Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հայցի քննությունն ընդդեմ «Գյումրեցու ոգի» կուսակցության: Հիշեցնենք` Մարգարյանն այդ կուսակցության դեմ դատական հայց էր ներկայացրել` Գյումրիի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի վերջին օրն իր մասին զրպարտչական, վիրավորական բնույթի տեսանյութ տարածելու համար. «Արդեն կլրանա երկրորդ տարին, ինչ Գյումրիում տեղի ունեցան քաղաքապետի ընտրություններ: Տեղի ունեցավ անհավասար պայմանների ստեղծմամբ, որը վայել էր այն ժամանակվա իշխանություններին: Իշխանության բիրտ ուժի կիրառմամբ, վարչական լծակների կիրառմամբ, ընտրակաշառքների բաժանմամբ եղավ այն, ինչ եղավ: Չբավարարվելով՝ իշխանություններն անցան այլ քայլերի, թեկնածուներին սկսեցին տարբեր մոթոդներով սեւացնել: Ես ինքս էլ զերծ չմնացի: Այս ամեն ինչը նման էր, երբ ֆաշիստները առանց զգուշացնելու հարձակվում են մարդու վրա՝ ուխտադրուժ կերպով: Տեսանյութը պատվիրվել էր «Գյումրեցու ոգի» կուսակցության կողմից: Նորաստեղծ այս կուսակցությունը փորձեց ցույց տալ ժողովրդին, թե ում է պատրաստվում տալ իր ձայնը»,- «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց Հովհաննես Մարգարյանը:
Հիշեցնենք, որ տեսանյութում Աժ նախկին պատգամավորը ճաղերի հետեւում է, վերջինս ձերբակալվել էր գողության կասկածանքով: Սակայն Հովհաննես Մարգարյանը մի շարք փաստեր առաջ բերելով` կարողացավ ապացուցել, որ ձերբակալված չի եղել. «Ես արդարադատությանը ներկայացրի փաստեր: Երկու տարի անց նոր Վովա Գասպարյանը ներկայացնում է փաստաթուղթ, որ Հովհաննես Մարգարյանը դատապարտված չի եղել, եւ ավելին` Հովհաննես Հայկի Մարգարյանի վերաբերյալ ոստիկանությունում որեւէ վարկաբեկող նյութ չկա: Հույս ունեմ` իրավապահ մարմինները հիմա ականջալուր կլինեն ու կփորձեն պարզել, թե ով է 1995 թվականին հանդգնել այդ տեսանյութը տարածել, որն իր մեջ օպերատիվ տվյալներ է պարունակում»:
Դատական վճիռը հանձնվել էր հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժին: Եւ ահա, ինչպես հայտնի դարձավ «Ժողովուրդ» օրաթերթին, միայն ԴԱՀԿ միջամտությամբ «Գյումրեցու ոգի» կուսակցությունը տեղական հեռուստաընկերությունների միջոցով հրապարակայնորեն ներողություն խնդրեց Հովհաննես Մարգարյանից՝ 2016 թվականի սեպտեմբերի 30-ին «Ճանաչեք» վերտառությամբ եթեր հեռարձակված տեսանյութում հրապարակված վիրավորական եւ զրպարտչական բնույթի արտահայտությունների համար:
Հատկանշական է, սակայն, մեկ այլ հանգամանք: Այս գործով դատական վճիռը կայացվել է Սերժ Սարգսյանի հրաժարականից անմիջապես հետո. «Ինձ համար պատմական է ապրիլի 23-ը: Դատը երկու տարի անց հանգուցալուծվում է 2018 թվականի ապրիլի 23-ին: Եթե Սերժ Սարգսյանը ոչ թե այդ օրը հրաժարական տար, այլ 2037 թվականին, ուրեմն իմ դատը այդքան ձգձգվելու էր: Այդքան փաստ էի տվել, ինչու հենց այդ օրը որոշում կայացվեց: Փառք ու պատիվ իմ ժողովրդին, որոնք պայքարեցին` նոր Հայաստան ունենալու համար»,- ասաց Մարգարյանը:
Ի դեպ, մեզ հետ զրույցում Մարգարյանը տեղեկացրեց, որ առաջիկայում Գյումրիի ավագանիում հանդես են գալու Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ: «Մենք ընդդիմությունում ունենք 16 ավագանու անդամ, նրանց 11 հոգու ստորագրությամբ կներկայացվի ավագանու թեկնածու եւ փակ գաղտնի քվեարկություն տեղի կունենա, թեկնածուն ընտրվելու է: Հստակ, շատ կարճ ժամկետում պետք է կազմակերպենք, դա նշանակում է անվստահություն գործող քաղաքապետին: Ովքեր եղել են ընդդիմությունը ներկայացնող ցուցակի գլխավորողները՝ Վահան Խաչատրյան, Վարդեւան Գրիգորան, Հովհաննես Մարգարյան, կկազմակերպենք հանդիպում, գործընթացը կկազմակերպենք բաց, թափանցիկ, որ ժողովուրդն իրազեկ լինի եւ կփորձենք ներկայացնել թեկնածու»,-ասաց Հովհ. Մարգարյանը եւ նշեց, որ օրենսդրությամբ են շարժվելու, ՏԻՄ օրենքում ամրագրված է համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելը: Հիշեցնենք, որ Մարգարյանը ՏԻՄ ընտրություններում գլխավորում էր նախկին «Հայկական վերածնունդ», այժմ ՕԵԿ համամասնական ցուցակը, թեեւ հետո հրաժարվեց ավագանի դառնալուց: 2016թ. Գյումրիում ՏԻՄ ընտրություններում «Բալասանյան» դաշինքը ստացել էր 17, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 8, «Հայկական վերածնունդը»՝ 4, ԳԱԼԱ կուսակցությունը` 4 մանդատ: ԳԱԼԱ, «Հայկական վերածնունդ», «Բարգավաճ Հայաստան», որոնք դատարան դիմեցին թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի մանդատների բաշխման եւ հաստատման որոշումը բեկանելու պահանջով: Կուսակցությունները բոյկոտեցին ավագանու նիստերը, չմասնակցեցին քվեարկություններին այնքան ժամանակ, մինչեւ ՀՀ սահմանադրական դատարանը հրապարակեց վճիռը, մերժեց կուսակցությունների հայցապահանջը: Դրանից հետո ոչ իշխանական խմբակցությունները դադարեցրին բոյկոտն ու մասնակցեցին ավագանու նիստերին: Հիմա, փաստորեն, ավագանիում Բալասանյանին բավական տխուր օրեր են սպասվում:
ՇՈՒՇԱՆԻԿ ՕՀԱՆՅԱՆ
Գյումրի
ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ «ՀԱՄԵՍՏՈՐԵՆ» ԼՌՈՒՄ ԵՆ
Թավշյա հեղափոխությունից եւ ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո պետական համակարգում կադրային ակտիվ փոփոխություններ են սկսվել: Իրենց հրաժարականի մասին հայտարարեցին ՀՅԴ-ական նախարարներն այն բանից հետո, երբ կուսակցությունը դուրս եկավ կոալիցիայից: Հիմա էլ ՀՀԿ-ական մի քանի նախարար է հայտարարել պաշտոնը թողնելու մասին` ասելով, որ ինքը քաղաքական թիմի անդամ է, հետեւաբար չի աշխատելու նոր վարչապետի կառավարությունում: Մայիսի 9-ին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել էր, որ Հանրապետական կուսակցությունը մաս չի կազմելու եւ չի մասնակցելու Նիկոլ Փաշինյանի կառավարության ձեւավորմանը: «Եթե կլինեն մարդիկ, կուսակցական անդամներ, որոնք կցանկանան լինել Փաշինյանի կառավարությունում, բնականաբար, համապատասխան դիրքորոշումը կուսակցությունը կներկայացնի»,-ընդգծել էր Շարմազանովը:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկանալ, թե արդյո՞ք նախարարներից որեւէ մեկը ստացել է Փաշինյանից առաջարկ` շարունակելու պաշտոնավարել որպես նախարար, կամ նման առաջարկի դեպքում ինչպես կարձագանքեն:
«Նախարարը չի ցանկանում մեկնաբանել այդ հարցը»,-նշեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը: Հիշեցնենք, որ գյուղնախարար Իգնատի Առաքելյանը պաշտոնը ստանձնելուց հետո դարձավ ՀՀԿ-ական ու չի բացառվում հիմա պաշտոնը պահպանելու համար դուրս գա ՀՀԿ-ից: Չնայած եթե հաշվի առնենք այս նախարարությունում ՎՊ բացահայտումները, նոր վարչապետը պետք է առաջինը հենց Առաքելյանին պաշտոնանկ անի:
«Չենք ցանկանում մեկնաբանություն տալ»,-ասացին սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նշենք, որ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀԿ-ական է, այն էլ` կուսակցության ղեկավար կազմի` ԳՄ անդամ:
Իսկ ՀՀԿ-ական նախարարներն ու նրանց մամուլի խոսնակներն այդպես էլ հեռախոսազանգերին չպատասխանեցին: Հատկապես հետաքրքիր էր կոռուպցիոն սկանդալների կիզակետում մշտապես գտնվող Արտեմ Ասատրյանի կարծիքն իմանալ` հանուն պաշտոնի դուրս կգա կուսակցությունից, թե հրաժարական կտա` հանուն ՀՀԿ-ի:
Ի դեպ, «Ազատություն» ռ/կ հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է, որ «Մենք որեւէ մեկին որեւէ ձեւով խոչընդոտ չենք հանդիսացել: Եթե կլինեն նման ցանկություններ, դա արդեն այլ խնդիր է: Եթե ինքը (Փաշինյանը) կզգա, որ կան մարդիկ, որոնք պետք են մեր երկրի հետագա զարգացմանը, մենք դրա շուրջ քննարկում կկազմակերպենք: Մենք փիլիսոփայորեն կմոտենանք այդ խնդրին: Եթե կլինեն կուսակցականներ, իրենք ժամանակավորապես կկասեցնեն կուսակցական պատկանելությունը: Որեւէ հեռացում, որեւէ խոչընդոտ որեւէ մեկին չենք հանդիսանալու»:
ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՉԻ ՀԱՆԴԻՊԵԼ
Երեկ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչները դարձյալ բողոքի ակցիա են անցկացրել: Սակայն այս անգամ նրանց հետ հանդիպել է ոչ թե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը, այլ նրա որդին` Պարույր Հակոբյանը: Սակայն կրտսեր Հակոբյանը գյուղացիների հետ քաղաքական հարցեր չի քննարկել, այլ խոսել է միայն ՀԷԿ-ին վերաբերող խնդիրներից:
Վարդենիկցիները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմեցին, որ հանդիպման վերջում իրենք եւ Պարույր Հակոբյանը համաձայնության են եկել: Այսպես` կրտսեր Հակոբյանը խոստացել է գյուղին ՀԷԿ-ի ստացած շահույթից որոշակի մասը որպես հատուցում տալ: Նաեւ խոստացել է հետեւել բնապահպանական թողքի եւ ձկնանցարանի համար նախատեսված պահանջներին:
Հիշեցնենք, որ վարդենիկցիները մայիսի 2-ին փակել էին պատգամավորին պատկանող ՀԷԿ-ի ջրամատակարարումը: Նրանք դեպի ՀԷԿ գնացող ջրի հոսքն ուղղել էին իր բնականոն` գետի հուն: Ավելին` նրանք հերթապահել եւ միաժամանակ հսկել են, որպեսզի որեւէ մեկը չմոտենա եւ չբացի ՀԷԿ գնացող ջրի ուղղությունը: Վարդենիկցիները Հակոբ Հակոբյանին մի քանի պահանջ էին ներկայացրել, որից մեկն էլ` կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին: Պատգամավորը խոստացել էր քվեարկել, բայց խոստումը չի կատարել, ինչն էլ խիստ զայրացրել է գյուղացիներին: Բացի այս, նրանք պահանջել են` ՀԷԿ-ի ստացած շահույթից համայնքի համար ներդրումներ անի, որը նույնպես չի արվել:
Տեղեկացնենք, որ «Ջրասահք» ընկերությունը շուրջ 5 տարի է, ինչ շահագործում է «Վարդենիկ ՓՀԷԿ»-ը: Այն գտնվում է Վարդենիկ գետի վրա: Ի դեպ, սա Հակոբյանների ընտանիքի միակ ՀԷԿ-ը չէ: Հակոբյանների ընտանիքին է պատկանում նաեւ Վայոց ձորի մարզում` Արփա-Սեւան թունելի մոտ գտնվող ՀԷԿ-ը: Ստացվում է` եթե գյուղացիները ոտքի չկանգնեին եւ չփակեին ՀԷԿ-ի ջրամատակարարումը, ապա պատգամավորը շարունակելու էր խախտումներով ՀԷԿ աշխատեցնել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ