ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՓՈՐՁԻ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղյան խնդրի ներկայիս փուլի եւ Հայաստանում տեղի ունեցած շարժման` դրա վրա հնարավոր ազդեցության հարցի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանի հետ:

-Պարո՛ն Աթանեսյան, ղարաբաղյան խնդրի ներկայիս փուլն ինչպե՞ս եք գնահատում. կա՞ն արդյոք բանակցություններ, թե՞ այլ իրավիճակ է:
-Չասենք, որ հիմա բանակցությունները փակուղում են գտնվում: Պարզապես սպասողական վիճակ է: Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն: Եվ պետք է սպասել, մինչեւ որ իրավիճակը կայունանա:
-Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախը պետք է լինի բանակցային կողմերից մեկը:
-Նա առաջին մարդը չէ, որ ասում է այդ մասին: Իրականությունը չխեղաթյուրելու համար պետք է ասեմ, որ այն մասին, որ Արցախը նույնպես պետք է մասնակցի բանակցություններին, լինի բանակցող կողմերից մեկը, այդ մասին շատ է խոսվել, բազմիցս է ասվել: Դա արտառոց տեսակետ չէ: Եվ որքան ես եմ հասկանում` այդ առաջարկին Ադրբեջանը համաձայն չէ. Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը փաստացի մերժում է սա:
-Ի՞նչ եք կարծում` ի՞նչ քայլերով է հնարավոր հասնել ռեալ բանակցությունների:
-Նորընտիր վարչապետը հայտարարել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը չի փոխվելու: Եվ Հայաստանը, ստացվում է, հավատարիմ է մնում բանակցությունների միջոցով խնդրի կարգավորմանը հասնելու իր որդեգրած քաղաքականությանը եւ այն տրամաբանությանը, որ միշտ եղել է: Չեմ կարծում, որ ներկայիս իրավիճակը, երբ Հայաստանի քաղաքական դաշտում փոփոխություններ են եղել, այդ ամենը կարող է դրական ազդեցություն ունենալ Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում: Թերեւս, կարող ենք ասել, որ մարտահրավերներն են առարկայական դառնում:
-Ի՞նչ մարտահրավերների մասին է խոսքը:
-Դե, օրինակ, այն, որ բավարար ժամանակ է պետք լինելու, որպեսզի Հայաստանի նոր իշխանությունը մտնի բանակցությունների գործընթացի մեջ: Իշխանությունը պետք է հաղթահարի նաեւ իշխանափոխության նկատմամբ Մինսկի խմբի անդամ որոշ երկրների կողմից առկա անվստահությունը:
-Դուք ո՞ր երկրին կամ երկրներին նկատի ունեք:
-Նույն Ռուսաստանը: Եթե նայենք, թե ինչ է գրվում այդ երկրի մամուլում, պարզ է դառնում, որ Ռուսաստանի փորձագիտական շրջանակներն այնքան էլ լավատես չեն եւ այնքան էլ վստահություն չունեն Հայաստանում ձեւավորվող նոր իշխանության նկատմամբ: Կարծում եմ, որ Ռուսաստանն անվստահություն ունի նոր իշխանության հանդեպ:
-Բայց շարժման օրերին թե՛ Ռուսաստանի, թե՛ նաեւ ԱՄՆ-ի կողմից առանձապես միջամտություն չեղավ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Իսկ Նիկոլ Փաշինյանի` վարչապետ ընտրվելուց հետո Վլադիմիր Պուտինը շատ արագ շնորհավորեց նրան:
-Դե, պաշտոնական մասը նկատի չունեմ: Ես այս ամենի նկատմամբ այլ ընկալում ունեմ: Ես նկատի ունեմ ռուսական մամուլի հրապարակումները. Գրեթե բոլոր արձագանքները բացասական են. իրենք անվստահություն են հայտնում Հայաստանի նոր իշխանությանը, եւ դա իրողություն է: Իսկ մամուլի հրապարակումները, չեմ կարծում, թե չեն արտահայտում Ռուսաստանում առկա պաշտոնական մոտեցումը: Եվ Հայաստանի իշխանությունն այժմ պետք է փորձի հաղթահարել դա:
-Դուք լավատեսություն չունե՞ք, որ Հայաստանի նոր վարչապետն ու իր թիմը կկարողանան ղարաբաղյան խնդրում դրական տեղաշարժ ապահովել կամ շարժումն իր դրական ազդեցությունը կունենա:
-Եկեք, սպասենք իրադարձությունների զարգացմանը, կառավարության ծրագրի հրապարակմանը, այդ ժամանակ էլ պարզ կլինի, թե իրենք քաղաքական ինչ վեկտոր են ընտրում, եւ արտաքին ինչ ազդակներ կլինեն: Փաստացի, այսօր Հայաստանում իշխանություն չկա: Եվ դեռ պարզ չէ` խորհրդարանը կառավարության ծրագիրը հաստատելու է, թե ոչ, տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, թե ոչ: Կարծում եմ` մեկ, երկու ամսվա ընթացքում դա պարզ կլինի, եւ կարող ենք ավելի առարկայական գնահատական տալ այս հարցերին: Պետք է ասել, որ Ադրբեջանը մնում է նույն տեսակետին, ինչ նախկինում, եւ իրենց վերջին հայտարարության մեջ ես նոր նոտա չտեսա: Բացառություն էր այն, որ Ադրբեջանը փորձում է իբր հանդուրժողական երեւալ եւ սպասելու է, մինչեւ որ Հայաստանում վերջնականապես ձեւավորվի իշխանությունը:
-Այսինքն` կարծո՞ւմ եք` Ադրբեջանը շարունակում է նույն հռետորաբանությունն առաջ տանել:
-Այո, նույն հռետորաբանությունն է` որոշ դիվանագիտական սրբագրումներով: Այս պահին իրենց համար էլ անհասկանալի է, թե ինչ է կատարվում Հայաստանում: Իրենք պետք է հասկանան` Ռուսաստանը բացահայտ աջակցություն է ցուցաբերում Հայաստանին, թե դա ձեւական է: Նույն այս իրավիճակը, որ եղավ Հայաստանում, եթե Ադրբեջանում կատարվեր, նույն ձեւով Հայաստանն էր փորձելու սպասել եւ հասկանալ: Հիմա հին իշխանությունը Հայաստանում չկա, եկել է նոր որակի իշխանություն, եւ Ադրբեջանը փորձում է հասկանալ, կողմնորոշվել այս ամենի մեջ:
-Կարծում եք` պե՞տք է ղարաբաղյան խնդրում Հայաստանի քաղաքականությունը փոխվի, թե՞ ոչ:
-Կարծում եմ` նոր իշխանությունը պետք է հաջորդայնությունը պահպանի: Եթե հնարավոր է` որոշակի սրբագրումներ լինեն, բայց հիմնական քաղաքականությունը, կարծում եմ, պետք է պահպանվի:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

 

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԻՄՆԱԴՐԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԳՈՐԾԻ

Երեկ հայտնի դարձավ, որ «Լույս» հիմնադրամը դադարեցնում է իր գործունեությունը Հայաստանում: «Մայիսի 10-ին, «Լույսի» աշխատակազմին եւ ինձ ծանուցում է ներկայացվել մեր աշխատանքի դադարեցման մասին։ Ցանկանում եմ վստահեցնել «Լույսի»՝ ուսումը շարունակող կրթաթոշակառուներին եւ 2018-2019 ուստարվա համար արդեն դիմած երիտասարդներին (Կրթաթոշակի ծրագրի պայմաններին բավարարող), որ նրանց այս տարի եւս կշնորհվի կրթաթոշակ», – ասված է «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի հիմնադիր-գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանի տարածած հաղորդագրությունում: Եվ այս տեքստից պարզ է դառնում, որ աշխատանքների դադարեցման որոշման մասին հայտնի է դարձել միայն վերջին պահին եւ պատճառների մասին հայտնի են դառնում, երբ պարզում ես, թե ովքեր են հիմնադիրները կամ գործադիր խորհրդի անդամները:

Ուշագրավ է, որ այս հիմնադրամի հիմնադիրն է եղել նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ համահիմնադիրն էլ՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բացի այս երկուսից` գործադիր խորհրդի անդամներ են հանդիսանում նաեւ Արմեն Գեւորգյանը, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ու ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանը:
Ստացվում է՝ այս կառույցը փակվեց ընդամենը մեկ մարդու՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո: Ընդ որում, այս հիմնադրամը Հայաստանում գործունեություն էր իրականացնում արդեն 9 տարի, այսինքն՝ ստեղծվել է Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելուց հետո:
Հետաքրքիր է, որ «Լույս» հիմնադրամի միջոցով արտասահմանյան մի շարք հեղինակավոր բուհերում սովորող եւ սովորած 61 քաղաքացի ապրիլի 21-ին բաց նամակով դիմել էին Սերժ Սարգսյանին՝ հորդորելով հրաժարվել վարչապետի պաշտոնից։ Ս. Սարգսյանն էլ ի պատասխան` հայտարարել էր, թե ինքն այդ պաշտոնը ստանձնել է` հաշվի առնելով ԼՂ խնդիրն ու աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը, եւ միայն նշված խնդիրները լուծելուց հետո երկրի ղեկը կարող են ստանձնել այլ գործիչներ:
Շատ արագ «Լույս» հիմնադրամը պաշտոնապես արձագանքել էր կրթաթոշակառուների բաց նամակին` նշելով, որ այն ապաքաղաքականացված կառույց է, եւ մատնացույց անելով, որ բաց նամակի տակ ստորագրել է իրենց 515 կրթաթոշակառուների ու շրջանավարտների մի մասը միայն։
«Այս հաղորդագրությամբ «Լույսի» համայնքը, անկախ իր անդամների քաղաքական դիրքորոշումներից, իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի ներկա եւ ապագա զարգացումների վերաբերյալ։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում նպաստել Հայաստանի խաղաղ եւ կայուն զարգացմանը առարկայական նախաձեռնությունների միջոցով», – նաեւ ասված էր այդ հայտարարությունում:
Եվ ահա, քաղաքական փոփոխությունների հետեւանքով հայտարարության մեջ մատնանշած ապաքաղաքական կառույցը եւս զոհ գնաց:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԴՈՒՐՍ ԵՆ ԳԱԼԻՍ ՀՀԿ-ԻՑ
Վերջին օրերին ականատես եղանք, թե ինչպես ժամանակին ստիպողաբար ՀՀԿ-ին անդամագրված քաղաքացիները լքում են այդ կուսակցությունը` պատռելով կամ հետ վերադարձնելով իրենց անդամատոմսերը: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց ՀՀԿ կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադեւոսյանից ճշտել, թե այս ընթացքում քանի՞ հոգի է լքել կուսակցությունը: «Այս պահին տվյալները ամփոփվում են: Բայց թիվը շատ քիչ է: Այնքան չէ, որքան մամուլում գրում են կամ պատկերացնում: Խոսքը մոտ 200 քաղաքացու մասին է, որոնք դուրս են եկել ՀՀԿ-ից, այդ թվում եւ մի քանի գյուղապետեր: Միաժամանակ նաեւ անդամագրվում են. միտինգներից եկել են ու խնդրել, որ անդամագրենք իրենց»,- ասաց նա: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց գտնել գեթ մեկ մարդու, որ այս օրերին կցանկանար անդամագրվել ՀՀԿ-ին, բայց ապարդյուն:

 

ՏԵՂԱՓՈԽԵԼ ԷԻՆ
Երբ Սերժ Սարգսյանը ընտրվեց ՀՀ վարչապետ, սկսվեց Բաղրամյան 26-ից փաստաթղթերի տեղափոխման գործընթացը: ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը Բաղրամյան 26-ից համապատասխան փաստաթղթերը, օրենսդրությամբ սահմանված կարգով, պահպանման էր հանձնել Հայաստանի ազգային արխիվին: Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ մայիսի 5-ին ՀՀ ֆինանսների նախարարության շենք են տեղափոխվել մի շարք փաստաթղթեր հենց Բաղրամյան 26-ից: Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը ոչ վտանգավոր փաստաթղթերը տեղափոխել է տվել Հայաստանի ազգային արխիվ, իսկ ահա մի մասն էլ անվտանգության նկատառումներից ելնելով` տեղափոխել է տվել ՀՀ ֆինանսների նախարարություն: Դատելով իրավիճակից, երբ ՀՀ ֆինանսների նախարարը իշխանության ձեռքում չէ, ըստ էության տեղափոխված փաստաթղթերը կրկին այլ տեղ տեղափոխելու նոր գործընթաց կսկսվի:

 

ՆԱԽԱՏԵԼ Է
ՀՀԿ-ն երեկ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ԳՄ նիստ է անցկացրել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ս.Սարգսյանը հանձնարարականներ է տվել ՀՀԿ-ականներին` որպես ընդդիմություն խորհրդարանում անելիքների հետ կապված: Նա ասել է, թե ՀՀԿ-ն պետք է լինի կառուցողական ընդդիմություն եւ չպետք է անհարգի քայլերով նոր կառավարության համար անհարմար վիճակներ ստեղծի: Ըստ մեր աղբյուրների` Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու օրը ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի բացակայությանը: ՍերԺ Սարգսյանն ասել է, թե նրա բացակայությունն անհարգելի է համարում, քանի որ Նաղդալյանը կարող էր գալ ԱԺ, դեմ քվեարկել Փաշինյանին` ապահովելով եւս մեկ «դեմ» ձայն: Նշենք, որ Նաղդալյանը մեկնել էր ԱՄՆ` առողջական խնդիրների հետ կապված, սակայն այդ խնդիրները լուրջ չեն, եւ Սարգսյանն էլ ասել էր, թե Նաղդալյանը կարող էր մեկ օր սպասել:




Լրահոս