Գործադիր եւ օրենսդիր մարմիններում այս օրերին ակտիվ վերադասավորումներ են տեղի ունենում: Ընդ որում, եթե գործադիրում դրանք բնական են, քանի որ արդեն նոր վարչապետ ունենք, ապա օրենսդիրում փոփոխություններն այնքան էլ սպասելի չէին:
Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ օրը սկսեց ուժային կառույցների ղեկավարներին աշխատանքից ազատելու առաջարկություններով: Մասնավորապես խոսքը ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանի եւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մասին է, որոնց աշխատանքից ազատելու առաջարկությամբ վարչապետ Փաշինյանը դիմել էր նախագահ Արմեն Սարգսյանին: Ժամեր անց Սարգսյանը ստորագրեց պաշտոնանկության հրամանագրերը: Արդեն օրվա վերջում հայտնի դարձան նոր ուժայինների անունները. Փաշինյանը ոստիկանապետի պաշտոնում առաջադրել է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի, իսկ ԱԱԾ տնօրենի պաշտոնում` ԱԱԾ Երեւան քաղաքային բաժնի պետ Արթուր Վանեցյանի թեկնածությունները: Նախագահ Արմեն Սարգսյանն էլ ստորագրել է նրանց աշխատանքի նշանակելու համապատասխան հրամանագրերը:
Իհարկե, բնական էր, որ նոր վարչապետը պետք է փոփոխությունները սկսեր հենց ուժային կառույցներից, որոնք էլ հենց գտնվում են անձամբ վարչապետի, այլ ոչ թե կառավարության ենթակայության տակ: Հաջորդ այդպիսի հրամանագիրը պետք է վերաբերեր պաշտպանության նախարարին, սակայն մինչ այդ Վիգեն Սարգսյանն արդեն իսկ հայտարարեց իր հրաժարականի մասին: Եվ պաշտպանության նախարարի պաշտոնում ամենահավանական թեկնածուն շարունակում է մնալ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:
Արդեն օրվա ավարտին հայտնի դարձավ նոր նշանակման մասին. Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Էդուարդ Աղաջանյանը նշանակվեց վարչապետի աշխատակազմի ղեկավար: Որպես վարչապետի մամուլի խոսնակ էլ շրջանառվում է Տիգրան Ավինյանի անունը, ով հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ եւ այս օրերին հենց ինքն է համակարգում Նիկոլ Փաշինյանի շփումները լրագրողների հետ:
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո բոլորն ուշի ուշով սպասում են ապագա կառավարության ձեւավորմանը, թե այն, ինչ կազմ կունենա, ովքեր կլինեն ժամանակավոր կառավարությունում, արդյոք ՀՀԿ-ականները եւս մասնակից կլինեն:
Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե խորհրդարանական ուժերի հետ պետք է բանակցություններ սկսի կառավարության նոր կազմի շուրջ: Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, երեկ հանդիպում է տեղի ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ: Հանդիպումն այնքան էլ բազմամարդ չի եղել, մասնավորապես, մեր տեղեկություններով, ԲՀԿ քաղաքական թեւի ներկայացուցիչները ներկա չեն եղել: Չնայած համաժողովրդական շարժմանը միանալու եւ Փաշինյանին սատարելու հենց առաջին օրվանից ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը բազմիցս հայտարարել է, թե իրենք դա անում են առանց նախապայմանների, սակայն հստակ է, որ ԲՀԿ-ն իրականում մեծ հավակնություններ ունի:
Խոսքը 4-6 նախարարական պորտֆելի, փոխվարչապետի պաշտոնի, ինչպես նաեւ մարզպետների եւ թաղապետերի մասին է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հանդիպումից հետո հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռեւս միայն 4 նախարարական պորտֆելի մասին: Դրանք են՝ արտակարգ իրավիճակների, էներգետիկ եւ բնական ենթակառուցվածքների, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ բնապահպանության նախարարությունների մասին է: Սակայն մեր տեղեկություններով` սա նախնական պայմանավորվածություն է, եւ ԲՀԿ-ին տրվող պորտֆելները կարող են ավելանալ: Ի վերջո, սպորտի նախարարները մշտապես եղել են Գագիկ Ծառուկյանի թիմակիցները. այս պաշտոնը ավանդաբար ԲՀԿ-ինն է եղել, եւ, ամենայն հավանականությամբ, այս անգամ եւս այդ պորտֆելը կտրվի նրանց: Մեր տեղեկություններով, Փաշինյանն ու Ծառուկյանը նաեւ քննարկել են Երեւանի վարչական շրջանների ղեկավարների պաշտոնները բաժանելու հարցը, իսկ սա նշանակում է, որ Տարոն Մարգարյանի պաշտոնանկությունը սարերի հետեւում չէ: Շուտով պաշտոնանկ կարվեն նաեւ Մարգարյանի թաղապետերը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին հանդիպումներ են նախատեսված նաեւ ՀՅԴ ղեկավարների հետ: Եվ ՀՅԴ-ականները չեն էլ թաքցնում, որ պաշտոններ ուզում են, եւ Փաշինյանին սատարելն էլ առանց նախապայմաններ չէր: Վերջնական նշանակումները պարզ կդառնան միայն մյուս ուժերի հետ հանդիպումներից հետո: Ոմանք կարծում են, որ պետք չէ հրաժարվել հմուտ ու իրենց գործն իմացող պաշտոնյաներից, թեկուզ, եթե նրանք ՀՀԿ-ական են, եւ պետությունը չտանել ցնցումների, ոմանք էլ՝ հակառակը: Սակայն փոփոխությունների դեպքում ամենակարեւորը համարժեք փոխարինող ունենալն է:
Իհարկե, օրը չանցավ նաեւ առանց հրաժարականների: Երեկ հրաժարականի դիմում ներկայացրեց կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը: Պատգամավորական մանդատը վայր դրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանը, ով համարվում էր «Գրանդ Հոլդինգ»-ի ներկայացուցիչը խորհրդարանում: Այս ընկերության ներկայացուցիչն էր նաեւ Գրիգոր Ավալյանը, ով դեռ մայիսի 1-ին էր մանդատը վայր դնելու դիմում ներկայացրել: Գրիգոր Ավալյանին խորհրդարանում, ըստ ամենայնի, կփոխարինի Հակոբ Հակոբյանը՝ Տավուշի մարզում առաջադրված վարկանիշային պատգամավոր, իսկ Արմեն Բաբայանին էլ կրթության եւ գիտության նախկին նախարար Սպարտակ Սեյրանյանը: Սրանք էլ օրենսդիրում միակ փոփոխությունները չեն: Առաջիկայում օրենսդիր անդամներից գործադիրում պաշտոնների նշանակվելու հետեւանքով այդտեղ եւս թափուր տեղեր կմնան, եւ նոր մարդիկ մանդատներ կստանան:
Այսօր արդեն Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի կարգավիճակով կառավարության առաջին նիստն է լինելու, որն ավելի շատ անցնելու է փոխնախարարների կարգավիճակով, քանի որ նախարարական պորտֆելների մեծ մասը թափուր է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այսօր մի քանի նշանակումներ են սպասվում կարեւոր ոլորտներում, այդ թվում՝ ուժային կառույցներում: Մեր տեղեկություններով` այսօրվա նշանակումները հետաքրքիր են լինելու, որոնց որոշումն էլ երեկ է կայացվել:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՓԱՇԻՆՅԱՆԻՑ ՎՐԵԺ
ԱԺ ղեկավարությունը, կարծես թե, ցանկանում է «վրեժ» լուծել արդեն ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանից եւ հաշվել ապրիլ ամսվա բացակայությունները: Ինչպես հայտնի է՝ Փաշինյանը` որպես ընդդիմադիր գործիչ, մարտի 31-ից քայլարշավ էր սկսել եւ ամբողջ ապրիլ ամսվա ընթացքում բացակայել է ԱԺ ե՛ւ լիագումար, ե՛ւ հանձնաժողովի նիստերից: Ինչպես հայտնի է` այդ բացակայությունների պարագայում պատգամավորների աշխատավարձերից պահումներ են արվում: Եվ ստացվում է՝ այս դեպքում պահումներ կարվեն նաեւ նրա աշխատավարձից: Վառ ապացույցն էլ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի կողմից ներկայացրած տեղեկանքն է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հակոբյանն ԱԺ ղեկավարությանը տեղեկանք է ներկայացրել ապրիլ ամսին տեղի ունեցած հանձնաժողովի նիստից Փաշինյանի բացակայությունների մասին: Իհարկե, սա ՀՀԿ-ական պատգամավորի վերջին վատությունն է, եւ այն դեպքում, երբ իր ՀԷԿ-ը փակած գյուղացիների ճնշման արդյունքում խոստացավ մայիսի 8-ին կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին, սակայն դա էլ չարեց: Համաձայնեք` փոքրոգությունը ոմանց մոտ արդեն ախտորոշում է:
ՋՆՋՎԵՑԻՆ
Երեկ Նիկոլ Փաշինյանը հասցրեց երեք նշանակում կատարել: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի, ԱԱԾ տնօրենի եւ ՀՀ ոստիկանապետի պաշտոնները զբաղեցնող անձինք հայտնի են: Հետաքրքիր է, որ աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը եւ ԱԱԾ նոր տնօրեն Արթուր Վանեցյանը, մինչ նշանակվելը, սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերեր էին. գրառումներ էին կատարում, լուսանկարներ հրապարակում: Սակայն պաշտոն նշանակելու մասին հրամանագիրը հրապարակվելուց րոպեներ անց նրանք փակեցին սոցիալական ցանցի էջերը: Հետաքրքիր է՝ իրե՞նց ցանկությամբ է դա եղել, թե՞ նոր վարչապետի որոշումն է, ով չնայած սոցիալական ցանցերի ակտիվ օգտատեր է: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Աղաջանյանը 2014-2017թթ. զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ հանրային սննդի կազմակերպման ոլորտում, նաեւ աշխատել է որպես դիջեյ: Աղաջանյանը «ԶԻԳԶԱԳ» ՍՊԸ ղեկավար Արթուր Աղաջանյանի որդին է:
Իսկ ԱԱԾ նոր պետը ՔՊ-ական Ալեն Սիմոնյանի ընկերն է. միասին են ծառայել բանակում: Վանեցյանի մայրը` Մարգարիտա Ազարյանն էլ նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետն էր, Սերժ Սարգսյանի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի մտերիմը: Ազարյանին են պատկանում մի շարք մանկապարտեզներ, որոնց բացմանը կամ միջոցառումներին ներկա է եղել Ռ.Սարգսյանը: Ի դեպ, ըստ մեզ հասած տեղեկությունների` բողոքի ցույցերի օրերին Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը հրահանգել է մոտ 20 օր աշխատանքի չգալ, քանի որ նրա մտերիմներից մեկը բողոքի ակցիայի ակտիվ մասնակիցներից է եղել, մինչեւ հասկանան, թե իրադարձությունները ինչպես կզարգանան: Եվ ահա Արթուր Վանեցյանը նշանակվեց ԱԱԾ տնօրեն:
ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՂԱՎԱՂՈՒՄ Է
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները տարբեր տեխնոլոգիաների օգնությամբ աղավաղում են միջազգային իրավունքի սկզբունքները, որ մոլորության մեջ դնեն միջազգային հանրությանը: «Առաջինը` ադրբեջանական կողմի փորձերն են տարածքային ամբողջականության սկզբունքը ներկայացնել որպես գերակա: Իրականության մեջ սկզբունքների մեջ հիերարխիա չկա, բոլորը հավասար են: Բացի այդ` տարածքային ամբողջականության սկզբունքը վերաբերում է ուժային մեթոդներով արտաքին փոխազդեցությանը, որը Լեռնային Ղարաբաղում, որի բնակչությունը անկախություն է հռչակել, չի կարելի կիրառել»,-նշել է Դավիթ Բաբայանը:
ԿՓՈԽԱՐԻՆԵՆ
Երեկ ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Բաբայանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել: Նշենք, որ Բաբայանին կփոխարինի կուսակցության համամասնական ցուցակի հերթական համարի տակ գրանցված թեկնածուն: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը հայտնել է, որ ՀՅԴ համամասնական հերթական համարի թեկնածուն Սպարտակ Սեյրանյանն է: Հիշեցնենք, որ ավելի վաղ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, որին կփոխարինի Ռուզաննա Առաքելյանը:
ՏԱՐՈՆԻ ԹԱՓԹՓՈՒԿՆԵՐԸ
Երեկ՝ ուշ երեկոյան, «Ժողովուրդ» օրաթերթն ընթերցողներից ահազանգ է ստացել, որ Բաղրամյան-Օրբելի փողոցների խաչմերուկում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմնակիցները բռնության են ենթարկում եւ ծեծում ցուցարարներին: Մեր խմբագրություն ահազանգած անձինք հայտնեցին, որ այդ մարդիկ իջել են 17 PO 707 համարանիշով «Շեւրոլետ» մակնիշի ավտոմեքենայից: Դեպքի վայր են հասել նաեւ ոստիկանները: Բայց պարոն Տարոն Մարգարյանի կողմնակիցներին չեն ձերբակալել: