել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարին միանալու` դասադուլ անելու համար: Վարչապետի հրաժարականից հետո դպրոցի ուսուցիչների, ծնողների պահանջով Ազիզյանը հրաժարական տվեց: Նա մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության օգտին ձայներ բերելու համար:
ԿՏՐԱՄԱԴՐՎԻ՞ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ
Նիկոլ Փաշինյանի` վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյին կոչ է արել աջակցել խաղաղ եւ սահմանադրական իշխանափոխությունը հաջողությամբ ավարտին հասցնելուն` արագացված կարգով քննարկելով «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի միջոցով 140 միլիոն դոլարի դրամաշնորհ տրամադրելու հնարավորությունը: Այն կուղղվի երկրի հանրակրթական դպրոցների գիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, արվեստի եւ մաթեմատիկայի կրթական ծրագրերին: Դրամաշնորհը հավանաբար կտրամադրվի 5 տարվա համար, նշում է Հայ դատի հանձնախումբը իր հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ 2006թ. «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան ծրագրել էր Հայաստանին հատկացնել մոտ 235 միլիոն դոլար` ոռոգման համակարգերի եւ գյուղական ճանապարհների շինարարության համար: 2009թ. կորպորացիայի տնօրենների խորհուրդը որոշել էր դադարեցնել մոտ 60 միլիոն դոլար արժողությամբ ճանապարհաշինության ծրագրի ֆինանսավորումը` պայմանավորված մի շարք քաղաքական ցուցանիշների գծով Հայաստանի կատարողականի վատթարացմամբ: Շարունակվել եւ ավարտին է հասցվել միայն ոռոգման համակարգերի կառուցման ծրագիրը:
ԱԳԼՃԿ-ՆԵՐԸ` ԽՆԴԻՐ
Տավուշի մարզի ավտոգազալցավորման ճնշման կետերում մեկ խորանարդ մետր գազի գինը 190-200 դրամ է, իսկ Աշտարակի տարածաշրջանի ԱԳԼՃԿ-ներում լիցքավորվող մեկ խորանարդ մետր գազի գինը` 160 դրամ: Հայաստան մտնող գազատարը Վրաստանից մեր հանրապետություն է մտնում Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանով, ուստի տնտեսագիտության օրենքներով, հաշվի առնելով գազի տեղափոխման համար կատարվող ծախսերը` Տավուշի ԱԳԼՃԿ-ներում գազն ավելի էժան պետք է լիներ: Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի վարչական տարածքում գտնվող ԱԳԼՃԿ-ում ավտոմեքենաներին լիցքավորվող գազը կոմպրեսորներով տաքացնում են 40-50 աստիճան, որպեսզի ավելի քիչ գազ լիցքավորեն:
Տեղեկություններ կան, որ Տավուշի մարզի ԱԳԼՃԿ-ներում էլ կա այդ երեւույթը: Որոշ ԱԳԼՃԿ-ներում տեղադրված լցավորման սարքավորումները չեն ցուցադրում լիցքավորվող գազի ջերմության մասին տվյալներ, որպեսզի վարորդները դա չտեսնեն եւ այդ առթիվ չբողոքեն: Սա «բնական է», քանի որ ԱԳԼՃԿ-ները պատկանում են պաշտոնյաների եւ մեծահարուստների, նրանք տարբեր ձեւերով միշտ կարողանում են լուծել իրենց գազալցավորման կայանները ստուգողների հարցերը: Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է լինի ԱԳԼՃԿ-ներում առկա խնդիրներով զբաղվելը, դրանց նկատմամբ իրական վերահսկողություն սահմանելը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԴԻ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Երեկ տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Նաիրի» հյուրանոցային համալիրին հարակից ձորում հայտնաբերվել է դի: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Ձորից դուրս են բերել քաղաքացի Վ. Մ.-ի (1931 թ.) դին:
ԱՆՁՐԵՎ ԵՎ ԿԱՐԿՈՒՏ
Հանրապետության տարածքում մայիսի 10-14-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացումը կլինի 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ: Քամին հարավ-արեւմտյան մասում կլինի 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Մայրաքաղաքում մայիսի 10-14-ը եղանակը կլինի անձեւային: Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ, ամպրոպ: