ՍԵՓԱԿԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ` ՏԱՐԲԵՐ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

««Գրանդ Հոլդինգի» կողմից Ազգային Ժողովում ներկայացված անկուսակցական պատգամավորներ Գրիգոր Ավալյանը եւ Արմեն Բաբայանն այլեւս չեն լինելու պատգամավոր: Ինչպես տասն օր առաջ Գրիգոր Ավալյանը, այնպես էլ այսօր Արմեն Բաբայանը դիմում գրեց եւ վայր դրեց պատգամավորի մանդատը: Մեր կարծիքով, նոր Հայաստանի Ազգային Ժողովում գործարարների ներկայության կարիք այլեւս չի լինելու»,- երեկ նման հայտարարություն է տարածել Վարդանյան եղբայրներին պատկանող «Գրանդ Հոլդինգ» ընկերությունը:
Սա իսկապես զավեշտ է: Ինչպես հայտնի է` «Գրանդ Հոլդինգը» ո՛չ կուսակցություն է, ո՛չ էլ կուսակցությունների դաշինք, այլ արտադրական խոշոր ձեռնարկություն: Բայց արի ու տես, որ իր առանձին «խմբակցությունն» է ունեցել ԱԺ-ում, այն էլ խորհրդարանական տարբեր խմբակցությունների կազմում: Գրիգոր Ավալյանը` ՀՀԿ, Արմեն Բաբայանն էլ ՀՅԴ խմբակցություններում են «տեղակայված եղել»: Ու, մեղմ ասած, անհասկանալի է` ի՞նչ իրավունքով է արտադրական ձեռնարկությունն ԱԺ-ում պատգամավորներ ներկայացրել: Չնայած պարզ է` այս հոլդինգն իր շահից ելնելով` ներկայացուցիչներ է գործուղել խորհրդարան` անհրաժեշտ պահի անհրաժեշտ կոճակը սեղմելու համար: Ընդ որում, «Գրանդ Հոլդինգ» ընկերությունը 2004թ. սկսած ավանդաբար իր երաշխավորված տեղերն է ունեցել ԱԺ-ում, այն էլ տարբեր խմբակցություններում` պարբերաբար գործուղելով տարբեր մարդկանց: Այդ ամենի դիմաց ընկերությունը հավանաբար նաեւ «մուծվել է» համապատասխան կուսակցություններին` ֆինանսավորելով քարոզարշավը:
Եւ հիմա պետք է արձանագրենք` «Գրանդ Հոլդինգի» հայտարարությունը լավագույն ինքնախոստովանությունն է այն բանի, որ ՀՀ-ում սերտաճած են բիզնեսն ու քաղաքականությունը, ըստ այդմ, պարբերաբար խախտվել է ՀՀ Սահմանադրությունը:

 

 

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի դեմ պաշտոնանկության գործընթաց է նախապատրաստվում: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը: «Մենք ընդդիմությունում ունենք 16 ավագանու անդամ, նրանցից 11-ի ստորագրությամբ կներկայացվի ավագանու թեկնածու եւ փակ, գաղտնի քվեարկություն տեղի կունենա: Թեկնածուն ընտրվելու է: Հստակ, շատ կարճ ժամկետում պետք է կազմակերպենք, դա նշանակում է` անվստահություն գործող քաղաքապետին: Ովքեր եղել են ընդդիմությունը ներկայացնող ցուցակը գլխավորողները` Վահան Խաչատրյան, Վարդեւան Գրիգորյան, Հովհաննես Մարգարյան, կկազմակերպենք բաց, թափանցիկ գործընթաց, որպեսզի ժողովուրդն իրազեկ լինի, եւ կփորձենք ներկայացնել թեկնածու»,- ասել է նա: Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլին Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրություններին «Բալասանյան» դաշինքը ստացել էր 17, ԲՀԿ-ն` 8, ՀՎԿ եւ ԳԱԼԱ կուսակցությունները` 4 մանդատ:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Չնայած Ծառուկյանը բազմիցս հայտարարել է, թե իրենք Փաշինյանին սատարում են առանց նախապայմանների, սակայն հստակ է, որ ԲՀԿ-ն իրականում մեծ հավակնություններ ունի: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հանդիպումից հետո հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռեւս միայն 4 նախարարական պորտֆելի մասին: Դրանք են՝ արտակարգ իրավիճակների, էներգետիկ եւ բնական ենթակառուցվածքների, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ բնապահպանության նախարարությունները: Չի բացառվում` ԲՀԿ-ին տրվող պորտֆելներն ավելանան: Ի վերջո, սպորտի նախարարները մշտապես եղել են Գագիկ Ծառուկյանի թիմակիցները, եւ, ամենայն հավանականությամբ, այս անգամ եւս այդ պորտֆելը կրկին կտրվի ԲՀԿ-ին: Մեր տեղեկություններով` Փաշինյանն ու Ծառուկյանը նաեւ քննարկել են Երեւանի վարչական շրջանների ղեկավարների պաշտոնները բաժանելու հարցը, իսկ սա նշանակում է, որ Տարոն Մարգարյանի պաշտոնանկությունը սարերի հետեւում չէ:

 

 

Արդեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` արդեն նախկին օգնական Ավետիս Բերբերյանի «Բիթեր Ռիվեր» ընկերությունը Արզնի գյուղում գարեջրի գործարան եւ ռեստորան է կառուցում: Ու պարզվում է` Բերբերյանի նոր օբյեկտները կառուցվում են Արզնի գյուղի մի քանի բնակիչների կողմից ժամանակին սեփականաշնորհված գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վրա: «Այդ հողերի վրա նման շինություններ չէր կարելի կառուցել, քանի որ դրանք գյուղնշանակության են: Բայց կառավարության միջոցով փոխեցին կատեգորիան ու արտադրական դարձրեցին: Այսինքն` սեփականաշնորհած հողատարածքներ են գնել սեփականատերերից եւ դրանց կատեգորիան փոխել են: Խոսքը մոտ 1 հա մասին է»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրել է Արզնիի գյուղապետ Վենիամին Վենիամինովը: Ի դեպ, շուտով այդ օբյեկտների շինարարական աշխատանքները կավարտվեն: Մինչդեռ նշենք` ընկերությունը նախագծի դրական եզրակացությունը ՀՀ բնապահպանության նախարարությունից ստացել է փետրվարի 8-ին:

 

 

ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԻՄՔԵՐԸ
Առաջին աշխատանքային այցը կատարելով Արցախի Հանրապետություն` վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, հայտարարել Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին: «ՀՀ անունից կարող է խոսել ՀՀ իշխանությունը, ՀՀ-ն հակամարտության կողմ է, եւ լիարժեք կխոսի իր անունից, իսկ Արցախի Հանրապետության անունից պետք է խոսի Արցախը»,- ասել է Փաշինյանը: Սա իսկապես կարեւոր հանգամանք է: Ի վերջո, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը 1998թ. ներպալատական հեղաշրջումից հետո, 20 տարի շարունակ, ընթացել է խեղված ձեւաչափով: Թե ո՞ւմ որոշման արդյունքում ԼՂՀ-ն դուրս մղվեց բանակցային գործընթացից, հիշում են բոլորը:
Ռոբերտ Քոչարյանը, ստանձնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հայտարարեց, թե ինքը, լինելով ղարաբաղցի, բանակցություններում ներկայացնելու է միաժամանակ ե՛ւ ՀՀ-ն, ե՛ւ ԼՂՀ-ն: Բանակցային այդ ֆորմատը պահպանվեց նաեւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը տարիներին. Սերժ Սարգսյանն ինքն էլ ղարաբաղցի էր: Ճիշտ է` այս քսան տարիների ընթացքում ՀՀ իշխանությունները հայտարարել են, թե ՀՀ իշխանությունները ԼՂՀ ղեկավարությանն իրազեկում են բանակցային գործընթացի մանրամասների մասին, ավելին` առանց Ղարաբաղի համաձայնության խնդրին լուծում չի տրվի, գործընթացի վերջին փուլում ԼՂՀ-ն կվերադառնա բանակցային սեղան: Բայց համաձայնեք` այս ամենը աբսուրդ է: Հիմա Նիկոլ Փաշինյանի դեպքում միանգամայն այլ իրավիճակ է. նա ծնունդով ղարաբաղցի չէ: Եւ հետո` հենց Փաշինյանի միջոցով Հայաստանում իշխանությունից հեռացվեց «ղարաբաղյան կլանը». չերեւացող խմբավորումը, որի ձեռքում էր կենտրոնացած Հայաստանի փաստացի իշխանությունը վերջին քսան տարիներին:
Այս ամենից զատ կա մեկ այլ հանգամանք. ԼՂՀ բանակցային գործընթացից դուրս մղվեց Ռոբերտ Քոչարյանի կամայական որոշման արդյունքում, բայց ոչ միջազգային իրավական փաստաթղթերից: Շարունակում է ուժի մեջ մնալ 1994 Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշումը, ըստ որի` ԵԱՀԿ֊ն, բացի Հայաստանից եւ Ադրբեջանից, հակամարտության կողմ է ճանաչում նաեւ ԼՂՀ-ն. «Գործող նախագահողը վերահաստատում է ԵԱՀԿ֊ի նախորդ որոշումները կողմերի կարգավիճակի վերաբերյալ, այն է՝ հակամարտության կողմերի՝ երկու պետությունների եւ հակամարտության մեկ այլ կողմի (ԼՂ) մասնակցությունն ամբողջ բանակցային գործընթացում, ներառյալ Մինսկի Համաժողովը»,- նշված է այնտեղ: Լեռնային Ղարաբաղի դերը որպես զինադադարի համաձայնագրի կողմ ճանաչվել է նաեւ ԵԽԽՎ֊ի 1047 (1994) բանաձեւում:
Այնպես որ, ԼՂ-ն բանակցային սեղան վերադարձնելու իրավական բոլոր հնարավորությունները կան, մնում է քաղաքական կամքը:




Լրահոս