ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՍՏՎԵՐՈՒՄ ՄՆԱՑԱԾ «ԵՎՐԱՏԵՍԻԼԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 8-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը։ Հայաստանը ներկայացնող մասնակից Սեւակ Խանաղյանը ելույթ ունեցավ 16-րդ համարի ներքո: Ցավոք, նա եզրափակիչ փուլ չանցավ: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայաստանը 2007 թվականին այդ մրցույթում ներկայացրած երգիչ Հայկոյի, երաժիշտ, երգահան Եղիշե Պետրոսյանի եւ հաղորդավար Ժակի (Հակոբ Պապիկյան) հետ: Նրանք անդրադարձել են այն հարցերին, թե ինչու այս տարի Հայաստանը ձախողեց մրցույթը, եւ ինչ դասեր է պետք քաղել դրանից: Ստորեւ ներկայացնում ենք զրուցակիցների մտորումները:

Հայկո
Ես համարում եմ, որ Սեւակը լավ արտիստ է, «Քամի» երգն էլ լավն էր, ուղղակի «Եվրատեսիլ»-ում ամեն տարի չափանիշները փոխվում են, դրանք անկանխատեսելի են: Ամեն դեպքում, Սեւակը շատ լավ ելույթ ունեցավ, ես տեսա նաեւ միջազգային մամուլի բարձր գնահատականը. դա անչափ կարեւոր է: Գուցե մենք մեր հայրենիքում ուրիշ բանով էինք զբաղված եւ ուշադրություն չդարձրինք «Եվրատեսիլ»-ին, բայց Սեւակին հարկավոր է փառքով դիմավորել, քաջալերել եւ լավ խոսքեր ասել նրան: Հիմա «Եվրատեսիլ»-ում հաղթելը շատ է դժվարացել: Եթե նախկինում միայն հեռուստադիտողն էր քվեարկում, հիմա 50/50 սկզբունքով քվեարկում է նաեւ պրոֆեսիոնալ ժյուրին, որը միշտ չէ, որ օբյեկտիվ է: Չնայած արդյունքին՝ սրտանց շնորհավորում եմ Սեւակին եւ ցանկանում նորանոր հաջողություններ: Կցանկանայի հաջորդ անգամ «Եվրատեսիլ»-ին ընդառաջ մրցույթ չկազմակերպվեր, քանի որ կան արտիստներ, որոնք չեն ցանկանում մասնակցել նախընտրական մրցույթի, բայց արժանի են, որ ներկայացնեն Հայաստանը «Եվրատեսիլ»-ում:

Եղիշե Պետրոսյան


Կարծում եմ՝ «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակությունը բավարար տեղեկատվական աշխատանք չէր տարել հասարակությանը ինֆորմացնելու ուղղությամբ: Այն, ինչ արվել էր, քիչ էր: Այս քաղաքական թոհուբոհի մեջ հանկարծակիի եկա, երբ տեսա, որ մրցույթի կիսաեզրափակիչն է անցկացվում: Ինձ նման հանկարծակիի են եկել նաեւ շատ այլ մարդիկ, այդ թվում՝ սփյուռքում: Իսկ սփյուռքն, ինչպես գիտենք, քվեարկող հատվածն է, միշտ էլ սփյուռքի ակտիվությունն է եղել մեր հաջողության գրավականը: Ի վերջո, կարելի էր կազմակերպել, որ Հանրապետության հրապարակից Նիկոլ Փաշինյանը հաջողություն մաղթեր մեր մասնակցին եւ կոչ աներ քվեարկել. սա որպես օրինակ եմ ասում: Այդ դեպքում գուցե այլ արդյունք ունենայինք, գուցե սփյուռքն էլ մոբիլիզացվեր՝ նրան օգնելու համար: Ափսոսում եմ, որ Սեւակի նման փայլուն երգչին բավարար աջակցություն չցուցաբերեցինք:

Ժակ


Ինձ մոտ մտավախություն կար, որ հայերեն երգը չէր ընկալվի հատկապես այն պարագայում, երբ ստեղծագործության ընթացքն ավելի երկար էր, քան էյֆորիկ ավարտը, որը տեւեց ընդամենը 30 վայրկյան, եւ դա շատ քիչ էր` տպավորություն գործելու համար: Ամեն դեպքում, Սեւակը լավ երգիչ է եւ լավ ներկայացավ: Սա նրա հավաքական աշխատանքի արդյունքն էր: Ցավոք, նրա հաշվարկները չարդարացան: Մենք միշտ ասում ենք, որ պետք է ազատություն տալ երգչին, այն թիմին, որն աշխատում է նրա հետ, բայց հենց «Եվրատեսիլ»-ն ավարտվում է, բոլորս դառնում ենք մասնագետներ: Հիմա վախենում եմ ասել՝ թողնե՞նք արտիստին, որ ինքնուրույն կողմնորոշվի եւ պատասխանատվություն կրի իր որոշումների համար, թե՞ ոչ: Այնուամենայնիվ, հայ ազգը հեղափոխությունից հետո հաղթական տրամադրության մեջ է եւ չնկատեց այս անհաջողությունը:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ»-ի եզրափակիչ անցան Ավստրիայի, Էստոնիայի, Կիպրոսի, Լիտվայի, Իսրայելի, Չեխիայի, Բուլղարիայի, Ալբանիայի, Իռլանդիայի եւ Ֆինլանդիայի ներկայացուցիչները։ Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 10-ին, իսկ եզրափակիչ համերգը՝ մայիսի 12-ին։

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

«ՄԵՐ ՍՈՒՊԵՐՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՄԱՂԹՈՒՄ ԵՄ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ»

«Վերջին օրերին ժողովրդական շարժման թափը հաշվի առնելով՝ արդեն վստահ էի, որ հեղափոխությունը լինելու է, եւ Նիկոլ Փաշինյանը դառնալու է վարչապետ: Բայց մինչ այդ՝ ավելի վաղ չէի հավատում դրան, մտածում էի՝ զուր է ամեն ինչ, արդեն մեր հավատը կորցրել էինք»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ երգիչ Արսեն Գրիգորյանը (ռոմանսի Արսեն), ով կանգնած էր շարժման մասնակիցների կողքին:

Նա շեշտեց՝ երբ ինքը գնում է, օրինակ, Միացյալ Նահանգներ, մարդկանց դեմքերին հանգստություն է նկատում՝ չնայած այնտեղի բարդ կենսակերպին. «Իսկ մեր հայացքներում վերջին տարիներին առկա էր լարվածություն, ինչ-որ գիշատիչ մի բան»:
Նրա խոսքով՝ երկրում առկա խնդիրները միանգամից չեն լուծվելու, վարչապետն իր թիմով մեծ բարդությունների առաջ է կանգնելու. «Որքան էլ հակակրանք տածեմ ՀՀԿ-ականների նկատմամբ, համաձայն եմ նրանց այն պնդմանը, թե կգաք իշխանության եւ կտեսնեք՝ ինչ դժվար բան է երկիր կառավարելը: Ուստի մեր սուպերվարչապետին, աշխարհի ամենալավ քաղաքական գորչին մաղթում եմ, որ այն համբերատարությունը, որը դրսեւորել է իր ամբողջ կյանքում, մասնավորապես՝ վերջին մեկ ամսում, դրսեւորի նաեւ իր հետագա գործունեության շրջանակում»:
Արսենը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը նույն սառնասրտությամբ իր շուրջ պետք է հավաքի խելացի մարդկանց, որպեսզի ամեն օր մեր երկրում տարվող փոփոխությունները մեր մաշկի վրա զգանք. «Թեպետ ասեմ, որ այդ փոփոխություններն արդեն իսկ զգում ենք: Մենք տեսանք վարչապետի կաբինետը, տեսնում ենք, որ առաջին իսկ օրը նրա ենթակաները ստանում են կոնկրետ հանձնարարականներ: Միայն այն, որ մարդիկ սկսել են սիրել իրար, փողոցում իրար պատահաբար դիպչելիս երկուստեք ներողություն են խնդրում, արդեն վկայում է, որ երկրում իրավիճակ է փոխվել: Ես իսկապես հպարտ եմ իմ ազգով, մենք արեցինք անհնարինը»:
Մենք հարցրինք՝ ո՞րն է երգարվեստի ոլորտին առնչվող թիվ մեկ խնդիրը, որը պետք է անհապաղ լուծվի. «Պետք է ստեղծել պրոֆեսիոնալների մի թիմ, որը, քայլելով ժամանակին համընթաց, միեւնույն ժամանակ կսահմանի որոշակի նորմեր՝ այս կամ այն երգը ռադիո կամ հեռուստաեթեր թողնելու համար»,-եզրափակեց երգիչը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

«ՌԵՄԲՈ»-Ն ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է
Ամերիկացի դերասան, սցենարիստ եւ ռեժիսոր Սիլվեսթր Սթալոնեն վերադառնում է: Նա պատրաստվում է նկարահանվել Վիետնամի պատերազմի վետերանների մասին պատմող «Ռեմբո» ֆիլմի 5-րդ մասում: Դերասանը այժմ ծանոթանում է սցենարին, իսկ նկարահանումները կսկսվեն սեպտեմբերից: Ֆիլմի պրոդյուսերն է Ավի Լերները, որն աշխատել է նաեւ «Ռեմբո»-ի նախորդ 4 մասերի վրա: Հիշեցնենք, որ Ռեմբոյի առաջին մասը նկարահանվել է 1982թ., հաջորդ հատվածները` 1988 եւ 2000թթ.:

 

 

ԴԻՄԵԼ Է ՄՐՑԱՎԱՐԻՆ
«Cuatro» մարզական հաղորդաշարըը բացահայտել է «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի` Պրիմերայի 36-րդ տուրի` «Ռեալ»-ի հետ խաղի գլխավոր մրցավարին ընդմիջմանն ուղղված խոսքերը: Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է ոչ ոքի` 2:2 հաշվով: «Կրկին մեզ կործանում եք: Լիգան ավարտվել է, այնպես որ նվերներ բաժանելն անիմաստ է: Դուք արդեն ձեր գործն արել եք «Բետիս»-ի հետ խաղում»,-ասել է Մեսսին:

 

 

ՀՆԱՐԱՎՈՐ Է` ՏԵՂԱՓՈԽՎԻ
«Էվերթոն»-ի անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին ամռանը կարող է համալրել ամերիկյան «Դի-Սի Յունայթեդ» ակումբի շարքերը: Ֆուտբոլիստի ներկայացուցիչները վերջին շաբաթների ընթացքում բանակցություններ են վարում ամերիկյան ակումբի հետ: Ռունիի տեղափոխվելու հավանականությունը 50% է գնահատվում: Ամերիկյան ակումբը փորձել է հարձակվողին ձեռք բերել դեռ նախորդ տարի, բայց Ռունին որոշել է մնալ «Էվերթոնում»:

 

 

«ԲԱՐՍԵԼՈՆԱ»-Ն ՀՈԳՆԵՑՐԵԼ Է
Մադրիդի «Աթլետիկո»-ի գործադիր տնօրեն Միգել Անխել Խիլ Մարինը հայտարարությամբ է հանդես եկել հարձակվող Անտուան Գրիզմանի հանդեպ «Բարսելոնա»-ի գործողությունների վերաբերյալ:
«Մեզ հոգնեցրել է «Բարսելոնա»-ի վերաբերմունքը: Այն, թե նախագահը, ֆուտբոլիստն ու ակումբի ղեկավարության անդամը Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ ինչպես են խոսում խաղացողի ապագայի մասին, ով գործող պայմանագիր ունի, բացարձակ անարգանք է «Աթլետիկո»-ի եւ նրա երկրպագուների նկատմամբ: Եթե ֆուտբոլիստն այդ ճնշումների արդյունքում որոշի խզել պայմանագիրը, ապա «Աթլետիկո»-ն «Բարսելոնա»-ից փոխհատուցում կպահանջի նրանց ոչ պատշաճ վերաբերմունքի համար: Հույս ունեմ, որ այս հայտարարությունն իր արդյունքը կտա, եւ «Աթլետիկո»-ն կկարողանա արժանվույն պատրաստվել եզրափակչին»,- ասել է Մարինին:




Լրահոս